Մի խումբ ամերիկահայեր պատրաստվում են ԱՄՆ-ում դատական հայցով հանդես գալ Թուրքիայի պետության դեմ` պահանջելով փոխհատուցում 1915-20 թվականներին կոտորածների հետևանքով կորցրած ունեցվածքի համար: Այս մասին այսօր մեկնաբանություններ է տվել թուրքագետ Արտակ Շաքարյանը:
“Այս դատական հայցից Թուրքիայում վախեցած են, ասում են իբր դա իրավարար ուժ չի կարող ունենալ, ԱՄՆ դատարանի որոշումը չի կարող ազդել Թուրքիայի վրա”, ասել է նա:
Շաքարյանի խոսքով, թուրքերը պատրաստ չէին, չէին պատկերացնում, որ կարող է նման հայց լինել իրենց պետության դեմ: Թուրքիայի կողմի արձագանքները հիմնականում պաշտպանողական են, նպատակ ունեն հասարակությանը պատրաստել:
Շաքարյանը նշել է, որ նման հայցերի նպատակը հատուցման պահանջը ակտուալ պահելն է և հիմնավորումներ գտնելու փորձը: “ԱՄՆ դատարաններում նախադեպերը շատ էական նշանակություն ունեն, դրանք կարող են օրենքից ուժեղ լինել”, ասել է նա:
Թուրքագետը նշել է, որ արդեն կա կիպրահույների նախադեպը եվրոպական դատարաններում, ովքեր իրենց ունեցվածքի օգտագործման իրավունքի հայցով դիմել և շահել են դատը: Հենց կիպրահույների խնդիրն է պատճառը, որ Թուրքիային չեն թույլատրում անդմակցել Եվրամիությանը, այլ ոչ թե հայոց ցեղասպանության հարցը:
Շաքարյանը ասել է, որ կա Լոզանի պայմանագիր, որի 30-32 կետերում Թուրքիան պարտավորվել է բռնագաղթված հայերին ունեցվածքը վերադարձնել, եթե նրանք վերադառնային: Ըստ նրա, կարևոր է ապացուցել, որ 1920-ականներին հայերի կյանքի համար վտանգավոր էր վերադառնալ Թուրքիա, և դրանով փորձել չեղյալ հայտարարել Լոզանի պայմանագիրը:
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment