
«Lragir.am», 31.08.10թ: Օգոստոսի 31-ին լրանում է մեկ տարին այն օրից, ինչ Հայաստանի իշխանությունը քաղաքացիներին մատուցեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Ի դեպ, հատկանշական է, որ այդ օրն ընտրվել էր
Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, ով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հենց սկզբից դեմ էր արտահայտվել Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրելուն, ինչը նախագահության հենց սկզբից արել էր Սերժ Սարգսյանը: Գուցե հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման օրը Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հենց նպատակային էին օգոստոսի 31-ը` Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն ընտրել, որ նրան ցույց տան, թե ով է հիմա տանտերը:
Բայց վերջին հաշվով հաղթեց Ռոբերտ Քոչարյանը, անուղղակի իհարկե, որովհետեւ հայ-թուրքական արձանագրություններն ամենեւին էլ Հայաստանում առաջացած ներքին բողոքի արդյունքում չէ, որ սառեցին կամ տապալվեցին, այլ պարզապես աշխարհաքաղաքական անբարենպաստ եղանակի:
Ամենեւին պետք չէ բացառել, որ ինչ որ պահի դրանք նորից կդրվեն “գազի վրա”, կտաքացվեն, եւ կողմերը նորից կնստեն սեղանի շուրջ: Պետք է պարզապես ուշադրությամբ հետեւել համաշխարհային ֆուտբոլային կյանքին եւ ընտրական մրցաշարերի վիճակահանություններին: Երբ նորից նույն խմբում կհայտնվեն Հայաստանն ու Թուրքիան, այդժամ թերեւս աներկբա է, որ համաշխարհային դիվանագիտության օրակարգում կրկին առաջնային է դառնում հայ-թուրքական հարաբերության հարցը:
Տարօրինակ կամ զավեշտալի է թվում այդ միտքս: Գուցե, բայց այժմ մի հայացք նետեք ֆուտբոլի ընտրական մրցաշարերին, եւ կտեսնեք դրանց զարմանալի ներդաշնակությունը քաղաքական գործընթացների հետ: 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում միեւնույն խմբում հայտնվեցին Հայաստանն ու Թուրքիան եւ մեկ այլ խմբում` Ռուսաստանն ու Ադրբեջանը: Հիշում եք, թե նախորդ երկու տարիներին, երբ մեկնարկեց այդ մրցաշարը, դիվանագիտական ինչ գործընթացներ էին` Հայաստան-Թուրքիա հարաբերություն, եւ Ռուսաստանն էլ զգալիորեն ակտիվացրեց ջանքը Ադրբեջանի հետ հարաբերության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Մի քանի օրից մեկնարկում է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Ամիսներ առաջ անցկացված վիճակահանության համաձայն, այդ մրցաշարում մի խմբում մեկտեղվել են Հայաստանն ու Ռուսաստանը, եւ մեկ այլ խմբում Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք իրար հետ են ֆուտբոլ խաղալու: Եվ տեսնում ենք, թե ինչ պրոցեսներ են գնում այժմ` Ռուսաստանը Հայաստանի հետ է սերտացնում ռազմաքաղաքական փաստաթղթային կապը, իսկ Թուրքիան էլ Ադրբեջանի հետ է կնքում ռազմաաստրատեգիական գործակցության պայմանագիր: Պետք է ենթադրել, որ մինչ ներկայիս ընտրական մրցաշարի ավարտը, հայ-թուրքական արձանագրությունների օրակարգ վերադառնալու հավանականությունը շատ քիչ է: Իսկ հետո ինչ կլինի, ցույց կտա աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment