Thursday, October 7, 2010

ՄԱՐԴՈՒ ԱՐԺԵՔԸ

«Լրագիր» 7-10-2010- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, անդրադառնալով Ադրբեջանում գերված հայաստանցի հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանությանը, որ Ադրբեջանն իրեն ահաբեկչի պես է պահում եւ մարդկանց առեւագնում է, նվաստացնում, իսկ հետո սպանում:
Արտգործնախարարի գնահատականն իսկապես արդարացի է: Ադրբեջանցիները առեւանգեցին հայաստանցի հովվին, նրան ստիպեցին իրենց հեռուստաեթերում վարկաբեկիչ բաներ ասել Հայաստանի իրավիճակի հասցեին, իսկ հետո սպանեցին:
Բայց մի քիչ անհասկանալի է այդ ամենի հանդեպ Հայաստանի իշխանության պահվածքը: Նույնն էր նաեւ Չայլուի դեպքից հետո, երբ հունիսի 18-ի դիվերսիոն ներխուժումը բնորոշվեց “ուխտադրուժ” եւ այդ կարգի բառերով: Բանն այն է, որ եթե խոսքը լիներ ասենք Վրաստանի սահմանին այդպիսի միջադեպի, կամ թեկուզ Թուրքիայի սահմանին այդպիսի միջադեպի մասին, ապա “ուխտադրուժ” բնորոշումն ու այդ կարգի ձեւակերպումները կլինեին միանգամայն տեղին, ու գուցե նույնիսկ մեղմ: Բայց երբ խոսքը մի պետության մասին է, որի հետ Հայաստանը գտնվում է հրադադարված պատերազմի մեջ, որը Հայաստանին գրեթե ամեն օր սպառնում է պատերազմի վերսկսումով, ուղղակի զարմանալի են “ուխտադրուժ” կամ “ահաբեկիչ” բառերը: Անհասկանալի է նաեւ, թե դրանք ինչ քարոզչական էֆեկտ կարող են ունենալ արտաքին աշխարհի համար:
Մինչդեռ, կոնկրետ Մանվել Սարիբեկյանի հետ պատահած ողբերգության պարագան ստիպում է ուշադրություն դարձնել մի կարեւոր խնդրի` Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության պատրաստվածությանը: Արդյոք Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունը պատրաստված է հայ-ադրբեջանական ներկայիս կիսապատերազմական հարաբերության պայմաններում ապրելուն: Արդյոք իշխանությունը, համապատասխան մարմինները կատարում են այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը: Արդյոք այդ շրջանների բոլոր բնակիչները պարբերաբար տեղեկացվում են հնարավոր վտանգների մասին, որ նրանց կարող են սպառնալ տեղաշարժերի ընթացքում: Արդյոք այդ շրջանների բնակչությանը ներկայացվում են ցուցումներ, թե ուր չպետք է գնալ, որ դեպքում ինչ է պետք անել, ինչ անելուց պետք է ընդհանրապես ձեռնպահ մնալ: Այդ ամենի ուղղությամբ իշխանությունը Հայաստանում երբեւէ հետեւողական, համակարգված աշխատանք կատարե՞լ է, կատարո՞ւմ է, թե՞ այդ ամենը թողնված է ինքնահոսի, որ սահմանամերձ շրջանի բնակիչներն իրենք իրենց դառը փորձից դասեր քաղեն եւ հետեւություններ անեն:

Չէ որ գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն ամեն առիթ կարող են օգտագործել դիրքերին մոտ գտնվող բնակավայրերից հայաստանցիներ առեւանգելու եւ հետո նրանց ըստ սեփական հայեցողության օգտագործելու համար: Չէ որ այդ պրակտիկան նոր չէ: Հետեւաբար Ադրբեջանին ահաբեկիչ ասելուց բացի, որն ըստ էության Հայաստանի իշխանության ընդամենը պոստֆակտում արձագանքն է, պետք է թերեւս արժեվորել սեփական քաղաքացու կյանքը եւ սահմանամերձ բնակավայրերում աշխատանք կատարել այդ կյանքը հնարավորինս անվտանգ դարձնելու համար, այդ թվում ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ իրազեկման միջոցով: Պետության համար պետք է թանկ լինի ամեն մի քաղաքացու կյանքը, անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից եւ քաղաքական կողմնորոշումից, եւ պետության ջանքը պետք է ուղղված լինի անել հնարավորն ու նույնիսկ մտածել անհնարը հնարավոր դարձնելու մասին, որպեսզի քաղաքացին լինի առավելագույնս պաշտպանված:

Թե՞ Հայաստանի իշխանությունը համարում է, որ այդպիսի հարց չկա, եւ այդ խնդիրը մտացածին է եւ դավադրություն է Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության հանդեպ եւ փորձ է հեղինակազրկել սահմանամերձ շրջանները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: