Thursday, October 7, 2010

Թուրքերը հերքում են. Բաքուն թուրքական դրոշը չի արգելել

Tert.am. 7-10-2010- Ադրբեջանի տարածքում կշարունակվի ծածանվել Թուրքիայի Հանրապետության դրոշը: Այս մասին, թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել են Բաքվում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները` հերքելով երեկ տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում հերթական անգամ արգելվել բարձրացնել Թուրքիայի Հանրապետության դրոշը:
Բաքվում թուրքական դիվանագիտական առաքելության աշխատակիցները հայտարարել են, որ իրենք տարածված տեղեկությունը քննարկել են Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք էլ հերքել են այդ լուրը:
Երեկ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ադրբեջանական «Ազադլըք» թերթը, տեղեկացրել էին, որ Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ արգելել են երկրի տարածքում բարձրացնել Թուրքիայի Հանրապետության դրոշը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ` որոշումը կայացվել էր իշխանական վերին օղակներում, սակայն մինչև այս պահը որևէ անուն չէր շրջանառվում: Իսկ արդեն այսօր Anadolu գործակալությունը, նույնպես վկայակոչելով «Ազադլըք» պարբերականը, տեղեկացնում է, թե այդ որոշումը կայացրել էր Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մեմմեդովը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացի մեկնարկից հետո ադրբեջանական իշխանությունները, ի նշան բողոքի, Շեհիդների պուրակում խոնարհել էին Թուրքիայի դրոշը:
Նշենք, որ թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Վերջինս հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ներկայում որևէ ճգնաժամ չկա:
«Մեզ համար Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները նույն կարևորությունն ունեն և դրանց հանդեպ նույն հարգանքն է ցուցաբերվում: Թեմայի առնչությամբ թուրք-ադրբեջանական հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա և չպետք է լինի»,- հայտարարել է Դավութօղլուն:

No comments: