Sunday, October 10, 2010

ԹԵ՛ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԹԵ՛ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երկար տարիներ սփյուռքահայերս երազում էինք տեսնել Մայր Հայաստանը, զգայինք, շոշափեինք և լսեինք Հայրենիքի ձայնը: Երկար տարիներ մեզ զվարճացնում էին հայկական ժողովրդական երգերը: Հայաստանից ստացվող գրականությունը ձեռք բերելու համար, Թեհրանում, շատերս նախապես արձանագրվում էինք ՙՍաքո՚ գրախանութում: Հոգեկան մեծ բավարարություն ստանալուց զատ, լսելով հայրենի հռչակավոր գիտնականների ձեռքբերումների մասին լցվում էինք հպարտությամբ և հոգեպես ավելի ու ավելի էինք կապվում Մայր Հայաստանին:
Այսպիսով, տարիներ շարունակ հպարտությամբ երազում էինք տեսնել հարուստ ավանդույթներով և բազմաթիվ դրական կողմերով լեցուն մեր Հայաստանը:
Անկախության առաջին տարիներին (1991-1996) ՀՀ-ում խիստ դժվար պայմաներ էին տիրում, հատկապես երբ իսպառ դադարեց Խորհրդային միության կողմից տրամադրվող բյուջեն: Սակայն Հայաստան-Սփյուռք հարաբերություների շնորհիվ, սկսվեց արագորեն կերպարանափոխվել մայրաքաղաք Երևանը: Նորոգվեցին և կառուցվեցին բազմաթիվ շենքեր, տարաբնույթ առևտրական կենտրոններ, հանրախանութներ, ռեստորաններ, բարեր, կազինոներ ու գիշերային ակումբներ, նույն ժամանակ վերացան տասնյակ գրախանութներ: Մեծ թափ ստացան արևմտյան և ամերիկյան երգն ու պարը ջատագովող շատ միություներ, որոնց կայացման համար հսկայական միջոցներ էին տրամադրվում: Խոր ցավով պետք է նշել, որ հայությունը խորթ այս ՙարվեստ՚ կոչվածի կողքին, միանգամայն անուշադրության մատնեց գիտությունն ու գրականությունը: Հայկական հեռուստատեսությունը ողողված էր հսկայական միջոցներ խժռող այս ՙարվեստ՚-ով:
Վերջերս այցելել էի Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ, որը հիմնվել է վեց տասնամյակ առաջ: Պատկերը չափազանց տխրեցնող էր: Ինստիտուտի ներքին հարդարանքը, գրասենյակները, փորձասենյակները և կահավորումը չափազանց խղճուկ վիճակում էին: Գիտփորձերի համար նախատեսված էլեկտրոնային և այլ սարքավորումները, համակարգիչները կատարյալ մաշվածության աստիճանի էին: Ինստիտուտը ուղեղի ուսումնասիրման բնագավառում Խորհրդային Միությունում համարվում էր առաջատարներից մեկը, որի իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդիականությունն ու մակարդակը չէր զիջում նույնիսկ այնպիսի զարգացած երկրների, ինչպիսիք են օրինակ Ամերիկան, Ճապոնիան և Արևմտյան Եվրոպայի երկրները: Չեմ կասկածում, որ նման իրավիճակ է տիրում նաև հայաստանյան շատ այլ գիտական կենտրոններում:

Ցավոք, ինչպես երևում է, Հայաստանի անկախացումից, Խորհրդային կառավարության կողմից հատկացվող միջոցների վերացումից, 1988թ. աղետալի երկրաշարժից և Արցախյան պատերազմից հետո, տնտեսապես քայքայված հայկական նոր կառավարությունը ի վիճակի չէ բավարար միջոցներ հատկացնել Հայաստանի համար հույժ կարևոր մի բնագավառի, ինչպիսին գիտությունն է:
Այդուհանդերձ, Հայաստանում մնացած (վերջին 20 տարիներին շատ գիտնականներ լքել են Հայաստանը) նվիրյալ գիտնականները, նման դժվար և նվազագույն պայմաններում, դեռ լիովին չեն հուսահատվել և մեծ ջանքերով շարունակում են պահպանել հայկական գիտության բարձր վարկանիշը: Հայ նյարդաբանները անդամակցում են միջազգային խոշոր կազմակերպությունների (օրինակ Ուղեղի ուսումնասիրաման միջազգային կազմակերպության հայկական ընկերությունը – International brain research organization IBRO – Armenian IBRO Assocition, նախագահ՝ պրոֆեսոր Վաղինակ Սարգսյան) և այդ միջոցով մասնակիորեն կարողանում են մասնակցել միջազգային գիտական համաժողովներին, ներկայացնել հայ գիտնականների աշխատանքները և ծանոթանալ արտերկրյա գիտնականների ձեռքբերումներին:
Վերադառնալով մշակութային խնդիրներին ուզում եմ շեշտել, որ գերադասելի է զարկ տալ հայկական ժողովրդական երգ ու պարին և հայ մատաղ սերնդին զերծ պահել ամերիկյան ու եվրոպական խորթ ու քայքայիչ մասսայական մշակույթից:
Համոզված եմ, որ Հայաստանի ներկա կառավարությունը մշակույթից և արվեստից բացի ի վիճակի է ապահովել նաև հայկական գիտության նորմալ ֆինանսավորումը:
Հայաստանը, հենվելով իր ավանդական գիտական ներուժի վրա, միանգամայն ի վիճակի է և կարող է 21-րդ դարում կանգնել զարգացած երկրների կողքին:
Սիմոն Խաչատրյան
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: