Tuesday, August 3, 2010

Կոսովոն և Ղարաբաղը քաղաքականապես տարբեր դեպքեր են. Իսկանդարյան

Tert.am. 3-8-2010- Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը զարմանք հայտնեց այն առնչությամբ, որ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի կայացրած որոշումը ոգևորությամբ է ընդունվել Հայաստանում։ Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Կոսովոյի դատական հայցի էությունը հետևյալն է. սերբերը դիմել են Հաագայի դատարան այն հարցով, թե արդյո՞ք Կոսովոյի միակողմանի անկախացումը համապատասխանում է միջազգային օրենքներին, որին դատարանը դրական պատասխանել է տվել։ Այսինքն, Հաագայի դատարանը, Իսկանդարյանի խոսքով, ոչ թե ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այլ ընդամենը նշել է, որ այս անկախացումը միջազգային օրենքները չի խախտում։ Հետևաբար, «հայկական ոգևորությունը» քաղաքագետն անիմաստ է համարում։ «Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի խնդիրները տարբեր են»,– ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ Կոսովոն վայելում էր տասնյակ երկրների, այդ թվում՝ գերտերությունների աջակցությունը, ինչը չկա Ղարաբաղի դեպքում։ Չնայած իրավական առումով Կոսովոյի և Ղարաբաղի դեպքերը իրար հետ «եղբայրական» նմանություն ունեն, սակայն, քաղաքագետի խոսքով, քաղաքական առումով դրանք տարբեր են։ Անդրադառնալով Հաագայի դատարանի որոշման ադրբեջանական արձագանքին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Ադրբեջանն ընդհանրապես վախեցած է։ Նա գտնվում է պերմանենտ անբավարարվածության մեջ»։

No comments: