Wednesday, October 13, 2010

Հունաստանի խորհրդարանի խոսնակ. Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է

Հոկտեմբերի 12-ին սկսվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստան: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են պատգավորներ Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզաննա Առաքելյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալեքսան Պետրոսյանը:
Աթենքում հայկական պատվիրակությանն ընդունել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական եւ ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաեւ պատմական ընդհանրությամբ եւ ճակատագրերի նմանությամբ: «Եվ հայերը, եւ հույները տուժել են Թուրքիայի կողմից», -նշել է Պապուլիասը: Նա ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:
Հունաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ հունվարին սպասվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Անդրադառնալով ԼՂ խնդրին, Պապուլիասը կարեւորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահն իր հերթին շեշտել է, որ հայ-հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականության համատեքստում` հաշվի առնելով Հունաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կառույցներում: Նա կարեւորել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը, նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող եւ Հունաստանի հայկական համայնքին հուզող մի շարք հարցեր:
Հաջորդ հանդիպումը Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ էր: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Հունաստանի փորձը, առաջարկել է քննարկել նաեւ փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:
Հունաստանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը եւ ողջունել Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքը: Նա նշել է, որ Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է եւ ամեն ինչ կանի Հայաստանին օժանդակելու եվրաինտեգրման գործընթացում:
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը իր հույն գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները մամուլի համար հանդես են եկել հայտարարությամբ: Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հովիկ Աբրահամյանին պարգեւատրել է Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ պատվիրակությունը Նեա Զմիրնիում ծաղկեպսակ եւ ծաղիկներ էր դրել Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:

No comments: