Friday, October 8, 2010

Ֆրանսիայի Սենատում կրկին կարող է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենք ընդունվել

News.am. 8-10-2010- Մարսելի քաղաքապետն ու փոխքաղաքապետը նոր ստորագրահավաք են սկսել, որի նպատակն է Ֆրանսիայի Սենատում երկրորդ անգամ քննարկման դնել եւ ընդունել «Հայոց ցեղասպանության հերքումը ֆրանսիայում քրեորեն պատժելի համարող օրինագիծը»: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հենց ինքը` Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանը:
Նա նշեց, որ երբ սկսվեց հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը, Ֆրանսիայում ոչ ոք այլեւս չէր խոսում Սենատում այդ օրենքի ընդունման վերսկման մասին, սակայն հիմա, երբ գործընթացը սառեցված է, այլեւս չպետք է սպասել:
Դիդիեր Փարաքյանն ասաց, որ Մարսելի քաղաքապետը Ժան Կլոդ Գոդենը, ով նաեւ Սենատի առաջին փոխնախագահն է, հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի օրինագիծն ընդունելու համար:
Իսկ Մարսելի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանն էլ իր հերթին նշեց, որ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներն օրինագիծը առաջիկայում քննարկելու հայտ են ներկայացրել:
«Օրենքն ունի բոլոր հնարավորությունները Սենատում անցնելու, եթե իհարկե պատգամավորները լինեն միաձայն»,-ասաց հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը` հավելելով. «Ամեն ինչ անելու ենք, որ այս օրենքն ընդունվի եւ ունենք դրա բոլոր հնարավորությունները»:
Մարսելի փոխքաղաքապետը պատմեց, որ վերջերս նա Մարսել էր հրավիրել 30 թուրք մտավորականների, ովքեր Մարսելի հայերից ներուղություն էին խնդրել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը 2001 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:

No comments: