Tuesday, August 31, 2010

Եւս մեկ դամոկլյան սուր

«Հետք.am», 31.08.10թ: Ադրբեջանը սեպտեմբերի 9-ին պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանին ներկայացնել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը:
Բանաձեւը «ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիության, փախստականների վերադարձման անհրաժեշտության եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծման, մշակույթի հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացման անթույլատրելիության» մասին է: Ի՞նչ կլինի, եթե բանաձեւն ընդունվի, եւ Ադրբեջանի այս քայլը արդյոք հայակական թույլ դիվանագիտության արդյունքը չէ՞:
Նաիրա Զոհրաբյան, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Այդ նախագիծը տեւական ժամանակ է շրջանառվում է ՄԱԿ-ի օրակարգում եւ հայտնի չեն քվեարկության արդյունքները: Բայց մենք չպետք է կանխատեսումներ անենք եւ Աստծուն աղոթենք, որ հանկարծ քվեարկության արդյունքները մեզ համար անբարենպաստ չլինեն: Իհարկե, դրանք խորհրդատվական բնույթի բանաձեւեր են եւ պարտադիր կիրառման ուժ չեն ունենալու, բայց ես այդ մասին բազմիցս եմ ասել, որ մենք չպետք է վերջին պահին մոբիլիզացնենք մեր դիվանագիտական ողջ ռեսուրսը, որ բանաձեւը մեզ համար անբարենպաստ արդյունքը չունենա: Պետք է ժամանակին եւ ճիշտ անշխատել քարոզչական ճակատում: Որպես միջազգային կառույցներում ներկայացված պատվիրակության անդամ, երբ խոսում եմ, որ քարոզչական ճակատում խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրները խիստ անհետաձգելի են եւ օր առաջ պետք է լուծել, քանի որ ադրբեջանական լոբբին վերջին շրջանում շատ ակտիվորեն է գործում, չգիտեմ ինչու իմ այդ տեսակետները իմ որոշ գործընկերների դուրը չի գալիս: Նրանք գտնում են, որ խտացնում եմ գույները:
Այդպես չէ, քանի որ Ադրբեջանում Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որի նախագահը Իլհամ Ալիեւի կինն է` Մեհրիբան Ալիեւան, տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում քարոզչության համար: Եթե այդ երկրում պետական մրցանակ է սահմանվել Խոջալուի մասին հերթական ապատեղեկատվական վավերագրական ֆիլմ նկարահանելու համար, ապա մենք, ցավոք սրտի, բավարարվում ենք ընդամենը պասիվ պատասխանողի դիրքերից: Պետք է լինենք ավելի նախաձեռնող եւ արդյունավետ համակցենք արտգործնախարարության, խորհրդարանի միջազգային պատվիրակությունների, մեր դեսպանների աշխատանքները: Եթե չկա համակարգված աշխատանք, ահա արդյունքը` նման փաստի ու իրողությունների առջեւ ենք կանգնում:
Շատ ուրախ եմ, որ ԱԺ նախագահի կողմից ստեղծվել է միջազգային կառույցներոււմ հայկական պատվիրակությունների համակարգող խորհուրդ, որն արդեն մի քանի նիստ հրավիրել է: Հիմա առաջացել է հրատապ անհրաժեշտություն քարոզչական ճակատում մեր խնդիրները համակարգելու համար: Եթե մենք բավարարվենք նրանով, որ չիջնենք ադրբեջանցիների մակարդակին, այդ չիջնելու արդյունքները մեզ համար լինում են ոչ բարենպաստ:
Ես հիմա անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունները չեն անում առավելագույնը: Բայց կա համագործակցության կոորդինացված աշխատանքի պակաս, տարբեր երկրներում դեսպանությունների եւ ներկայացուցիչների միջեւ: Ցավոք սրտի` դա այդպես է:
Մենք պետք է կարողանանք ակտիվացնել ԱԳՆ-խորհրդարան կապը: Առաջիկայում եւս մեկ համատեղ քննարկում կլինի, որին մասնակցելու են նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք Արցախի մեր գործընկերների հետ գտնել օպտիմալ տարբերակներ մեր պետական, ազգային խնդիրներն ավելի արդյունավետ ներկայացնելու միջազգային կառույցներում: Ես միշտ ասել եմ, որ մենք խղճուկ պատկերացում ունենք եվրոպացի պատգամավորի ինտելեկտուալ ունակությունների, նրա տեղեկացվածության, նրա էքսպերտային մակարդակով ղարաբաղյան խնդրին տիրապետելու մասին: Նրանց գերակշիռ մասը նույնիսկ չգիտեն, թե ինչ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ շատ արագ ենթարկվում են առաջին քարոզչական գրոհի ազդեցությանը: Ցվոք սրտի` նրանք շատ դեպքերում ենթարկվում են ադրբեջանական ապատեղեկատվության գրոհին:
Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն» խմբակցություն
Այս բանաձեւի քննարկումը ՄԱԿ-ում ոչ միայն Հայաստանի համար վտանգ կներկայացնի, այլեւ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի համար է վտանգավոր: Հայաստանի իշխանությունների խնդիրը միջազգային հանրությանը բացատրելն է, որ Ղարաբաղի այս կամ այն բաղադրիչը քննարկման առարկա դարձնելը Ադրբեջանի քմահաճույքն է ամենատարբեր միջազգային կառույցներում: Սա պետք է վաղուց անեին, իսկ Հայաստանի իշխանությունները տարբեր միջազգային կառույցներում գերադասում են լռել, չխոսել այդ խնդրի մասին եւ արտահայտվում են միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսում է թեման, այն դեպքում, երբ Հայաստանը պետք է նախահարձակ լիներ եւ թույլ չտար, որպեսզի 2005 թ-ից մինչեւ հիմա օրակարգում կախված մնար այդ հարցը: Միջազգային կառույցներում հայկական դիվանագիտությունը կաղում է, որովհետեւ պաշտոնական Երեւանը չգիտի, թե ինչ է ուզում եւ վախենում է բարձրաձայնել, որ սակարկություններ չպետք է լինեն, որ Ղարաբաղի հակամարտությունը հանգել է նրա կարգավիճակի ճանաչմանը, ինչպես Կոսովոյի դեպքում արվեց, կամ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Սա պիտի ասվեր, ոչ թե ամեն անգամ համաձայնեին այն տարբերակներին ինչն առաջարկվում է: Իշխանության լեգիտիմության խայտառակ դեֆիցիտը ուղղակի ամենատարբեր վախեր է առաջացնում այդ հարցի մասին խոսելու առումով:
Նման բանաձեւերն ավելի շատ ականապատում են ապագան, քան ներկան: Հետագայում, երբ Ադրբեջանն ավելացնի իր ազդեցությունը եւ իր պայմաններն ավելի լուրջ թելադրի` ելնելով իր տնտեսական աճի եւ հզորացման տեմպերից, այդ դեպքում էական ազդեցություն կարող են ունենալ նշված բանաձեւերը: Հիմա կարող են ասել, որ այս բանաձեւը, միեւնույն է, ոչ մի հետեւանք չի ունենալու, ոչ մի դեր չի խաղալու, բայց դա մխիթարություն չէ, որովհետեւ ԵԽԽՎ 1416 բանաձեւը հակառակն ապացուցեց եւ ընդունվելուց 2 տարի հետո իրեն զգացնել տվեց:
1416 բանաձեւն ընդունվեց եւ անտեսվեց Հայաստանի իշխանությունների կողմից եւ մեկնաբանվեց, որ դա ընդամենը քաղաքական է եւ իրավական պարտավորեցման ուժ չունի: Արդյունքում բավարար եղավ, որ ԵԽԽՎ նախագահ նշանակվի ազգությամբ թուրք Չավուշօղլին, եւ այդ բանաձեւի չիրականացման մասին խոսի հենց թուրք ներկայացուցիչը: Այդ բանաձեւը գնահատվում է, որպես ԵԽԽՎ չկատարված բանաձեւ, չկատարված պարտավորություն: Ահա ինչպիսի հետեւանք կարող է ունենալ ՄԱԿ-ում նման բանաձեւի ընդունումը, հետագայում խնդրի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Գրիշա Բալասանյան

No comments: