Monday, August 2, 2010

Կոսովոյի ֆենոմենը. ի՞նչ դասեր քաղել

News.am. 2-8-2010- Ինչու՞ ճանաչվեց Կոսովոն: Ինչու՞ ճանաչման գործընթացը այսքան սահուն եղավ: Հռչակումից անմիջապես հետո այն ճանաչվեց առաջատար մի շարք պետությունների կողմից, Սերբիայից նրա անջատումը Արդարադատության միջազգային դատարանի կողմից դիտվեց միջազգային իրավունքին չհակասող: Իմ կարծիքով` մի շարք ծանրակշիռ պատճառներ կան: Նախ Կոսովոյի բնակչության թիվը մոտենում է 3 միլիոնի: Ալբանական «դեմոգրաֆիական ագրեսիան» Բալկաններում, որ դեռ հակամարտություններ է առաջացնելու այս տարածաշրջանում, հատկապես Մակեդոնիայում, ինչպես նաեւ ԵՄ անդամ Հունաստանում, սկսվել էր դեռ 19-րդ դարի վերջին: Այս ժամանակ էլ ալբանացիներն իրենց թվով արդեն գերազանցում էին քրիստոնյաներին՝ սերբերի համար գրեթե սրբազան նշանակություն ունեցող Կոսովոյում: Տիտոյի տիրապետության տարիներին էթնիկ ալբանացիներն ավելի ամրացան Կոսովոյում, իսկ հակամարտությունից ու էթնիկ զտումներից հետո նրանք այսօր կազմում են բնակչության 95 տոկոսը: Եվ այսպես մոտ 3 միլիոն մարդ, ովքեր էթնիկ, կրոնական առումներով տարբերվում են մեծամասնություն կազմող ժողովրդից, բնակվում են կոմպակտ մեկ տարածքի վրա, ցանկանում են անկախանալ: Ի՞նչ անել: Կոսովայի դեպքում բոլոր տարբերակներն էլ փորձվել են: Թե՛ էթնիկ զտումներն ու կոտորածները (երկու կողմից էլ), թե՛ խաղաղարար բանակցությունները եւ, ի վերջո, անկախության հռչակումն ու առանց մետրոպոլիայի համաձայնության` դրա ճանաչումը: Կարծում եմ, որ Կոսովոյի ճանաչման համար ծանրակշիռ նշանակություն է ունեցել նրա բնակչության թիվը: Այսօր աշխարհում հենց բնակչությունը`մարդիկ են դիտվում ամենածանրակշիռ փաստարկը: Պատմական, իրավական փաստարկներն այլեւս ոչ ոքի չեն հուզում: Եթե պետք լինի, դրանք կստեղծվեն: Հատկապես՝ իրավականը: 2-րդ պատճառի մասին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մի անգամ արտահայտվել է, թե Կոսովոյի ժողովուրդը եւ քաղաքական իշխանությունը պայքարել է իր անկախության համար: Ալբանական լոբբին բավականին հզոր է ԱՄՆ-ում, ավելի հզոր, քան հայկականն ու հունականը: Եվ նրա հզորությունն այն է, որ, օգտագործելով ԱՄՆ-ի որոշակի շրջանակների հակասլավոնական, հակառուսական տրամադրությունները, համոզեցին աշխարհի թիվ 1 գերտերությանը՝ խառնվել իրենց հարցի լուծմանը կամ ավելի ճիշտ` իրենց համար լուծել այդ հարցը: Մի կարեւոր հանգամանք էլ: Կոսովոյի անկախության հռչակման պահին, արեւմուտքի խորհրդով, Կոսովոն փոխեց իր դրոշը: Նախկին դրոշը խիստ նման էր Ալբանիայի դրոշին եւ արվեց ամեն ինչ, որ Կոսովոյի անկախանալը չդիտվի որպես Մեծ Ալբանիայի ստեղծման քայլ: Եվ, ընդհանրապես, Ալբանիային շատ ակտիվ դեր չհատկացվեց Կոսովոյի անկախացման եւ ճանաչման հարցերում: Ալբանական քաղաքական իշխանություններն էլ, բնականաբար, չէին բանակցում Կոսովոյի համար: Ի՞նչ զուգահեռներ անցկացնել արցախյան հարցի ու վերոհիշյալի միջեւ: Բոլորովին չեմ ցանկանում պատմական համեմատություններ անել, ինչպես արդեն նշեցի, դրան այսօրվա աշխարհում գրեթե ուշադրություն չեն դարձնում: Բնակչության թիվը: ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի մասնավոր զրույցի ժամանակ ասել էր, որ 1994թ. զինադադարից հետո որոշում էր կայացվել Արցախի բնակչությունը 10 տարում հասցնել 300 հազարի: Այս որոշումից 16 տարի հետո ասվում է, թե նպատակը 160 հազարի հասցնելն է: Վերաբնակեցման/հայրենադարձման ծրագիրը կրախի է մատնվել: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն ձախողման պատճառները, մշակվեն Արցախի թերբնակեցված շրջանները բնակեցնելու, տեղում ենթակառուցվածքներ եւ աշխատատեղեր ստեղծելու ռազմավարությունները: Կարեւորում եմ նաեւ հայաստանյան վերլուծական կենտրոնների Արցախում մասնաճյուղեր բացելը, կամ գոնե նման վերլուծություններ եւ առաջարկներ պատրաստելը: Ոչ մեկը չի խոսի ինչ-ինչ շրջանների վերադարձի մասին, եթե այնտեղ մարդ ապրի: Ակտիվ քաղաքականության անհրաժեշտությունը: ՀՀ նախկին դեսպաններից մեկն ինձ պատմել է Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի 1990-ականներին Լատինական Ամերիկա կատարած այցի մասին, որտեղ ԼՂՀ 1-ին նախագահը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Ուրուգվայի եւ Արգենտինայի փոխնախագահների հետ: Ի վերջո Արցախի առաջնորդը պատերազմի ժամանակ հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ (1993թ. սեպտեմբեր, Մոսկվա): Ցավոք նրան հաջորդած նախագահների օրոք նմանատիպ քաղաքական նախաձեռնությունների ականատես չենք եղել: Արցախի հարցում անհրաժեշտ է նվազեցնել Հայաստանի պատասխանատվությունը: Արցախը պետք է անընդհատ ակտիվ քաղաքական նախաձեռնություններով հանդես գա ոչ միայն իր իսկ կարգավիճակին վերաբերվող հարցերում, այլ նաեւ տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու (թեկուզ ոչ քաղաքական) եւ զարգացնելու գործում: Առաջին թեկնածուն պետք է լինի հարեւան Իրանը, որի շահերն Արցախի հարցում համընկնում են հայկական շահերի հետ: Ցավոք արցախյան քաղաքական էլիտայում գերիշխում է այն միտքը, որը արցախյան հարցը լուծվելու է գերտերությունների կողմից, եւ ավելորդ է համարվում ակտիվ քաղաքականություն վարելը: Այսօր էլ հայոց մեջ լուրջ քննարկումներ կան` Արցախը դիտել որպես անկախ պետությո՞ւն, թե՞ որպես Հայաստանի մաս: Վերջին տարբերակը կողմնակիցներ ունի թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Վերջերս հայաստանյան մի վերլուծական կենտրոնի տնօրեն ինձ ասաց, որ Արցախը դիտում են որպես Հայաստանի մաս: Խնդիրն այն է, որ այս մոտեցումը շատ է խանգարում մեզ: Արցախը Հանրապետություն է` պետությանը հատուկ խնդիրներով, որոնք կարոտ են ուսումնասիրման, ավելին, եթե ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունն ունեն ռազմավարական գրեթե միեւնույն շահերը, մարտավարական շահերը կարող են շատ հաճախ չհամընկնել` նույնիսկ հակասել իրար: Ցավոք, Արցախի բնակչության մի զգալի մաս Երեւանն է դիտում իր մայրաքաղաքը, ոչ Ստեփանակերտը, դրա համար գնում է սովորելու, բուժվելու, զվարճանալու մայրաքաղաքում, ի վերջո` ապրելու այնտեղ: Լուրջ չէ պահանջել քեզ ճանաչել, երբ դու ինքդ էլ դեռ չես կողմնորոշվել: ԼՂՀ ճանաչումից հետո, ես պատկերացնում եմ այն ՀՀ-ի հետ միեւնույն համադաշնության մեջ: Իսկ մինչեւ ճանաչվելը պետք է պայքարել այդ ճանաչման համար, ինչպես Կոսովոն: Հայկ Խանումյան Միջազգայնագետ, Արցախ

No comments: