Tuesday, August 3, 2010

ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՃԵՂՔՎԵԼ Է

«Լրագիր» 3-8-2010- Երեկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ, որպեսզի պարզաբանումներ տա կամ ասի, որ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերով մի դատեք բանակի մասին և այլն: Ի վերջո, կարևոր էլ չէ, թե ինչ էր ուզում ասել: Կարևորն այն է, որ այդ հանդիպումը գալոչկայի համար է և ոչինչ չի նշանակում, և ոչինչ էլ չի արվելու գործի օբյեկտիվ քննության համար: Ամեն ինչ մնալու է նույնը, ինչպես բոլոր մյուս դեպքերում: Արդեն ծիծաղ է առաջացնում զինվորական վերնախավի արժեզրկած “օբյեկտիվ քննություն” բառակապակցությունը: Դրանից էլ հեշտ բան, միայն թե ուզեն գտնել ու պատժել իրական մեղավորներին: Հենց այդ ցանկությունը չկա` պատժել իրական մեղավորներին ու սկսեն զորամասի հրամանատարական կազմից: Հայտնի է, որ բանակում կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն կրողը հենց շարքային զինծառայողն է` խեղճ ու կրակ, սոցիալապես անապահով: Մինչ այսօր կատարված հանցագործությունների համար զորամասի որևէ հրամանատար պատասխանատվություն չի կրել: Իսկ եթե Սեյրան Օհանյանն այս իրավիճակում հրաժարական չի տալիս և ուզում է օբյեկտիվ քննություն կատարել, ինքը պետք է ասուլիս հրավիրի ու մեղա գա հասարակության առջև, անկեղծորեն ներկայացնի իրավիճակը, խնդրի հասարակության աջակցությունը և ոչ թե լրատվամիջոցներին զուսպ լինելու կոչեր անի: Մեկ շաբաթվա մեջ 7 զոհ: Հասարակությունը ցնցված է: Կատարված սպանությունները Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք ընդունեց ինչպես հարազատի կորուստ, որովհետև յուրաքանչյուրն էլ տղա է մեծացրել և չի ուզում “մատաղ անել” բանակի հղփացած վերնախավին, ով և պատասխանատու է այս իրավիճակի համար: Ընդվզումն այնքան մեծ է, որ վախի մթնոլորտը ճեղքվել է: Զորամասի հրամանատարական կազմը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի: Այսօր բանակում ստեղծված պայթյունավտանգ այս իրավիճակը հենց անպատժելիության հետևանքն է, ու Սեյրան Օհանյանը նաև այս մասին պետք է խոսի հանրության հետ: Եթե խոսում է բանակի նկատմամբ վստահության մասին, ապա բաց պետք է լինեն հարաբերությունները հանրության հետ, և ոչ թե հերթով ասեն հերթական “ցավ ենք ապրում”-ը: Նույնիսկ հետպատերազմյան շրջանում (1994-96 թթ.), երբ մահվան դեպքերը մեծ թիվ էին կազմում բանակում, վիճակն այդքան աղետալի չէր, ինչպես այսօր: Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի զոհեր: Այն ժամանակ հետպատերազմական իրավիճակով էին բացատրում, իսկ այսօ՞ր ինչով: Իրականում, բանակի ներսում տիրող իրավիճակով է պայմանանավորված զոհերի այսպիսի քանակությունը, որը չի փոխվել պատերազմի ավարտից ի վեր: Այնպես որ, բանակի վերնախավի հավաստիացումները բարեփոխումների մասին դատարկ խոսքեր են: Ամեն ինչ հասարակության աչքի առաջ է և բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչով է զբաղված զինվորական վերնախավ կոչվածը: Այսօր մի հարց էլ է տանջում հանրությանը. իսկ ինչու ինքնասպանություն, ինչու են ոստիկանությունն ու ՊՆ-ն կառչում “ինքնասպանությունից”, որն է տարբերությունը, միևնույն է, պետությունն է սպանողը: Պատասխանը շատ պարզ է, մահվանից հետո էլ մեղքը դնում են զիվորի վրա, նրան մեկ անգամ ևս նվաստացնելու, իսկ ծնողին` խեղճացնելու համար, որպեսզի շատ չաղմկի ու այդ խարանը մինչև մահ կրի: Խեղճ ծնողն ինչ անի ու ում դիմի, ոչ դատարան կա, ոչ էլ արդարադատություն: ՊՆ-ի որակած “ինքնասպանությունները”, որոնք քննությամբ չեն հաստատվում, ու սպանությունները, հիմնականում տեղի են ունենում դիրքերում, որտեղ զինվորը վերահսկողությունից դուրս է ու ամենաթողություն է տիրում: Վերջին օրերին տեղի ունեցածը ևս վերահաստատում է դիրքերում տիրող ամենաթողության մթնոլորտը: Զինվորներն այնտեղ, բառի բուն իմաստով, անտերության են մատնված, իսկ նրանց միջև փոխհարաբերությունները գայլային օրենքներին են հատուկ: Սպայական վերահսկողությունն էլ բացակայում է: Ով ուժեղ է` կդիմանա, իսկ Արտակ Նազարյանի նմանները “թույլ” են ու զոհ կդառնան: Դիրքերը նաև զինվորին ծեծելով հաշմանդամ դարձնելու, նրա հետ հաշիվ մաքրելու, աչքից հեռու տեղ է: Արտակ Նազարյանի մահվանից անցել է մեկ շաբաթ, սակայն դեռ ձերբակալվածներ չկան: Սակայն տեղեկություններ կան, որ մի քանի տասնյակ զինծառայողներ բերման են ենթարկվել ու անխնա ծեծի են ենթարկվում: Հենց այս “օբյեկտիվ քննությունը” հավանաբար նկատի ունի Սեյրան Օհանյանը և պաշտպանության նախարարությանը համակրող ՀԿ-ները: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: