Sunday, October 10, 2010

Սուտը կրկնվելով ճշմարտություն չի դառնա

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից Բահար քաղաքամասի հայոց ազգային ՙՌոստոմ՚ աղջ. դպրոցի փակման պրոցեսը և այդ առիթով դպրոցի աշակերտության ծնողների հետ կայացած հանդիպումները, մանավանդ վերջին հանդիպումը, որտեղ, ընդամենը, ներկա էին 27 հոգի, որոնցից մի քանիսը ամուսիններ, բավական աղմկալից էր:
Ժողովուրդը համաձայն չէր դպրոցի փակվելու հետ, ոչ էլ ուսուցիչներն ու աշակերտներն էին համաձայն: Իսկ Թեմական խորհուրդը կարծում էր ինքը որոշել է և կգործադրի առանց որևէ հարցի, բայց ժողովրդի ընդվզումը, դպրոցում համահավաքն ու 300 հոգանոց ստորագրահավաքը ինչ-որ չափով նեղը դրեց Թեմականին: Ուստի վերջինս փորձեց ՙլեզու գտնել հակառակորդների հետ՚:
Դպրոցում և առաջնորդարանում հանդիպումների հրավիրեցին ժողովրդին, փորձեցին համոզել, որ օպտիմալացումը շատ լավ բան է, բայց քանի որ ցայժմ հարցերից անտեղյակ ժողովուրդը չէր համոզվում, սկսեցին սակարկումների գնալ, ավելի լավ դպրոցներից սկսած մինչև երթևեկության ծախսը տալու հարցով և երբ այդ մեկում էլ չհաջողեցին խաղացին վերջին արարը. դպրոցի ծնողներից մի քանիսին հրավիրեցին հանդիպման և մյուս օրը մի հայտարարությամբ ի լուր բոլորի տեղեկացրին, որ ՙՌոստոմ՚ դպրոցի հացը ՙծնողների համաձայնությամբ բարով խերով ավարտվեց՚:
Սուտը այնքան մեծ էր, որ նույնիսկ վերջին հավաքի 27 մասնակիցներն էին շշմել: Ով կպատկերացներ որ Թեմական խորհուրդը ծնողների մեկ չորրորդին ընդհանուրի տեղ կներկայացնի ու դեռ ավելինª անհամաձայնությունըª համաձայնություն: Անտանելին այստեղ Թեմական և Կրթական խորհուրդների և ՀՅԴ պաշտոնաթերթª ՙԱլիք՚ օրաթերթի ստելու խնդիրն էր, որոնց շարանը վերջերս եկավ լրացնելու նաև Պատգամավորական ժողովի ատենապետ Գեորգ Աբուլյանը:
ԹՀԹ Պատգամավորական ժողովի, 2010թ. սեպտեմբերի 15-ի նիստում պատգամավոր Գուրգեն Հարությունյանի կողմից ՙՌոստոմ՚ դպրոցի ծնողների հետ վերջին հանդիպմանը ներկաների թվային պատկերի և այդ առնչությամբ առաջացած ՙասեկոսեների՚ մասին բարձրացրած արդար հարցին ի պատասխան ՊԺ ատենապետ Գեորգ Աբուլյանը առանց այլևայլի ստեց: Նա, ըստ ՙԱլիք՚ օրաթերթի, նշել է, որ ՙՌոստոմ՚ դպրոցի աշակերտության ՙբոլոր ծնողներն են հրավիրված եղել՚ վերոհիշյալ հանդիպմանը և հավելել է. ՙԺողովին պէտք է ներկայ լինէին ուղեցոյցի առաջին եւ երկրորդ դասարանների աշակերտների ծնողները եւ արդիւնքումª 107 ընդհանուր թւային պատկերից եթէ ուղեցոյցի երրորդ դասարանի թւային պատկերը պակսեցւի, բնականաբար, 70-ից ցած ծնողների թւային պատկեր կը ստացւի՚:
Արդենիսկ փակված դպրոցի աշակերտության թվային պատկերի մասին խոսքը ճիշտ է: Սուտն սկսվում է այնտեղից որ Գ. Աբուլյանը շեշտում է, որ ՙբոլոր ծնողներն են հրաւիրւած եղել՚ և իր գագաթնակետին է հասնում երբ նա հանդիպմանը ներկա մարդկանց տեսողությունն ու գիտակցությունը հարցականի տակ դնելով պնդում է, որ ՙսրահը լեցուն էր եւ եթէ կային բացականեր, ապա դա ենթակա անհատների ազատ կամքով դրսեւորւած մի երեւոյթ է եղել, այնպէս որª այստեղ որեւէ ասէկոսէի տեղիք չկայ եւ նման ասէկոսէներն անհիմն են՚:
Իհարկե, Գ. Աբուլյանը չի մոռանում ավելացնել նաև, որ ծնողների համաձայնությունը ստացել են դպրոցի փակելու համար:
Համենայնդեպս, արդեն փակված է ՙՌոստոմ՚ դպրոցը, իսկ այս պահին հարցը կրկին քննելու խնդիր չունենք, պարզապես համայնք-առաջնորդարան փոխվստահության վերականգնման համար առաջարկում ենք կյանքի կոչել հատուկ ճշմարտագետ հանձնախումբ, որը կոնկրետ կճշտի վերոհիշյալ ժողովի մասնակիցների թիվը անուններով, նաև թե ինչպես համաձայնության եկան ծնողները: Իսկ եթե դա հնարավոր չէ առաջարկում ենք կայացնել երդմնաարարողության.
Թեմական և Կրթական խորհուրդների և Պատգամավորական ժողովի ատենապետները Բահար քաղաքամասի և արդեն իսկ նախկին ՙՌոստոմ՚ աղջ. դպրոցի աշակերտների ծնողների ներկայությամբ իրենց արժանապատվությանը երդվելով կոնկրետ հայտարարեն որ հիշյալ ժողովում ՙծնողների թիվը 27-ից ավել է եղել՚ ու նաև որ ՙներկաները համաձայնել են դպրոցի փակման հետ՚:
Ով գիտե, գուցե դրանով կարողանան հետ բերել իրենց նկատմամբ կորցված վստահությունը:
Հրայր
«ԱՐԱՔՍ» թիվ 201
http://araxmag.blogspot.com
/

No comments: