Monday, August 2, 2010

Կալկաթայի ճեմարանի ուսանողներն արձագանքել են

«ՀԵՏՔ» 1-8-2010- Հուլիսի 29-ին Մայր Աթոռը պատասխան նամակ ուղարկեց «Հետք» թերթին, որտեղ անդրադարձավ նաև ճեմարանում տեղի ունեցած հունիսի 1-ի դեպքերին` նշելով, որ «26 շրջանավարտներն են, որ իրենց ազատությամբ որոշակի առումով խաթարում են ճեմարանի բնականոն ընթացքը»: Մենք` ճեմարանականներս, չափազանց հուսալքված և վիրավորված ենք: Մի՞թե կարելի է մեղադրել մեզ մի բանում, որի հետ որևէ կապ չունենք: Այդ ինչպե՞ս եղավ, որ 26 շրջանավարտ դարձան անկարգապահ, կամ ո՞ր կարգն ենք խախտել: Մենք հուսախաբված ենք, որ երկար տարիներ մնալով այստեղ` հայրենիքից, ընտանիքից հեռու, հուսացել ենք, որ կստանանք համապատասխան կրթություն, որն ի նպաստ կդնենք մեր երկրի և ազգի բարօրությանը: Հունիսի 1-ին խախտվել են մեր իրավունքները. Հայր Խորենի հրամանով ոստիկանություն է հրավիրվել ճեմարան, այն դեպքում, երբ որևէ պատճառ չկար, ոչ ոք չի վիրավորել նրան, ոչ ոք չի հիշեցրել իր ազդեցիկ բարեկամների մասին: Սա հերթական հատուկ նպատակով տարածված տեղեկությունն է նույն Հայր Խորենի կողմից, ով արդարացնելու համար իր անօրինական քայլերը և շփոթեցնելու համար Մայր Աթոռին շրջանառության մեջ է դրել այդ գաղափարը: Մենք մամուլում ծնողների անվան տակ հրապարակված բողոքներին չանդրադարձանք, թեև դա բացարձակ սուտ էր` հույս ունենալով այդ կերպ հարթել իրավիճակը, սակայն որևէ բան չփոխվեց: Ճեմարանում սկսվել է յուրատեսակ որս «ընդդիմադիր» կոչվողների դեմ: Հայր Խորենը փորձում է գտնել այն աշակերտներին, որոնք ճեմարանի ներսում կատարվածը հասցնում են մամուլին: Այսինքն` համարձակվում են նկատել այն, ինչ կատարվում է այստեղ: Մենք հասկացել ենք մի բան. քանի որ աշակերտ ենք, ուրեմն սխալ ենք: Ոչ ոք չլսեց մեր ձայնը, մեր Վեհափառը մեզ թողեց բախտի քմահաճույքին, մեր ծնողները լռեցին կամ ստիպված եղան լռել, իսկ նրանք ովքեր փորձեցին ինչ-որ բան անել, մեզ պես հուսալքվեցին: Արդյունքում մենք ունենք սա: Եվս մեկ ուսանող, որ սովորում է 12-րդ դասարանում հեռացվում է ճեմարանից Հայր Խորենի «թեթև» ձեռքով: Այսպես է լուծվում 26 ուսանողի խնդիրը:

No comments: