Wednesday, October 13, 2010

Հայաստան-Իրան երկաթուղու նախագծման աշխատանքները կմեկնարկեն 2011-ին

Diplomat.am. 13-10-2010- Տնտեսական շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն: Երկաթգծի շինարարությունը ևս մեկ պատուհան կլինի դեպի Արևելքի շուկաներ և փաստացի ելք կհանդիսանան դեպի նոր նավահանգստներ: Հիշեցնենք, որ երկաթգծի կառուցման մասին փոխընբռնման հուշագիրը ստորագրվել է դեռևս 2009 թվականի ապրիլին:
Ընդհանուր առմամբ՝ ըստ հայ-իրանական փաստաթղթի, երկաթուղային նախագիծը բաղկացած է երեք փուլից՝ նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, երկաթգծի նախագծում և քարտեզագրում, բուն շինարարական աշխատանքներ: Փորձագետների կարծիքով առաջին 2 փուլերի համար կպահանջվի մոտ 1 ու կես տարի ժամանակ, ևս 3-4 տարի կպահանջեն շինարարական աշխատանքները: Այս նախագծի համար սկզբնական փուլում քննարկվում էր երեք տարբերակ՝ Մեղրի-Երասխ (443 կմ), Մեղրի-Վարդենիս (449 կմ) և Մեղրի-Գագարին (313 կմ): Իսկ այժմ արդեն հստակեցված է երկաթգծի վերջնական երթուղին: Այն կանցնի Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին ուղղությամբ և կկազմի շուրջ 313 կիլոմետր:

Ներկայում, սակայն, նույնիսկ մոտավոր գնահատական չկա, թե որքան կարող է արժենալ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը: Հաշվի առնելով Հայաստանի լեռնային տեղանքը և երկաթուղու վերջնական երկարությունը՝ տարբեր փորձագետների կողմից մինչ օրս տարբեր գնահատականներ են հնչեցվել: Եվրոպացի մասնագետների հաշվարկներով` այս երկաթուղու կառուցման համար կպահանջվի 4 մլրդ դոլար, իսկ ամերիկացիների հաշվարկներով՝ այն կարժենա 1.7-1.8 մլրդ դոլարի սահմաններում: Նշենք, որ նախկինում հայ և իրանցի պաշտոնյաները խոսում էին 1-1.2 մլրդ դոլարի մասին:

Հայաստանի կառավարությունն այս նախագծի համար դիտարկում է ինչպես միջազգային ֆինանսական ինստիտուտների վարկային միջոցների ներգրավումը, այնպես էլ խոշոր պետությունների մասնակցությունը: Հայաստանի երկաթուղու կառուցման մեջ արդեն իրենց հետաքրքրություն են հայտնել Ասիական զարգացման բանկը, ԵվրԱզԷս կազմակերպությունը, Չինաստանի հանրապետությունը և այլ երկրներ ու ֆինանսական հաստատություններ:

No comments: