Wednesday, August 25, 2010

Հայ-թուրքական չհաջողված հարաբերությունների հետևանքը. Կիրո Մանոյան

«Tert.am», 25.08.10: Օրերս թուրքական Milliyet թերթը տեղեկատվություն հրապարակեց, որ Թուրքիան խմբագրելու է «Կարմիր գիրքը», որը պատրաստում է Զինված ուժերի գլխավոր շտաբը և հաստատում է Ազգային անվտանգության խորհուրդը։ Ըստ այդ խմբագրության՝ ենթադրվում է սպառնալիքների ցանկից ի թիվս մի շարք երկրների հանել նաև Ռուսաստանին։ Այս և այլ հարցերի շուրջ «Կապիտալը» զրուցել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։ -Պրն Մանոյան, տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ գնալով խորանում են ռուս-թուրքական հարաբերությունները, փոխարենը լարվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ըստ Ձեզ՝ ուժերի նման վերադասավորումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա: -Ճիշտ է դիտարկումն այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող սերտացման որոշ արտա հայտությունները կապված են թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշակի սրման հետ։ Ռուսաստանը վերջին տարիներին, օգտվելով Թուրքիայի իշխանությունների ԱՄՆ-ի նկատմամբ ունեցած համապատասխան վերաբերմունքից, փորձում է Թուրքիային ավելի հեռացնել Միացյալ Նահանգներից և մոտեցնել իրեն։ Դա ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ երկու տարի առաջ ռուս-վրացական պատերազմից հետո, Թուրքիայի իշխանությունները, անսալով ռուսական հորդորին, թույլ չտվեցին ամերիկյան մարտանավերին մտնել Սև ծով։ Սակայն պետք է նկատել, որ չնայած այս ամենին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական-գործընկերային հարաբերությունների տիրույթում։ Կարծում եմ նաև, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց հարաբերությունները սրել Միացյալ Նահանգների հետ, սա դրական միտում է։ Քանի դեռ տարածաշրջանից դուրս գտնվեղ այս երկու ուժերի շահերը մրցակցային են, անհանգստանալու պատճառ չկա։ Կարծում եմ, որ պետք է ողջունել նրանց մրցակցային հետաքրքրությունները, քանի որ այն հնարավորություն է տալիս տարածաշրջանային պետություններին հետապնդել իրենց ազգային և պետական շահը։ Կարծում եմ՝ կարելի է անհանգստանալ միայն այն դեպքում, երբ այդ ուժերից որևէ մեկը դառնա բացարձակ գերիշխող։ Պետք է նշել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահող երկրներ են, որոնք Ղարաբաղի հարցում ունեն տարբեր շահեր և շահագրգռվածություն։ Միակ ընդհանուր բանն այն է, որ նրանց շահերից չի բխում հարցի ռազմական ճանապարհով լուծումը, չնայած համարժեք ակտիվություն չեն ցուցաբերում Ադրբեջանի ռազմական հռետորիկան սաստելու ուղղությամբ: -Օգոստոսի 20-ին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր, որով երկարացվեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տվեց պայմանագիրը Հայաստանին։ Արդյոք անհրաժե՞շտ էր նման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը։ -Նորացված փաստաթուղթը չի հրապարակվել և չեմ կարող ասել, թե երբևէ կհրապարակվի, թե ոչ, ուստի պայմանագրի մասին դատողություններ կարող եմ անել՝ ելնելով պաշտոնական հայտարարություններից։ Ըստ այդ տեղեկության՝ խոսքը միայն բազաների գործունեության ժամկետների երկարացմանը չէ, որ վերաբերում է։ Ժամկետի երկարացմանը զուգահեռ այլ փոփոխություներ էլ են կատարվել։ Պետք է ասել, որ, ըստ պաշտոնական հայտարարությունների, հզորացվել է Հայաստանի պաշտպանական համակարգը, և եթե մինչ փոփոխությունը ռուսական զորքերը պաշտպանում էին Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա փոփոխված համաձայնագրով փոխվել է նրանց գործունեության աշխարհագրությունը։ Չեմ կարծում, որ ստորագրված համաձայնագրի տեքստում մտահոգիչ որևէ բան լինի, մտահոգիչը թերևս երկու կողմերի իշխանությունների հետագա պահվածքն ու տրամադրվածությունը լինի։ Այսինքն՝ առ այն պահ, երբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները իրավահավասար գործընկերական են, և քանի դեռ Հայաստանը որևէ բան իր ինքնիշխանությունից չի զիջել, մտահոգվելու կարիք չկա։ Ուզում եմ արձանագրել նաև, որ այս համաձայնագիրը մասնակի հետևանքն է հայ-թուրքական չհաջողված հարաբերությունների։ Կարծում եմ՝ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը հաջողվեր, Հայաստանը նվազ շահագրգռված կլիներ ստորագրել նման համաձայնագիր։ -Հայաստանում ռուսական ռազմաբազանների ժամկետների երկարացման մասին տեղեկատվությունը հաջորդեց Ադրբեջանին Ս-300 հակաօդային պաշտպանական համակարգ վաճառելու մասին լուրերին։ Արդյոք սրանք փոխկապակցվա՞ծ գործընթացներ են: -Ուղիղ կապ այդ երկու գործընթացների միջև չեմ տեսնում։ Կարծում եմ՝ այս երկու գործընթացներով էլ Ռուսաստանը փորձում է ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում։ Իհարկե, եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառի Ս-300 համակարգ, առնվազն անհասկանալի կդիտվի այդ քայլը, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Այս գործարքը վտանգավոր է այնքանով, որ Ս-300-ի վաճառքը կարող է խրախուսել Ադրբեջանին, որպեսզի նա ռազմաշունչ հոխորտանքներից անցնի ռազմական արկածախնդրության։ Այո՛, Ս-300-ը պաշտպանական համակարգ է, սակայն նրա վաճառքն այնքան ինքնավստահություն կարող է ներշնչել Ադրբեջանին, որ նա, իրեն համարելով բացարձակ պաշտպանված, անցնի ռազմական գործողությունների։ Կարծում եմ՝ այս մտահոգությունն անպայման պետք է բարձրաձայնվի, ինչ-որ հիասթափություն արտահայտող ժեստեր ցուցադրվի Ռուսաստանին, որ այդ գործարքը չկայանա։ Սակայն եթե նույնիսկ այդ գործարքը կայանա, դա տակավին հիմք չէ, որ մենք պնդենք, թե Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության սկզբունքը դրվում է կասկածի տակ։ Ի վերջո, այդ գործընկերությունն ամրագրված է պայմանագրերով, համաձայնագրերով, որտեղ գրված չէ, որ կողմերից մեկը չի կարող ցանկացածին ռազմամթերք վաճառել կամ համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ ելնելով իր պետության և ազգային շահերի պաշտպանության հայեցակարգից։ -Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Ս-300-ի վաճառքը չի խախտում հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռությունը։ -Այո՛, Ս-300-ի վաճառքն ուղղակիորեն չի վնասում այդ հավասարակշռությանը։ Խնդիրն այն է, որ եթե զուտ տեխնիկական առումով նայենք, Ս-300-ը պաշտպանական համակարգ է և չի կարող վնասել ռազմական հավասարակշռությանը։ Սակայն, պաշտպանական համակարգ լինելով հանդերձ, այն պարունակում է մեծ ռիսկ. Ադրբեջանը, ձեռք բերելով Ս-300 համակարգը, կարող է այնքան ոգևորվել, որ սկսի ռազմական գործողություններ։ Այդ իմաստով վնասում է։ -Անընդհատ շեշտվում է, որ Ս-300-ը պաշտպանական համակարգ է: Սակայն Ս-300 «Ֆավորիտը», որը ենթադրաբար Ռուսաստանը պատրաստվում է վաճառել Ադրբեջանին, 190 կմ շառավղով կարող է խոցել նաև վերգետնյա թիրախները: Այսինքն` այն զուտ պաշտպանական զենք չէ: -Դե դա ակնհայտ է, որ ցանկացած պաշտպանական համակարգ կարելի է օգտագործել այլ նպատակների համար։ Դրա համար էլ ասում եմ, որ այն իր մեջ ռիսկեր է պարունակում։

No comments: