«Lրագիր», 26.08.2010: Տեղի են ունեցել կարեւորագույն իրադարձություններ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, միաժամանակ հայ հասարակության մեջ ուժեղացել է Ռուսաստանի հանդեպ անվստահությունը եւ նույնիսկ թշնամությունը: Ինչպե՞ս հետագայում կդասավորվեն հայ-ռուսական հարաբերությունները: Այս հարցով lragir.am դիմեց քաղաքագետ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ:
- Կասկած չկա, որ հայ հասարակությունը մեծ հույսեր ուներ կապված Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հետ, Հայաստանում ողջունում էին Ռուսաստանի գործնականում բոլոր նախաձեռնությունները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Դրանով հանդերձ, հայ հասարակության միշտ լուրջ հիմքեր են եղել զգուշանալու ռուսական քաղաքականությունից: Չափազանց էպատաժային կլիներ ներկայիս իրադարձությունները, կապված Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելու Ռուսաստանի մտադրությունների հետ, որակել որպես ինչ որ մի սահման, որից անդին մենք նորովի ենք իմաստավորում սպասելիքները Ռուսաստանի դիրքորոշումից եւ նպատակներից:
Ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, Ռուսաստանը միշտ փորձել է ձեռնամուխ լինել “պարիտետային” քաղաքականություն վարելուն, որը, ռուսների մտահղացմամբ, Հայաստան-Ադրբեջանի դեպքում կիրառելու պարագայում շատ շուտով կվերափոխվի “առաջնահերթությունների” քաղաքականության, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները կդառնան “առաջնահերթային”: Թույլ տվեք բավական ինքնավստահ բան ասել: Ինձ բացարձակապես չեն հետաքրքրում իմ հայ գործընկերների հայտարարություններն ու փաստարկները, նրանք քիչ են տեղեկացված եւ բավական սահմանափակ են: Ինձ վաղուց են հայտնի այն աշխատանքի մանրամասները, որ կատարվում է Մոսկվայում, կապված Ադրբեջանը որպես ռուսական զենքի կարեւոր սպառող դիտարկելու հետ:
Նմանապես, լավ հայտնի են Ռուսաստանի այս կամ այն խմբերի զանազան կարծիքներն ու դիրքորոշումները, թե այդ մտադրություններում որ տեղն է զբաղեցնում քաղաքականությունը եւ որը` տնտեսությունը: “Առաջնահերթությունների” քաղաքականության վերածվող “պարիտետի” քաղաքականությունն, իհարկե, չի սահմանափակվի զենքի մատակարարումներով եւ գազային ու կոմունիկացիոն խնդիրների լուծմամբ: Հայ քաղաքական գործիչների ու քաղաքագետների համար առջեւում են նոր անակնկալներ: Շուտով Ռուսաստանը ձեռնամուխ կլինի, Մինսկի խմբից առանձին, գործունեության, որի նպատակն է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին:
Չնայած նրան, որ ես հիացած չեմ Հայաստանի իշխանության քաղաքականությամբ, ինձ համար, ի տարբերություն ընդդիմադիր բնույթի խմբերի, շատ ցանկալի կլիներ, եթե Հայաստանը տարածաշրջանում ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ կարողանար հանդես գալ ավելի սկզբունքային եւ վճռական պահանջներով: Սակայն պետք է վերջնականապես ընդունել, որ հայկական քաղաքական դասը ի վիճակի չէ նման խնդիրներ լուծել: Սա ամենայն անկեղծությամբ ընդունեցին Հայաստանի ղեկավարությունը, քաղաքական կուսակցությունները եւ հնարավոր բոլոր խմբերը: Հայկական քաղաքական դասն առանց բացառության հանդես բերեց աննախադեպ համերաշխություն` նման խնդիրները լուծելու հարցում իր անկարողության հաշվով:
Նման դեպքերում ասում են, թե քննադատելը հեշտ է, իսկ ինչ կարելի է առաջարկել: Ընդհանրապես, առաջարկել կարելի է միայն նրանց, ով մտադիր եւ ընդունակ է լուծել քաղաքական խնդիրները: Սակայն, այնուամենայնիվ, կարելի է հետեւյալն ասել: Ռուսական ռազմավարության մեջ Հայաստանի դերի եւ տեղի պահպանման մասով խնդրի լուծման բանալին ղարաբաղյան թեմայով ռուսական ցանկացած նախաձեռնության տապալման մեջ է: Կասկածներ կան, որ “պարիտետի” քաղաքականություն վարելու ռուսական պլանը հաջողությամբ կտապալվի, դեռ նախքան ղարաբաղյան թեմայով Մոսկվայի նախաձեռնության ծավալումը: Ենթադրել, թե Ադրբեջանը տեսանելի հեռանկարում կդառնա Ռուսաստանի հուսալի գործընկեր, կարող են միայն հիմարացնող դիտորդները: ռուսներն իրենք խոր կասկածներ ունեն սեփական պլանների կապակցությամբ:
Պետք է նշել, որ Ռուսաստանի բոլոր նախագահների այցերը բաքու տապալվել են, եւ դա լիովին սպասելի էր: Մեդվեդեւի առաջիկա այցը եւս չի բերի ցանկալի արդյունք: Ներկայիս Ադրբեջանն այն աստիճան է “ծածկված” ամերիկացիների ու բրիտանացիների կողմից, որ ի վիճակի չէ անհրաժեշտ չափով իրական ռազմավարական հարաբերություններ ձեւավորել Թուրքիայի հետ: Ադրբեջանում իշխում է ամենեւին էլ ոչ թուրքամետ ռեժիմ, եւ ընդհանրապես, ադրբեջանական հասարակությունն ամենեւին էլ թուրքամետ չէ տրամադրված: Այնտեղ այլ կողմնորոշումներ են, այլ կարծրատիպեր, այլ մոտիվացիա: “Ալիեւի կլանի” ռեժիմը բավական է սխալ քայլ անի, նրանից միայն հիշողություններ կմնան: Թույլատրված է միայն նեղանալ, բայց ոչ` որոշել:
Պետք է ընդունել, որ ավելի վաղ կասկածներ կային, որ ռուսներն ինչ որ կարեւոր բան են պայմանավորվել ամերիկացիների հետ կովկասի հարցով: Սակայն դա այդպես չէ: Ամերիկացիներն ընդամենը դադար են տվել, ընդ որում` շատ բազմանշանակ եւ խորհելու առիթ տվող դադար: Ամերիկացիները Կովկասի ժամանակը չունեն, նրանք զբաղված են այլ խնդիրներով, սակայն դա չի նշանակում, թե նրանք ինքնաօտարվել են: Եթե ԱՄՆ-ում Հայաստանի բարեկամները, թեկուզ եւ սակավաթիվ, նախընտրեին քաղաքական վերլուծություն կատարել ինտերակտիվ ռեժիմում եւ ջանքեր գործադրեին կապեր հաստատել ամերիկյան ներկայիս ընդդիմության հետ, Հայաստանը, հնարավոր է, այլ կերպ կերեւար: Դա շատ պարզ է: Սակայն, ռուս-ամերիկյան խաղին զուգահեռ, կա նաեւ թուրքական խնդիրը, որը դեռեւս լուծված չէ եւ դժվար թե լուծվի մինչեւ Վաշինգտոնում հանրապետական վարչակազմի իշխանության գալը:
Թուրքական թեման այնքան բարեբեր է Հայաստանի համար, որ ներկայիս իրավիճակից չօգտվելը, եւ Թուրքիայի հարցում ԱՄՆ ռազմավարության մեջ Հայաստանի դերը չհասկանալը պարզապես հանցագործություն է: Մի՞թե “ֆուտբոլային քաղաքականությունն” այդպես էլ ոչ մի բան չի սովորեցրել:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին հրթիռներ մատակարարելուն, լավ կլիներ հիշել որոշումները, որ կայացրին հայերը Երիտթուրքական Թուրքիայի ղեկավարների վերաբերյալ: Հաջողությամբ լուծվեցին այլ տերությունների խնդիրները, իսկ Հայրենիքը կորսվեց: Դե ինչ, կրկնե՞լ մեր հերոսական նախնիների սխալները: Ավելի լավ չէ՞ անցնել կանխիչ գործողությունների: Հրթիռները չպետք է հասնեն Ադրբեջան, այլապես մեր քաղաքական սուբյեկտությունը այդպես էլ կմնա հարցականի տակ:
Thursday, August 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment