Monday, September 27, 2010

Աբդուլլահ Գյուլին նվաստացրել են Նյու Յորքում

Tert.am. 27-9-2010- Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Նյու Յորքում Բալկանյան երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ դիտավորյալ ոտքի չի կանգնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ողջունելու համար, որը գագաթնաժողովին մասնակցում էր որպես պատվավոր հյուր: Այս մասին է գրում Բուլղարիայում լույս տեսնող Trud թերթը:
Պարբերականը, վկայակոչելով բուլղարացի դիվանագետներին, գրում է, որ գագաթնաժողովը, որին, ներառյալ Սերբիան, մասնակցում էին Բալկանյան բոլոր պետությունները, «չափից դուրս ցուցադրական էր» և նպատակ ուներ ընդգծել «Թուրքիայի ազդեցությունը»:
Ըստ Trud-ի, երբ Աբդուլլահ Գյուլը` որպես պատվավոր հյուր, մտել է Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցի սրահ, որտեղ ընթանում էր գագաթնաժողովը, բոլոր ներկա գտնվողները, բացառությամբ Բոյկո Բորիսովի, ոտքի են կանգնել Թուրքիայի առաջնորդին ողջունելու համար:
«Իսկ Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը և Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան միմյանց հերթ չէին տալիս Գյուլին ողջունելու համար»,- գրում է բուլղարական պարբերականը` մեջբերելով Բոյկո Բորիսովի խոսքերը. «Ոտքի չկանգնեցի: Գյուլը տեսավ, որ ես նստած եմ: Իմ նպատակը հասկացավ և մոտենալով ինձ` ձեռքս սեղմեց»:
Այնուհետև Բուլղարիայի վարչապետը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում խոսել է Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի անկախացման մասին և շնորհավորել Բուլղարիայի անկախության տոնը, որը նշվում է սեպտեմբերի 22-ին:
Իր ելույթից հետո Բուլղարիայի վարչապետը մոտեցել է Գյուլին և ասելով` «ավելի կարևոր գործեր ունեմ», լքել է դահլիճը:

No comments: