Thursday, October 7, 2010

Մայր Աթոռում մեկնարկել է Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը

Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն է սկսել Մայր Աթոռի եւ Հոլանդիայի հայոց հոգեւոր հովվության կողմից Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված եռօրյա գիտաժողովը:
Այն նվիրված է Ամստերդամի «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը (1660 թ.) եւ գործունեությանը:
Բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, նշելով. «Ամստերդամում հաստատված տպագրատունն իր ընթացքով եւ արգասիքներով հայ տպագրության տարեգրության մեջ լուսավոր եւ կարեւորագույն հանգրվաններից է:
500-ամյա հոբելյանին ընդառաջ ենք գնում ոչ միայն անցյալի կարեւոր դրվագները լոկ խոսքերով արժեքավորելով, այլեւ ստեղծագործական ու հրատարակչական նորանոր մնայուն ավանդներով»:
Գիտաժողովի առաջին նիստում լսվել են Տ. Ներսես ավագ քահանա Ներսիսյանի` «Ինչպես տոնել հայկական տպագրության 500-ամյա հոբելյանը. Թովմաս եւ Ղուկաս Վանանդեցիների ավանդը», Ազատ Բոզոյանի` «Ամստերդամյան տպագրության առաջին փուլը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», Էլիզ Թաջիրյանի` «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար տպարանը. տիպաբանական վերլուծություն», Տիգրան Զարգարյանի` ՙՀայ հնատիպ գրքի պահպանությունը թվայնացման օգնությամբ Ամստերդամի հրատարակությունների օրինակով՚, Գրիգոր Բրուտյանի` «Տոմարական գրականությունն Ամստերդամի տպագրություններում» զեկույցները:
Երկրորդ նիստում` նախագահությամբ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի եւ Ազատ Բոզոյանի, լսվել են հետեւյալ զեկույցները. Դավիթ Ղազարյան` «Ոսկանյան տպարանը եւ հայերեն հնատիպ հմայիլները», Վարդան Դեւրիկյան` «Գանձերի եւ չափածո մյուս ստեղծագործությունների ամստերդամյան հրատարակությունները», Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյան` «Մաշտոցի` Ոսկան Երեւանցու հրատարակությունը»:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 8-ին եւ 9-ին:
Գիտաժողովին մասնակցում են Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր գիտակրթական հաստատությունների 18 գիտնականներ:

No comments: