Monday, October 25, 2010

Թուրք ազգայնականների բարբաջանքը. «Մի’ վերանորոգեք հայկական եկեղեցիները»

HayNews.am. 25-10-2010- Թուրք ազգայնականները շարունակում են իրենց խավարամտության և անհանդուրժողականության շարքը: Այս անգամ էլ իր առաջնորդների կուրսն է շարունակել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնեի կառույցի փոխնախագահ Զեքի Թոփդուրը ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը «մեղադրելով» «եկեղեցապաշտության» մեջ՝ չմոռանալով ևս մեկ անգամ դեմ արտահայտվել Սուրբ Խաչի պատարագին:
Թուրքիայի Anadolu պետական գործակալության փոխանցմամբ՝ Զեքի Թոփդուրը նշել է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը և պատարագը «սխալ էր», քանի որ «Երևանում չկա թուրքական և ոչ մի մզկիթ, իսկ Բալկաններում շարունակվում է «թուրքական կոթողների» ոչնչացումը»:
«Երբ մենք նամազ էինք անում Ֆեթհիյե մզկիթում (թուրքերի կողմից պղծված Անիի Կաթողիկե Մայր Տաճարում), վարչապետ Թայիփ Էրդողանն ու իր կուսակցից ընկերները խաչ էին տեղադրում Աղթամարի եկեղեցու գմբեթին: Մի՞թե նրան գեթ մի գրամ ամոթ չունեն»,-իր և իր կուսակցական ընկերների հոգու ողջ ստորությունն է ցուցադրել թուրք ազգայնականը: Թոփդուրը չի կարողացել մարսել նաև հայկական եկեղեցու վրա արված ծախսերը, որոնք նա «չափից ավելի շատ է» համարել:
Վերջինս չի սահմանափակվել այսքանով և շարունակել է իր ցնդաբանությունների շարքը՝ կոչ անելով չվերանորոգել Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական մի շարք կոթողներ:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը (Milliyetçi Hareket Partisi կամ MHP) ազգայնական հայացքներով աջաթևյան կուսակցություն է: Հանդիսանում է Թուրքիայի երեք խոշորագույն կուսակցություններից մեկը: Հիմնադրվել է 1969 թվականին Արփարսլան Թյուրքեշի կողմից: 1997 թվականից կուսակցության նախագահն է Դևլեթ Բահչելին: Թուրքիայի խորհրդարանում ունի 71 պատգամավորական մանդատ: Կուսակցությունը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո ընդդիմադիր երկրորդ ուժն է: Այս կուսակցությունը հայտնի է իր հայատյացությամբ, իսկ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունն ուղիղ կապ ունի կուսակցության հետ:

No comments: