Tuesday, November 30, 2010

Ժամանակն է, որ միջնորդներն ասեն իրենց ծանրակշիռ խոսքը. Ալիև

Tert.am. 30-11-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով չորրորդ գումարման Միլի մեջլիսի առաջին նիստում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև ղարաբաղյանհակամարտությանը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած երկրի առջև ծառացած ամենամեծ խնդիրը հենց այդ հակամարտությունն է։ «Մենք այդ ուղղությամբ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հիմնախնդիրն արագ գտնի արդար և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծում։ Մինսկի խումբը գործում է արդեն 18 տարի, սակայն անարդյունք»,- ընդգծել է Ալիևը։
Ըստ նրա՝ «արդյունք կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական հողերը կազատագրվեն»։ Իսկ բանակցային փուլի ակտիվացումն, ըստ Ալիևի, չի կարող արդյունք համարվել։ «Մենք ուզում ենք արդյունք տեսնել։ Մենք ուզում ենք, որպեսզի հարցը լուծվի՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը։ Ուզում ենք, որպեսզի կատարվեն մյուս միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի, Եվրախորհրդի որոշումներն ու բանաձևերը։ Եթե չկան դրանք իրագործելու մեխանիզմներ, եթե Հայաստանն անտեսում է միջազգային իրավունքի այդ նորմերը, իսկ միջազգային հանրությունն իր հերթին դրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, այդ դեպքում հարցը կարող է բարդանալ»,- ասել Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ Հայաստանն այսօր արհեստականորեն ձգձգումէ հարցը՝ փորձելով հանդես գալ որպես կառուցողական երկիր։ «Սակայն ճշմարտությունն այն է, որ Հայաստանը վճռորոշ պահերին հրաժարվում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- կարծում է Ալիևը։
Այդպիսով, ըստ Ալիևի, «հայկական կողմը փորձում է բանակցային գործընթացը դարձնել անժամկետ և անվերջանալի», ինչին իրենք երբեք չեն կարող համաձայնել։
«Հույս ունենք, որ հիմնախնդրով զբաղվող կառույցները, կողմերը, միջնորդները վերջապես կասեն իրենց ծանրակշիռ խոսքը։ Դրա ժամանակը վաղուց եկել է»,- նշել է նա։ Հակառակ դեպքում, ըստ Ալիևի, բանակցությունների իմաստն ամբողջովին կկորչի։
Միաժամանակ Ալիևը նշել է, որ միջազգային հանրությունն այս հարցում առաջնորդվում է ոչ թե օրենքներով, այլ քաղաքական շահերով։ «Հենց քաղաքական շահերն էլ պետք է հիմնախնդրով զբաղվող կողմերին ստիպեն գտնել հիմնախնդրի արագ լուծումը, քանի որ հակամարտությունը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Մենք հասկանում ենք, որ գերտերությունները ցանկանում են այս տարածաշրջանում կայունություն և խաղաղություն տեսնել։ Մենք էլ ենք դա ցանկանում։ Սակայն դա չի նշանակում, որ այս հիմնախնդիրը պետք է սառեցված վիճակում մնա, դա հնարավոր չէ»,- նշել է նա։
Ըստ Ալիևի՝ տարածաշրջանային այս զարգացումները և «Ադրբեջանի զարգացումը» թույլ չեն տա, որպեսզի ներկա ստատուս քվոն երկար պահպանվի։ «Մենք երբեք չենք կարող համաձայնել դրա հետ, ստատուս քվոն պետք է փոխվի»,- հոխորտացել է Ալիևը։

No comments: