Wednesday, August 4, 2010

Հետո պարզ կդառնա, թե որքանով Հաագայի դատարանի որոշումը կազդի Ղարաբաղյան կարգավորման վրա. Հանս-Յոխեն Շմիդթ

Tert.am. 4-8-2010- «Թե որքանով Հաագայի դատարանի որոշումը կազդի մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման վրա, դրան դեռ պետք է սպասել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։ Դեսպանը նշեց, որ ԼՂ խնդրի կարգավորման համար շարունակում են կարևոր մնալ այն դրույթները, որոնք նաև Մինսկի խմբի կողմի աջակցությունն ունեն։ Գերմանացի դիվանագետի կարծիքով՝ կարևոր է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը լինի մադրիդյան փաստաթղթի երեք հայտնի սկզբքունքների հիման վրա, այն է՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի և դրա սպառնալիքի չկիրառում։ «Կրակի վրա յուղ լցնելը կամ սպառնալիքների լեզվով խոսելը ես քաղաքական առումով համարում եմ ոչ արդյունավետ և վտանգավոր»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ այդ պատճառով է կարևորվում սովորական սպառազինությունների մասին համաձայնագրի ստորագրումը։ «Հայաստանն արդեն համաձայնություն տվել է իր օրենսդրությունը համապատասխանեցնելու սովորական սպառազինությունների մասին համաձայնագրին՝ ՆԱՏՕ-ի չափանիշների շրջանակում։ Ադրբեջանը դեռևս քննադատորեն է մոտենում այս հարցին՝ նկատի ունենալով կամ պատճառաբանելով ԼՂ խնդրի առկայությունը»,- ընդգծեց նա։ Հարցին, թե ԵՄ-ն ի՞նչ ներդրում կարող է ունենալ խնդրի լուծման հարցում, դեսպան Շմիդթը պատասխանեց, որ այդ արցով գոյություն ունի համաձայնություն Հայաստանի և Մինսկի խմբի միջև։ «Քաղաքական առումով նպատակահարմար չեմ համարում Մինսկի խմբի ստանձնած առաքելությունը ընդլայնել որևէ այլ գործիքներով։ Այստեղ քննարկումներ ծավալվեցին Թուրքիային՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում հնարավոր ներգրավման մասին, և, բնականաբար, եզրահանգումն այն էր, որ Թուրքիայի մասնակցությունը չի կարող տվյալ պարագայում նպաստել բանակցությունների արդյունավետ ընթացքին»,- ասաց Գերմանիայի դեսպանը։

No comments: