Wednesday, August 25, 2010

ՄԱՏ ԵՐԵՔ ՀԱՐՑԻՑ

«Լրագիր», 24.08.10: Ժառանգությունը երեք հարց է տալիս Հայաստանի իշխանությանը, որ հետո դրա պատասխաններից ելնելով էլ որոշի, թե ինչպես վերաբերվի հայ-ռուսական “ռազմակայանային” անցուդարձին: Երեք հարցերն են` “բա Արցախը”, “բա C 300-ը”, “բա ինչու հենց 49 տարի”: Շատ կարեւոր հարցեր են: Չեմ պատկերացնում, թե իշխանությունը ոնց է պատասխանելու դրանց: Երեւի ավելի հեշտ կլինի հրաժարական տալը: Բայց դե դրանով հարց չի լուծվի, որովհետեւ կարեւոր հարցերը կմնան անպատասխան: Ժառանգությունը իշխանությանը հո չի ասում հրաժարական տուր: Ասում է “հարցերիս պատասխանի”: Այդ հենց դա է, որ իշխանությանը դնելու է անելանելի վիճակի մեջ, որովհետեւ հրաժարականով չի պրծնի իշխանությունը` ստիպված է բացատրել: Եվ քանի որ այժմ տարածաշրջանային իրավիճակը շատ լուրջ է եւ պահն` օրհասական, ինչպես ընդունում է նաեւ Ժառանգությունը, թերեւս անհրաժեշտ է օգնել, որպեսզի իշխանությունը շատ արագ գտնի Ժառանգության հարցերի պատասխաններն, ու Հայաստանը չհայտնվի ներքաղաքական ճգնաժամի առաջ: Դրա համար, Ժառանգության “բա Արցախը՞” առաջին հարցին օրինակ իշխանությունը կարող է պատասխանել. “Արցախն ի՞նչ”: Ստիպված պատասխան պիտի տա արդեն Ժառանգությունը: “Իսկ ռուսներն արդյոք կապահովեն նաեւ Արցախի անվտանգությունը”: Պատասխանի հերթն իշխանությանն է: “Հարգելի Ժառանգություն, լավ, եթե ասենք նման համաձայնագիր չստորագրվեր, դուք չէի՞ք հարցնելու Արցախի անվտանգության մասին”: Ինչ է պատասխանելու Ժառանգությունը: Եթե պատասխանի, որ հարցնելու էին, էդ դեպքում իշխանությունը կարող է հարցնել, թե բա ինչու եք այդ հարցը հիմա կապում ռազմակայանների համաձայնագրին ձեր գնահատական տալու հետ, եթե առանց դրա էլ հարցնելու էիք: Եթե Ժառանգությունն ասի, որ չէին հարցնելու, այդ ժամանակ էլ իշխանությունը կարող է ասել, որ դե եթե չէիք հարցնելու, ուրեմն հիմա էլ մի հարցրեք, որովհետեւ ոնց էն ժամանակ էր “բա Արցախը”, նույն կերպ էլ հիմա է լինելու: Էնպես որ, երեւի թե Ժառանգությունը ճիշտ կանի քարը մի քիչ թափի փեշից ու իր այդ հարցը հանի: Իսկ ինչ կպատասխանի իշխանությունը Ժառանգության երկրորդ հարցին` “բա C 300-ը”: Իշխանությանը երեւի թե հարկ չկա հարցնլ “C 300-ն ի՞նչ”, որովհետեւ Ժառանգությունը հաստատ գիտե, թե ինչ: Դրա համար գուցե իշխանությունը կասի, որ ռուսների հետ պայմանագիրը կնքել են հենց C 300-ի գործոնը չեզոքացնելու համար, եւ ռուսներն ասենք խոստացել են, որ զենիթային այդ կայանների դիմաց ստացած փողը, որ Ադրբեջանը կվճարի, կներդնեն Հայաստանի անվտանգության ապահովման գործին: Կստացվի, որ ռուսները Ադրբեջանին վաճառելով պաշտպանական զենքեր, ստիպում են նրան, որ այն ակամայից վճարի Հայաստանի անվտանգության համար: Ինչ պիտի անի Ժառանգությունն այդ դեպքում, եթե իշխանությունը հանկարծ այդպիսի պատասխան տա: Շատ շատ պիտի ասի, որ պետք չի, մենք մեր փողով կապահովենք մեր անվտանգությունը: Այդ ժամանակ իշխանությունը Ժառանգությանը կհարցնի` “իյա, մենք էդքան փող ունենայինք` ռուսների հույսին ինչի՞ պիտի մնայինք, բայց դուք ուրեմն էդքան փող ունե՞ք”: Համաձայնեք, որ տհաճ հարց է: Կամ պիտի ասես ունենք, ու հետո բացատրես, թե որտեղից, կամ պիտի ասես, որ չկա, ընդունելով, որ ուրեմն պետք է աշխատի ռուսական տարբերակը: Երեւի լավագույնը կլինի ընտրել ոսկե միջինը, մի քիչ էլ քար թափել փեշից ու հանել նաեւ երկրորդ հարցը: Իսկ ի՞նչ կպատասխանի իշխանությունը Ժառանգության երրորդ հարցին` “բա ինչու 49 տարի”: “Բա ինչքա՞ն”, կհարցնի իշխանությունը: Ժառանգությունն ունի պատասխանի երկու տարբերակ` կամ ասել որեւէ թիվ, կամ ասել “եսիմ ինչքան”: Եթե Ժառանգությունն ասի որեւէ թիվ, ապա այդ թվի ձեռքը կրակն է ընկնելու, որովհետեւ իշխանությունը պիտի հարցնի` “բա ինչու այդքան”: Կստացվի, որ տեղերը փոխվել են, ու այդ դեպքում հայ-ռուսական համաձայնագրին Ժառանգության գնահատականը գրոշի արժեք չի ունենա: Ուրեմն Ժառանգության համար ավելի հարմար է “եսիմ ինչքան” տարբերակը: Այդտեղ գոնե խոսակցությունը կավարտվի, որովհետեւ շարունակվելու դեպքում իշխանությունը կարող է Ժառանգությանը պարզապես ասել, որ 49 տարի ժամկետը Ալիեւի երկրային կյանքի ավարտին մնացած ժամկետն է, որից հետո այլեւս Հայաստանին ոչ ոք չի սպառնա պատերազմով: Ժառանգությունը կասի` “ով ասեց”, իշխանությունը կպատասխանի` “ութոտնուկ Պաուլը”: Մատ երեք հարցից: Դրա համար ավելի լավ կլինի, որ Ժառանգությունը մնացած քարն էլ թափի փեշից, ու առանց ավելորդ հարցեր տալու գնահատական տա հայ-ռուսական համաձայնագրին: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: