Tuesday, August 31, 2010

ԷԽ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Lragir.am», 31.08.10թ: Օգոստոսի 30-ին, ՀՅԴ-ն հաղորդագրություն էր տարածել ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցի տեսքով: Այդ հարցազրույցի մեջ հարց է տրվում ԳՄ ներկայացուցչին. Հայաստանում այսօր առկա են շատ ու շատ ներքին խնդիրներ, որոնց մասին, կարծում եմ, պետք է խոսի դաշնակցությունը որպես քաղաքական կուսակցություն: Արմեն Ռուստամյանը պատասխանում է. Ղարաբաղի հիմնախնդիրը հայ ժողովրդի օրակարգի ամենակարևոր հարցերից է, որն ուղղորդում է մեր թե´ արտաքին, թե´ ներքին քաղաքականությունը: Այս սերնդի հիմնական հարցը Արցախն է, և հիմնախնդրի լուծումն է, և քանի դեռ այս հարցը չի լուծվել, մնացած խնդիրների ամբողջական լուծում հնարավոր չէ պատկերացնել: Այդ պատասխանի տրամաբանությունը նույնն է, ինչ ՀՀՇ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթի հայտնի դրույթն այն մասին, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման, դեմոգրաֆիական վիճակի բարելավման հեռանկար չկա, ինչ իշխանություն էլ որ լինի Հայաստանում: Փաստորեն, Դաշնակցությունն էլ եկել հասել է Տեր-Պետրոսյանի տեսակետին, եւ ներքին խնդիրների մասին խոսելու հարցին ի պատասխան կարծում է, որ քանի դեռ այս հարցը (Ղարաբաղի հարցը) չի լուծվել, մնացած խնդիրների ամբողջական լուծում հնարավոր չէ պատկերացնել: Ինչ պատահեց հանկարծ, որ Դաշնակցությունը եկավ ու կանգնեց Տեր-Պետրոսյանի տեսակետի կողքին: Արմեն Ռուստամյանն իհարկե փորձում է ամեն գնով ժխտել դա, նույն իր հարցազրույցի հետագա մասում փորձելով բացատրել. Հարցի լուծման hիմնական մոտեցումները քիչ թե շատ հստակ ձևակերպված են: Մի մասն ասում է` առանց զիջելու մենք չենք կարող զարգանալ, քանի դեռ այս խնդիրը չի լուծվել` Հայաստանը դատապարտված է կորուստների, որևէ զարգացում անիմաստ է ակնկալել: Մեր մոտեցումն այլ է: Մենք վստահ ենք, որ Հայատանն ունի բոլոր հնարավորությունները և կարող է զարգանալ առանց զիջելու: Ոչ, հարգելի պարոն Ռուստամյան: Ձեր ասածից ամենեւին չի ստացվում, որ Հայաստանը կարող է զարգանալ առանց զիջելու: Դուք ասում եք. Այս սերնդի հիմնական հարցը Արցախն է, և հիմնախնդրի լուծումն է, և քանի դեռ այս հարցը չի լուծվել, մնացած խնդիրների ամբողջական լուծում հնարավոր չէ պատկերացնել: Ինչպես կարող է երկիրը զարգանալ, եթե մնացյալ հիմնախնդիրները ամբողջապես լուծված չեն: Եվ եթե այդ մնացյալ խնդիրների ամբողջական լուծումը կապում եք Արցախի հիմնախնդրի լուծման հետ, ապա դա նշանակում է, որ երկրի զարգացումն էլ կապում եք դրա հետ: Իսկ թե ինչ բառեր եք ընտրում դա ասելու համար, դա արդեն մեծ հաշվով նշանակություն ունի ոչ թե իմաստային, այլ ուղղակի քաղաքական առումով: Պարզապես Լեւոն Տեր-Պետրոսյանը դրսեւորում է իրերն իրենց անունով կոչելու քաղաքական համարձակություն եւ գուցե նաեւ ազնվություն, իսկ Դաշնակցությունը չունի այդ համարձակությունը եւ առաջնորդվում է բառակազմական մանեւրներով: Բայց մարդիկ հո հիմար չեն: Մարդիկ հո տեսնում են, որ փաստորեն Դաշնակցությունն էլ անցել է “նախ Ղարաբաղ” սկզբունքին: Եվ նաեւ հասկանալի է, թե ինչու: Դա ամենալավ սկզբունքն է քաղաքական ուժին իր դեմքը պահելու համար: Ներքին գործընթացներում ձախողված կամ սեփական գործունեության հեռանկար չտեսնող քաղաքական ուժերի համար Ղարաբաղը պայման կամ նախապայման դարձնելը, Ղարաբաղի լուծումն առաջնային դարձնելը շատ հարմար մարտավարություն է: “Դե, մենք ինչ անենք ներքին գործընթացներում, եթե ամեն ինչ կախված է Ղարաբաղից, եւ ինչ էլ անենք, մեկ է գալու ենք կանգնենք Ղարաբաղի առաջ, ու այդժամ ճիշտը նախ Ղարաբաղը մեր առաջից հանելն է”: Ահա մոտավորապես դա են ասում թե Տեր-Պետրոսյանը, թե Դաշնակցությունը: Մինչդեռ պարադոքսն այն է, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում ունի մի խաղաքարտ` դա զարգանալն է: Միայն զարգացած Հայաստանը կարող է Ղարաբաղի հարցում ամուր դիրք եւ նպաստավոր լուծում ունենալ, իսկ ավելի ճիշտ` պահել արդեն իսկ արձանագրած լուծումը եւ դրան տալ միջազգային իրավունքի ուժ: Որեւէ այլ գրավական Հայաստանը չունի: Հետեւաբար միտքը, թե Արցախի հարցի չլուծվածության պարագայում մնացյալ խնդիրների ամբողջական լուծում հնարավոր չէ, առավելապես շահարկում է, ոչ թե քաղաքական դիրքորոշում: Մնացյալ խնդիրների ամբողջական լուծման դեպքում է միայն հնարավոր Արցախի հարցի լուծում: Հետեւաբար, Հայաստանի քաղաքական ուժերը թերեւս ավելի լավ կանեն Արցախի հիմնախնդիրը հանգիստ թողնեն, ու անցնեն Հայաստանի ներքին խնդիրները լուծելու ռեժիմի, եթե իհարկե կարող են այդ ռեժիմում քիչ թե շատ արդյունավետ գործել: Բայց դրա համար իհարկե պետք է մեկտեղել խոսքն ու գործը: Արցախի հարցում փաստորեն բոլորը լավ էլ մեկտեղում են, իսկ ահա ներքին խնդիրների պարագայում չգիտես ինչու դա չի ստացվում: Իսկ գուցե այն պատճառով, որ ներքին խնդիրների պարագայում, օրինակ, Դաշնակցությունն ունի բիզնես քվոտաներ, որոնք կանխորոշում են այդ կուսակցության քաղաքական դիրքորոշման զգալի մասը: Դրա համար էլ ավելի լավ է առաջնային հռչակել Արցախի հիմնախնդիրը եւ մնացյալն ածանցել դրանից, որովհետեւ այդպես թե քվոտաները չեն տուժի, թե հնարավոր կլինի երկար մնալ քաղաքական արեալում, քանի որ Արցախի հարցը մեկ է դեռ երկար չի լուծվելու: Իսկ ինչքան երկար Արցախի հարցը չլուծվի, այդքան շատ կլուծեն իրենց հարցերը Հայաստանի քաղաքական ուժերը, որովհետեւ նրանց հարցերի լուծման համար Արցախի հարցը նախապայման չէ: Այն նախապայման է դարձվել միայն հասարակության եւ պետության խնդիրները լուծելու համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: