«Tert.am», 26.08.2010: Հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետների երկարացման մասին «Կապիտալը» զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին հետ։ Վերջինս համոզված է, որ համաձայնագրի ստորագրումն ապահովության հույս է ներշնչել հայ հասարակությանը։
-Պրն Մանուչարյան, վերջին ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերություններում։
-2002-2003-ից հետո հայ-ռուսական հարաբերություններում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը հայտնվել են իրենց համար խորթ նյութապաշտական քաղաքակրթական միջավայրում, որը երկու ժողովուրդների համար էլ ստեղծել է խիստ բարդ իրավիճակ թե՛ երկրի կենսագործունեությունն ապահովելու և թե՛ երկրի համար կարևոր նպատակները դնելու և լուծելու հարցում։ Ստեղծված իրավիճակը բավական խորթ և հյուծող միջավար է երկու ժողովուրդների համար։ Չնայած այս նկարագրին, երկու պետությունների միջև կա մի մեծ տարբերություն. Ռուսաստանը կարողացավ ձևավորել կամքի կենտրոն, որը նրան թույլ տվեց ընկալվել որպես երկիր, իսկ Հայաստանը չկարողացավ, ավելին, Հայաստանը սկսեց քայքայվել անհատական և խմբակային քայքայիչ գործունեությունից։ Այս պատճառով ուրիշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ցուցաբերում են համապատասխան մոտեցում:
Հայաստանը նրանց համար սոսկ տարածք է, որտեղ նրանք ունեն շահեր, որոնք պետք է պաշտպանվեն։ Այս տեսակետից որևէ փոփոխություն չկա, քանի որ հնարավոր փոփոխությունները կախված են ոչ թե Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների բարի կամքից, այլ առաջին հերթին հայ ժողովրդից։ Հայաստանը նախկինում ունեցել է խորը հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այն, ինչ այսօր անվանվում է ռազմավարական դաշինք, մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին, որը, սակայն, հետագայում կորցրեց իր որակները՝ երկու պետությունների քաղաքական էլիտաների նյութապաշտական գործունեության հետևանքով, ուստի ունենք այն, ինչ ունենք։ Իրական և ամուր ռազմավարական գործընկերություն երկու պետությունների միջև կարող է լինել միայն վստահության պարագայում, իսկ այն, ինչ կատարում է Ռուսաստանը Հայաստանում, սկզբից՝ տնտեսական, հետո՝ քաղաքական, իսկ այժմ նաև ռազմական ոլորտներում, խորացող անվստահության հետևանք է։ Ռուսաստանը, որևէ կայուն բան Հայաստանում չտեսնելով և համոզված լինելով, որ վաղն իր մրցակից տերությունները կփորձեն Հայաստանն իրենցով անել, ամրացնում է իր դիրքերը։
-Օգոստոսի 20-ին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետի երկարացման մասին համաձայնագիր։ Ի՞նչ են տվել և ի՞նչ կարող են տալ ռուսական բազաները Հայաստանին։
-Պետք է նախ հասկանալ, թե այսօր ինչի մասին ենք խոսում՝ օգտագործելով «Հայաստան» բառը։ Եթե պատկերավոր, ապա Հայաստանը ինքնաթիռ է, որը թռիչքի մեջ է։ Մարդիկ, որոնք ինքնաթիռում են, մտածում են, որ այդ ինքնաթիռը նրանց է տրվել՝ նրանում եղած պսպղուն ու գունավոր բաները պոկելու և սեփականացնելու համար։ Նրանք կարծում են, թե որքան շատ լամպ հանեն և լար պոկեն, այնքան ավելի երջանիկ կլինեն։ Գունավոր լարեր և լամպեր ունեն հատկապես այն մարդիկ, որոնք նստած են օդաչուի տեղում։ Այսօր Հայաստանում մարդիկ զբաղված են այդպիսի գործունեությամբ։ Վտանգավոր է այն, որ նրանք չեն պատկերացնում, որ այդ ամենի արդյունքում կարող է խափանվել ինքնաթիռի գործունեությունը և այն կարող է վայր ընկնել։ Նրանց մեջ կան մարդիկ, որոնք այդ բանը պատկերացնում են, սակայն հիմնական կռիվն ընթանում է լարերին և լամպերին տիրելու շուրջ։ Մենք այս պահին չենք կարող քննարկել ինքնաթիռի թռիչքն ու նրա վայրէջքի հավանականությունը, դա անիմաստ է։ Ուստի եթե խոսում ենք իրավիճակի մասին, պետք է խոսենք այն երևույթների մասին, որոնք տեղի են ունենում ինքնաթիռում եղած մարդկանցից անկախ։ Որպես անկախ իրողություն, հայ-ռուսական նորացված այս համաձայնագրում դրականն այն է, որ հասարակության մոտ ստեղծվեց ավելի պաշտպանված լինելու զգացում։ Մինչ համաձայնագրի ստորագրումը իրավիճակն այնպիսին էր, որ մարդիկ ահաբեկված էին պատերազմի վերսկսման հավանականությամբ։ Ահաբեկողները, ներսից թե դրսից, հետապնդում էին տարբեր շահեր։ Ներսում ահաբեկելով զբաղվում էր իշխանությունը, որը համարում էր, որ վաղը եթե հանկարծ ստիպված լինի ստորագրել որևէ փաստաթուղթ, որն ընդունելի չլինի հասարակության համար, նա կօգտագործի պատերազմի վրանգի գործոնը և փաստաթուղթը կդարձնի ընդունելի։ Մյուս կողմից՝ հասարակությանն ահաբեկում էին քաղաքական մի շարք ուժեր, որոնք սպասարկելով այս կամ այն արտաքին ուժին, դիվիդենդներ էին ստանում։ Ահա այս պայմաններում կնքված համաձայնագիրը հասարակությանը հանգստացրեց՝ ներկայացնելով, թե բացառում է պատերազմի վերսկսման վտանգը։ Սա այդ համաձայնագրի միակ դրական էֆեկտն է, մնացած ամեն բան, ինչ կար նախորդ պայմանագրում, այդպես էլ մնացել է։ ժամկետների երկարացումը որևէ լրացուցիչ դրական բան չի տվել, ավելին, տվել է հակառակը. եթե վաղը Հայաստանը վերջիվերջո որոշի ձևավորվել որպես կամք ունեցող մի միավոր, նրա համար ցավոտ կլինի հարաբերությունների այն որակը, որն առկա է այսօր։
-Կա տեսակետ, որ Հայաստանը, համաձայնելով ստորագրել Ռուսաստանի առաջարկած համաձայնագիրը, Ռուսաստանին է զիջում իր ինքնիշխանությունը։ Ըստ Ձեզ՝ նման վտանգ կա՞։
-Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է կորցնել մի բան, որը չունես։ Ես նկարագրեցի, թե ինչ վիճակում է Հայաստանը։ Մանկամտությունից մի քիչ ավելի բարձր որակի պահվածքի դրսևորում չկա հայաստանյան քաղաքական դաշտի որևէ կետում։ Ես նկատի չունեմ միայն իշխանությանը, ոչ, խոսքը վերաբերում է ողջ քաղաքական դաշտին։ Իհարկե, կան անհատներ, նույնիսկ մեկ-երկու փոքր խմբեր, որոնց խոսքս չի վերաբերում, սակայն ընդհանուր դաշտն այդպիսին է։ Ինքնիշխանությունը մի բան է, որը պետք է լինի։ Այսինքն՝ պետք է լինի կամքի կենտրոն, որը գիտակցում է, թե ինչ է ուզում, որը կարող է իր շուրջ համախմբել ժողովրդին և շարժվել իր այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Սա է ինքնիշխանությունը։ Այս պարամետրերից ոչ մեկը չկա, և այս պարագայում ասել կորցնում ենք կամ չենք կորցնում, անիմաստ է։ Չկա այդպիսի բան։ Վերջին տարիներին հուսադրող երևույթներ նշմարվեցին քաղաքացիական դաշտում, սակայն այստեղ էլ խնդիրները դեռ հեռու են լուծումից։
-Համաձայնագրի կողմնակիցները պնդում են, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական համաձայնագիրը բացառում է պատերազմի վերսկսման հավանականությունը տարածաշրջանում։ Դուք նույնպես նշեցիք, որ համաձայնագիրը հասարակությանը ներշնչել է նման վստահություն։ Արդյոք այդ վստահությունն ունի՞ օբյեկտիվ հիմք։
-Պատերազմի վերսկսման հավանականության վրա այս պայմանագիրը, ըստ էության, որևէ ազդեցություն չի թողնում։ Ես բացառում եմ, որ Ադրբեջանը վաղը կկարողանա ինքնուրույն որոշում ընդունել պատերազմի վերսկսման համար, բացառությամբ այն դեպքի, եթե արտագաղթի կամ նման այլ աղետների հետևանքով Հայաստանում մնա մեկ-երկու հոգի։ Ադրբեջանի ազգային հարստությունն այս պահին Արևմուտքի ձեռքում է և որևէ մեկը թույլ չի տա վտանգել այդ հարստությունը։ Դրանից բացի՝ մեծ հարստություն է հոսում Ադրբեջանի կոմունիկացիոն տարածքով։ Ես բացառում եմ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականությունը նաև այն պատճառով, որ Ռուսաստանը հստակ ցույց է տվել, որ որևէ մեկին չի պատրաստվում զիջել այս կոմունիկացիոն միջանցքը։ Կարծում եմ՝ եթե մի քիչ շատ կրակեն իրար վրա կամ գռմռոցը մի քիչ ավելանա, հաջորդ վայրկյանին Ռուսաստանը տանկերը կմտցնի համապատասխան տարածք՝ հայտարարելով, որ իրականացնում է խաղաղարար գործունեություն, իսկ իրականում՝ վերահսկողության տակ կվերցնի այդ կոմունիկացիոն տարածքը։
-Չե՞ք կարծում, որ հենց այդ ծրագիրն իրականացնելու համար Ռուսաստանին ձեռնտու է պատերազմի հրահրում։
-Որպեսզի Ռուսաստանը հրահրի այդ պատերազմը, կողմերից մեկը պետք է համաձայնի դրան։ Այսինքն` այն կողմը, որը համաձայնում է սկսել պատերազմ, պիտի դիմի Ռուսաստանին՝ խաղաղարար զորքերը տեղակայելու խնդրանքով։ Կարծում եմ՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների համար նման որոշում կայացնելը չափազանց բարդ է, գրեթե անհնար, քանի որ նրանց երկուսին էլ լավ բացատրել են այսօրվա աշխարհի կանոնները։
-Արդյոք Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի ստանա որևէ լուծում։
-Ինչո՞ւ` երբեք։ Կոմունիկացիոն տարածքն այսօր է այդ վիճակում, վաղը գուցե պատկերը փոխվի։ Բացի տարածքի վերահսկման առկա մեխանիզմերից` կան այլ մեխանիզմներ, սակայն այլ մեխանիզմների անցնելու համար անհարաժեշտ են այլ տիպի ուժեր, առաջին հերթին` տարածաշրջանային, որոնք այլ տիպի գործողություններ կսկսեն և կվերանայեն իրավիճակը։ Մինչ իրավիճակի վերանայումը ես անհնար եմ համարում խոշոր տերություների միջև խնդրի շուրջ համաձայնության կայացումը։
-ՀԱՊԿ-ն կոչված է պաշտպանել Հայաստանը, օրինակ՝ Ադրբեջանի հարձակման դեպքում: Կաշխատի՞ արդյոք այդ մեխանիզմը, եթե մարտական գործողությունները տեղի ունենան Ղարաբաղում:
-ՀԱՊԿ-ն Ռուսաստանի կարողությունների սիմվոլիկ ընդլայնումն է, այսինքն՝ որոշումները ՀԱՊԿ-ում կայացնում է Ռուսաստանը, իսկ նա հստակ գիտի, որ եթե Ղարաբաղը որևէ կերպ հեռացվի Հայաստանից, ապա Հայաստանը կհեռանա Ռուսաստանից, Ռուսաստանը կկորցնի տարածաշրջանը, ինչին կհետևի ապակայունացումը ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում, ինչն էլ հղի է երկրի կազմաքանդման վտանգով։
-ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, խոսելով հայ-ռուսական ռազմաքաղաքական համաձայնագրի մասին, ասել է. «Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է կույրաղիքի նման մի բան, որը եթե բորբոքվի, կկտրեն և դեն կգցեն»։ Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ։
-Պարոն Իգիթյանի տեսակետը հակասում է Ռուսաստանի ղեկավարների տեսակետներին, որոնք հակված են մտածել, որ Հայաստանը Ռուսաստանի զարկերակներից մեկն է, որը եթե հանկարծ կտրվի, Ռուսաստանը կարող է արնաքամ լինել:
Thursday, August 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment