Tuesday, September 7, 2010

Նոր քարտեզներ հանրակրթական դպրոցներում

Panorama.am. 7-9-2010- ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ` հանրակրթական դպրոցներին են տրամադրվել «Հայաստանի Հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական և վարչական քարտեզները, որոնցում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ներկայացված են որպես մեկ ամբողջություն:
«Արցախյան ազատամարտի տարիներին ես սովորում էի ինստիտուտում: Ընկերներիս հետ գնում էինք օպերայի հրապարակ, նստացույցի ու հանրահավաքների մասնակցում: Գիտակցում կար, որ կարևոր նպատակ ունենք` բոլորս` միասնական: Գիտեինք, որ մեր ապագայի ու մեր անկախության համար էինք պայքարում: Այդպիսի միասնականություն էլ երբեք չեմ զգացել: Դա «ազատության սերունդն» էր»,- այսպես սկսեց իր հերթական դասը աշխարհագրության ուսուցչուհի Գևորգյանը:
Այս դասը փոքր ինչ տարբերվում էր մնացած բոլոր դասաժամերից. աշակերտները երևի լավ չեն հասկանում միշտ հանգիստ ու հավասարակշռված իրենց ուսուցչուհու ոգևորությունը, ով տարիներ շարունակ պատմելով արցախյան հերոսամարտի, ազատագրված տարածքների ու ԼՂՀ անկախության մասին, հնարավորություն չի ունեցել ցույց տալ դրանց իրական աշխարհագրական պատկերը:
«Կարելի է վստահորեն ասել, որ նման քարտեզներով գիտելիք ստացող աշակերտի համար առավել ընկալելի է լինելու մեր հաղթանակը, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով»,- ասում է ուսուցչուհին, ով համոզված է` այս քարտեզները վաղուց պետք է լինեին յուրաքանչյուր դպրոցում:

No comments: