Tuesday, September 7, 2010

«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները կքննարկվեն ԱԺ աշնանային նստաշրջանում

ԱԺ–ում մեկնարկող նստաշրջանում կքննարկվեն նաև կրթությանը վերաբերող խնդիրներ։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ օրակարգում կան մի քանի կարևոր օրինագծեր, որոնք վերաբերում են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքին, «Կրթության պետական տեսչության մասին» օրենքին, «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքին։ Նախարարի խոսքով՝ կարևոր և հեղափոխական օրինագծերից են «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխությունները։
«Ակնկալում ենք շատ բուռն, արդյունավետ քննարկումներ», – ասաց նա։
Ըստ Աշոտյանի, այդ օրինագծով նախատեսվում են խորքային փոփոխություններ ուսանող–դասախոս հարաբերություններում, բուհական կառավարման համակարգում։
«Այդ օրինագծով նախատեսվում է բոլոր բուհերի ընդունելությունները կատարել միայն միասնական քննությունների ձևով», – ասաց նա։
Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ օրինագիծը կընդունվի մինչև տարվա վերջ, և 2011թ. դիմորդները կհանձնեն միասնական ընդունելության քննություն։

No comments: