Monday, August 2, 2010

«Ազադլըգ». «Ադրբեջանի նախագահը խեղդում է իր երկրի ազատ տնտեսական մրցակցությունը»

Panorama.am. 2-8-2010- Ադրբեջանի տնտեսությանը բնորոշ են մենաշնորհները, գրում էադրբեջանական «Ազադլըգ» թերթը «Երկրի տնտեսության գրեթե բոլոր բնագավառները պաշտոնյա-օլիգարխների ձեռքում են: Այս կապակցությամբ ժամանակ առ ժամանակ իր ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն քննադատում է մոնոպոլիստներին` փորձելով այնպիսի հասարակական կարծիք է ձևավորել, թե պետության ղեկավարը պայքարում է մենաշնորհների դեմ: Սակայն, իրադարձություններին ուշադրությամբ հետեւելու դեպքում պարզ երեւում է, որ մենաշնորհների հովանավորը Իլհամ Ալիևն է»: Ի ապացույց իր այս հայտարարությանը` «Ազադլըգ»-ը գրում է.«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ի.Ալիևը մասնակցել է երկու ձեռնարկությունների բացմանը: Դրանցից մեկը` պաղպաղակի, մյուսը` աղի արտադրության ձեռնարկություն է: Այն պահից սկսած, երբ Իլհամ Ալիևը մասնակցեց պաղպաղակ արտադրող «Պալֆուդ» ձեռնարկության բացման արարողությանը, պաղպաղակ արտադրող մյուս ձեռնարկությունների դեմ «խաչակրաց արշավանքներ» են սկսվել: Փակվեցին տարիներ շարունակ պաղպաղակ արտադրող մի շարք ընկերություններ, նրանց ղեկավարների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին: Որպես պատճառաբանություն` Ադրբեջանի պաշտոնյաները նշում են, թե այդ ընկերությունների պաղպաղակների մեջ, իբրև թե, աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Հետաքրքիր է, թե ինչու՞ այդ ցուպիկը չէր հայտնաբերվում մինչեւ «Պալֆուդ»-ի բացումը»,-հարցնում է «Ազադլըգ»-ը: Թերթը նշում է, որ աղ արտադրող ձեռնարկության բացման արարողությանը Ի.Ալիևի մասնակցությունից հետո աղ արտադրող մյուս ձեռնարկությունները նույնպես պաղպաղակ արտադրողների ճակատագրին արժանացան: Աղ արտադրող մի ձեռնարկության գործունեությունն արդեն դադարեցվել է, մյուսն էլ տուգանվել է խոշոր գումարով: «Ազադլըգ»-ը հղում անելով փորձագետների կարծիքին գրում է, որ Ի.Ալիևի հովանավորությունը վայելող այս նորաբաց ձեռնարկությունների տերերը ցանկանում են վարչական ուղիներով մենաշնորհ ձեռք բերել շուկայում: Փորձագետների հավաստմամբ` փաստերը ցույց են տալիս, որ Ի.Ալիևն ազատ տնտեսական մրցակցությունը խեղդելու պայմաններ է ստեղծել Ադրբեջանում:

No comments: