Tuesday, August 3, 2010

Ռուս փորձագետ. Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չի տեղադրվի

News.am. 2-8-2010- Թուրքիան թույլ չի տա իր տարածքում տեղադրել հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։ Նրա խոսքով` դա չի բխում Թուրքիայի շահերից։ «Թուրքիան մեկ անգամ չէ, որ ամերիկացիներին ապտակ է հասցրել։ Բավական է հիշել միայն, որ Թուրքիան չի թողնում ՆԱՏՕ-ի նավատորմին մտնել Սեւ ծով»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ սա ԱՄՆ-ին ապտակելու հերթական առիթն է: Ցիգանոկի կարծիքով, քանի որ Ռուսաստանին դուր չի գալիս ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման գաղափարը, իսկ թուրքերն էլ իրենց հերթին չեն ուզում վատացնել հարաբերությունները ռուսների հետ, ուստի Անկարան չի գնա այդ քայլին: «Հակահրթիռային Patriot համակարգերի տեղակայումն այլ հարց է: Այն ցանկացած պահի կարելի է հեռացնել, սակայն հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման հարցն այլ է»,-ասաց փորձագետը։ Նրա կարծիքով, Թուրքիան կողմնակի այլ շահեր էլ ունի, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ի շահերին եւ շատ դեպքերում նույնիսկ հակասում են։ «Թուրքիան Կովկասում հետապնդում է իր նպատակները, Իրաքում փորձում է հարթել հարաբերությունները հարեւանի հետ եւ հնարավորություն ունենալ լրջորեն ազդելու նրա վրա, որ թույլ չտա, որպեսզի քրդերը միասնություն ձեռք բերեն: Սիրիայում Թուրքիան մահմեդական հողի վրա կարող է լուրջ հաջողությունների հասնել»։ Հարցին, թե ԱՄՆ կարո՞ղ է ճնշել Թուրքիային օգտագործելով ցեղասպանության հարցը, Ցիգանոկն ասաց, որ դժվար թե: «Պետք է գիտակցել, որ Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն է, եւ ԱՄՆ դրա հետ հաշվի է նստում։ Նրանք այդքան հեռու չեն գնա»-ասաց Անատոլի Ցիգանոկը։

No comments: