Tuesday, September 28, 2010

ՉԵԶՈՔ ԳՈՏԻ ՂԱՐԱԲԱՂՈ՞ՒՄ

«Լրագիր» 27-9-2010- Դատելով ամեն ինչից, ղարաբաղյան խնդրով միջնորդները որոշակի քայլեր են ձեռնարկում, որոնք կամրապնդեն կայունությունը տարածաշրջանում, չխախտելով ուժերի ձևավորված հավասարակշռությունը: Այդ քայլերի էության մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Հնարավոր է, որ դրանք կապված են խաղաղարար ուժերի տեղակայման հետ, սակայն չի բացառվում չեզոք գոտիների ստեղծումը, ուր կարող են վերադառնալ փախստականները եւ ստեղծվի ազատ առևտրի գոտի:
Այդ հնարավորության մասին է վկայում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ովքեր հայտնել են ՀՀ ԱԳ նախարարին, որ հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում կգործի գնահատման առաքելությունը: Հետաքրքիր է, որ առաքելությանը մասնակցելու համար ԵԱՀԿ-ն հրավիրել է ՄԱԿ Զարգացման ծրագրի և փախստականների հարցերով Բարձրագույն կոմիսարիատի փորձագետներին: Դա նշանակում է, որ առաքելությունը պետք է գնահատի ԼՂՀ այն շրջանների զարգացման հնարավորությունները, որոնք տեղակայված են նախկին ԼՂԻՄ-ի շուրջ, ինչպես նաև որոշակի քանակով փախստականների վերադարձ:

“Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծանրագույն խնդիր է: Կողմերի դիրքորոշումները ամրապնդվել են, և գոյություն ունի այնպիսի հավասարակշռություն, որը խախտեկը շատ բարդ է”, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ աշխատակից Անդրեյ Կելինը: Նա ավելացրել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն առաջին անգամ բազմաթիվ տարիների ընթացքում համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները 17 կետերում: “Դրանց թվում կան այնպիսիները, որ գործնականում համաձայնեցված են, սակայն կան նաև այնպիսի խորքային հարցեր, որտեղ դիրոքորոշումները հիմնովին տարբերվում են: Եվ դեռևս այդ խորքային սկզբունքերում, որոնցում տարաձայնություններ են ի հայտ գալիս, չի հաջողվում լուծումներ գտնել”, ասել է նա: Անդրեյ Կելինը տեղեկացրել է, որ հակամարտության լուծման համար լուրջ ազդակ է անհրաժեշտ, որպեսզի երկու մայրաքաղաքները մոտենան վերջնական մերձեցման:

Թե ինչպիսի ազդակի մասին է խոսք գնում, նույնպես միայն կարելի է գուշակել: Դա կարող է լինել զուտ բազմազգ խաղաղարար ուժերի տեղակայում, որոնք փաստորեն կորոշեն Ղարաբաղի և տարածքների միջև բաժանման գիծը, որը միջազգային հանրությունն անվանում է ադրբեջանական:

Փաստորեն, ղարաբաղյան հակամարտությունը փորձում են լուծել առանց հիմնական հարցերի կարգավորման` Ղարաբաղի համար վերջնական կարգավիճակ և ինչ որ տարածքների վերադարձ Ադրբեջանին: Լուծումը ընկած պետք է լինի այս երկու բևեռների միջև:

Ընդ որում, Ժամանակ թերթին տված հարցազրույցում Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նշել է, որ “օկուպացված 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Մի բան պարզ է` այդ տարածքները օկուպացված են, և նրանց կարգավիճակի փոփոխությունը նշանակում է տարածքների վերադարձ Ադրբեջանի վերասկողության տակ”: Նա նշել է, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը, որը կկայանա Աստանայում դեկտեմբերին, կարող է շատ հարմար հրապարակ դառնալ: “Չեմ կարող ասել, որ փաստաթուղթ կստորագրվի, սակայն դրա համար ներուժ կա: Չնայած այն բանին, որ հիմնական հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները պահպանվում են, ես հավատում եմ, որ միջազգային հանրության համագործակցության օգնությամբ կողմերը կկարողանան համաձայնություն և երկարաժամկետ խաղաղություն հաստատել”, ասել է Ֆրեյզերը:

“Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի ամրապնդման և ուժի չկիրռաման կամ դրա կիրառման սպառնալիքի դեմ համաձայնագրի ստորագրման առաջարկները մերժել”, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից: Դատելով հայտարարությունից, Հայաստանը պնդում է ստատուս-քվոյի ամրապնդումը և ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն առանց ուժերի հավասարակշռության որևէ փոփոխության:

Լեռնային Ղարաբաղը դեմ չէ այն բանին, որ իր տարածքների վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ՄԱԿ փորձագետները Դաշտային առաքելություն իրականացնեն: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Շաբաթ օրը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Բաբայանը նշել է, որ Ղարաբաղը համաձայնություն է տվել պայմանով, որ նմանատիպ առաքելություն կիրականացվի նաև “Գետաշենում և Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ”: Բաբայանի խոսքով, համանախագահներն այդ առաջարկն ընդունել են: “Կիսելով նման մոտեցումը, նրանք հայտարարել են, որ անպայման կանեն ամեն բան, որ դա տեղի ունենա: Այսինքն, մենք ակնկալում ենք, որ նմանատիպ առքելություն պետք է անցկացվի նաև այնտեղ և որ այդ առաջարկն ընդունված է”:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: