Saturday, October 30, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ՈՒ ՓԱՐԻԶԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 30-10-2010 - «Ֆրանսիան ողջունում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին արված համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների աճյունների վերադարձ»:
Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բեռնար Վալերոն : Վալերոն հույս է հայտնել, որ «ձեռք բերված համաձայնությունը անհապաղ կիրականացվի, քանի որ կոչված է թուլացնելու լարվածությունն ու հրադադարի խախտման դեպքերը, որոնք հաճախակի են արձանագրվում շփման գծում:
Մեր երկիրըՙ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ նախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում, անում է հնարավորինս միջնորդելու, որ օգնի Հայաստանին ու Ադրբեջանինՙ հասնելու հակամարտության խաղաղ, արդարացի ու երկարատեւ լուծմանը»: Վալերոն կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն «թափանցիկության ու երկխոսության ճանապարհով»: Ֆրանսիացի պաշտոնյան ընդգծել է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական նախաձեռնողականությունը ԼՂ հակամարտությւան կարգավորման գործընթացում:
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը: Հայտարարությունը ներկայացրել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին . «ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին արված համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների աճյունների վերադարձ: Բարձր ենք գնահատում կողմերի միջեւ փոխվստահություն ձեւավորող եւ 1994 թվականին ստորագրված զինադադարի ամրապնդմանն ուղղված համաձայնությանը հասնելու ուղղությամբ նախագահ Մեդվեդեւի գործադրած ջանքերը: Համատեղ այս հայտարարությունը դրական զարգացում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ընթացիկ գործընթացում: Ակնկալում ենք համաձայնագրում նշված քայլերի շուտափույտ իրականացումը», նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը:

No comments: