Thursday, August 19, 2010

“ՎԵ՞ՐՋ ՏԱԼ” ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ

«Լրագիր» 19-8-2010- Ադրբեջանին վաճառված C 300 զենիթային համալիրների, Հայաստանում ռուսական ռազմակայանների ժամկետի երկարաձգման, “Սմերչ” հրթիռների եւ անօդաչու օդանավերի մասին Ղարաբաղում դատում են կենցաղային մակարդակով: Հրթիռների հեռահարությունը հաշվարկում են այս կամ այն բնակավայրի հանդեպ հեռավորությամբ, իսկ պատերազմի մասին խոսակցությունը դարձել է շրջանառվող առօրյա խոսակցությունների մաս: Ընդ որում, այդպես էր նաեւ պատերազմի ժամանակ, երբ ղարաբաղցի ցանկացած պատանի ձայնից կարող էր որոշել, թե ինչ տեսակի է հրթիռը կամ օդանավը: Վառոդի տակառի վրա ապրելը հեշտ չէ: Այն մասին, որ շուտով պատերազմ կլինի, խոսում են բոլորը` ովքեր չեն ալարում: Նույնիսկ շրջանառության մեջ է դրվել “Ղարաբաղյան առաջին պատերազմ” հասկացությունը, կարծես թե ուրիշն էլ կա: “Ինչու շտապել այն պատերազմը անվանել առաջին, չէ որ դա միշտ էլ հասցնել կլինի”, տարակուսած ասում են ղարաբաղցիները: Տեղեկատվությունը Ղարաբաղ է հասնում ամենեւին ոչ լրիվ: Ինտերնետ նայում են քչերը, միակ տեղական հեռուստաալիքը ընտրովի է տալիս ինֆորմացիան, իրեն իրավունք վերապահելով այն չափավորել ժողովրդի համար: Իսկ ռուսական հեռուսաալիքները խոսում են Ռուսաստանի շահի մասին: Դրա համար էլ շատ ղարաբաղցիներ ատում են Սահակաշվիլիին, ՆԱՏՕ-ն համարում են իրենց հակառակորդ, իսկ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Արեւմուտքի հետ, անվանում են լրտես եւ “էթնիկ մասոն” (այդպես ասած պաշտոնյաներից մեկը): Այդպիսի անտեղյակությունն ու ավելի խորը նայելու ցանկության բացակայությունը բացատրելի է: Մի կողմից իշխանության համար հեշտ է դոզավորված ինֆորմացիայի միջոցով մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանը, իսկ մյուս կողմից էլ հասարակությունը որոշել է, որ ճահիճն ավելի անվտանգ է իրական աշխարհից: Բայց ճահճում էլ տեղի են ունենում իրադարձություններ: Ասենք, նույն ինտերնետը: Համաշխարհային սարդոստայնի արագությունը Ղարաբաղում ուղիղ համեմատական է քաղաքական կյանքի ռիթմին: Թերեւս, ինտերնետը հաշվարկված է Ղարաբաղից դուրս եկող ինֆորմացիայի քանակով: Իսկ դա շատ չէ: Բողոքի ոչ մեծ առկայծումից հետո, միակ օպերատոր Ղարաբաղ-Տելեկոմը խոստացավ ուղղվել, բայց առայժմ Ղարաբաղի ինտերնետ օգտագործողները ստիպված են հարմարվել դանդաղ ռիթմին: Էական փոթորիկ չառաջացրեց նաեւ կառավարության աղաղակող որոշումն այն մասին, որ դպրոցական ցածր դասարանների աշակերտները պետք է կրեն միասնական համազգեստ: Որոշումն ինքնին նորմալ է, աննորմալն այն է, որ դպրոցական համազգեստի ներկրման իրավունք ստացել է միայն “Մերկուրի” խանութը, ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, որը պատկանում է ԼՂՀ նախագահի բարեկամներից մեկին: Դպրոցական համազգեստները արժեն 45 հազար մեկ երեխայի համար, եւ շատ ծնողներ ասում են, թե չեն պատրաստվում 3 երեխայի համար վճարել 150 հազար դրամ: Որոշումը բացարձակապես անիմաստ է, քանի որ ներկրված դպրոցական համազգեստը ընդամենը սեւ-սպիտակ “վերեւ-ներքեւ” է, ինչը շատ ավելի էժան գնով կարելի է ձեռք բերել ցանկացած այլ խանութից: Բայց դա չառաջացրեց էական դժգոհություն: Մարդիկ գերադասում են պարտք վերցնել, միայն թե իրենց չմեղադրեն կառավարության դեմ գնալու եւ գուրգուրված միասնությունը քայքայելու համար: Իսկ որ իշխանությունը պարզապես իրենց դեմ է տալիս պատին, ոչ մեկին չի հուզում: Չէ որ հենց նույն ձեւով Ղարաբաղում փոխեցին մթնեցված ապակիները,հաշվիչները, տաքսի մեքենաները, եւ միշտ պարզվում էր, որ նորերի ներկրումը իրականացնում է նույն կազմակերպությունը: 45 հազար դրամ արժեցող 3000 համազգեստը կազմում է 135 միլիոն դրամ: Եվ ինչ որ մեկը որոշել է աշխատել այդքան: Չհաշված այն, որ, ասում են, թե համազգեստները ավելի թանկ արժեն, պարզապես տարբերությունը փոխհատուցում է կառավարությունը: Հանուն ինչի՞: Միթե ղարաբաղցիներին հիմա համազգեստն էր ամենից պետքական: Միթե չկային այլ խնդիրներ: Եվ միթե սեպտեմբերի 1-ին երեխային չեն թողնի դպրոց մտնել, եթե նա լինի սեփական համազգեստով: Քաղաքի կենտրոնում աճող նորակառույցների ֆոնին, Ղարաբաղի ժողովուրդը զրկվում է իր իրավունքը եւ Աստծո տված ազատությունը տնօրինելու ունակությունից: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: