Friday, November 26, 2010

Իրանահայ համայնքի իրողությունները Լևոն Ահարոնյանի «փոթորկի» մեջ

Իրանահայ համայնքի իրողությունները
Լևոն Ահարոնյանի «փոթորկի» մեջ

1.ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

2009 թ. Մարտի 2-ին, Թեհրանի «Հայ Ակումբի» դահլիճում «Սալես» հրատարակչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ պարսկերեն լեզվով թարգմանված իրանահայ հանրահայտ գործարար, բարերար և հասարակական գործիչ ճրտգ. Լևոն Ահարոնյանի հուշերը`«Փոթորկոտ կյանքիս օրերը» խորագրով՝ 1535 էջ պարունակող երկհատորանի գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է 2200 օրինակ տպաքանակով, «Սալես» հրատարակչության միջոցով:
Խոսելով գիրքը գրելու իր նպատակների մասին, Ահարոնյանը հուշերի էջ 388-ում հավաստում է. «Այս տողերը գրելով նպատակ չունեմ ներկայացնելու իմ գործունեությունը, այլ ցանկանում եմ բարեխղճորեն ու ճշգրտորեն ներկայացնել այն օրերում հայ համայնքի վիճակը, կենցաղային դրույթը և պատմությունը... այն համոզմունքով, որ պատմությունը գրելու համար հարկավոր է լինել անկողմնակալ, հիմնվել ճիշտ և հավաստի փաստաթղթերի վրա, որոշեցի ամենայն անկեղծությամբ գրի առնել այն»:
Իրականում այս գիրքը, որպես հուշագրություն, լայն տեղեկություններ է պարունակում հեղինակի անձնական և ընտանեկան կյանքի, նրա տնտեսական, հասարակական և բարեգործական գործունեության մասին, որոնք սերտորեն շաղկապված են միմյանց և կարդացվում են խորը հետաքրքրությամբ, հաճախ նաև հուզումով ու հիացմունքով, որովհետև այդ տողերից վեր է հառնում բազում դժվարությունների միջով անցած և հաջողակ հայի կերպարը, որը երբեք չի մոռանում, որ ինքը զավակն է նույնպես բազում փորձություններ հաղթահարած մի ժողովրդի և, որ ինքը պարտք ունի կատարելու նրա հանդեպ:
Գիրքը նաև չափազանց հետաքրքրական տեղեկություններ է պարունակում Իրանի և մասնավորապես Իրանահայ կյանքի վերջին տասնամյակների քաղաքական հասարակական իրադարձությունների մասին, և որպես այդպիսին, այն պիտի համարել բացառիկ և աննախընթաց մի գործ, որը ներկայացնում է պատմական արժեք: Ահարոնյանը այս հատորներում բարձրաձայնում է այնպիսի հարցեր ու խնդիրներ, որոնց մասին քչերն են մեզանում համարձակվում կամ ցանկանում շշուկով անգամ անդրադառնալ, և հենց այդ պատճառով էլ ենթակա են մոռացության: Ահա թե ինչու հարկ է շնորհավորել հեղինակին իր կատարած ծավալուն աշխատանքի համար: Սակայն պետք է նշել, որ դժբախտաբար միշտ չէ, որ հեղինակին հաջողվում է տալ իրադարձությունների առարկայական և անկողմնակալ պատկերը: Նա հաճախ հենվում է իր լսածների և ենթադրությունների վրա և անում ոչ ճիշտ եզրակացություններ ու մեկնաբանություններ, ինչը հակասում է անաչառ պատմաբանի իր հավակնությանը:
Ստորև կանդրադառնանք մեր դիտողությունը հաստատող բազմաթիվ պարագաներից մի քանիսին, որոնց պարզաբանումը, հույսով ենք, կտրուկ փոփոխության կենթարկի հեղինակի եզրահանգումները: Նշենք նաև, որ մեր ուշադրության կենտրոնում լինելու են տվյալ ժամանակաշրջանի իրանահայ հասարակական-քաղաքական իրադարձությունները և դրանցում այս կամ այն չափով մասնակից ու դերակատար կազմակերպություններին, ու անհատներին տված հեղինակի գնահատականները:

2. ԻՆՉՊԵՍ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Նախ տեսնենք, թե ինչպես Ահարոնյանը ներգրավվեց համայնքային վարչական գործերի մեջ և դարձավ Թեմական Խորհրդի նախագահ:
Դաշնակցությունը, որի ձեռքում էին գտնվում Իրանի հայկական ազգային բոլոր հաստատությունները, 1979-ի հեղափոխությունից հետո, վախենալով անցած վարչակարգին մատուցած իր անվերապահ ծառայությունների հետևանքներից ու նաև այն հանգամանքից, որ չէր մասնակցել Իրանի իշխանափոխության հանրաքվեին, ինչպես նաև իրաքյան և սիրիական հեղափոխություններին հաջորդած իր դառը փորձից,(Իրաքում՝1959թ.փակվեց կուսակցության «Գոտեմարտ» պաշտոնաթերթը և երկրից արտաքսվեցին կուսակցության պարագլուխներ դոկտ.Բաբկեն Փափազյանը և Գրիգոր Ստարջյանը (Ալբիլադ օրաթերթ 3 հունվար 1960), Սիրիայում՝ 1962 թ. Ապրիլին երկրի զինվորական բարձրագույն դատարանը, երեք դաշնակցականների դատապարտեց մահվան՝ լրտեսության և այլ մեղադրանքներով (Զարթոնք, 13 հոկ. 1962)) պարտավորվեց որդեգրել նոր քաղաքականություն, այն է՝ հրապարակ չգալ կուսակցության անունով և ազգային ու հասարակական բեմից հեռու պահել իր անդամներին, նրանց փոխարեն առաջ քաշվեցին ոչ կուսակցական այնպիսի անհատներ, ովքեր անվերապահորեն կկատարեին կուսակցության հրահանգները: Հենց այս նպատակով էլ Նոր Ջուղայում առաջադրվեցին դոկտ.Մեսրոպ Բալայանը, որպես Իրանի Ի. Հանրապետության խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Գնդապետ Մալուս Պողոսյանը, որը դարձավ Ն.Ջուղայի ներկայացուցչական ժողովի նախագահ, Լևոն Ահարոնյանը և ...:
Ահարոնյանը ակամայից հաստատելով այդ փաստը, գրում է. «Հեղափոխությունից հետո դաշնակցություն կուսակցության պարագլուխների մեծ մասը հեռացան Իրանից, կուսակցությանը թողնելով անորոշ վիճակում,»(էջ492)... .«որոշները Իսլամական
հեղափոխությունից տարիներ անց իրենց կյանքը փրկելու համար թաքնվում և չէին համարձակվում երևալ որևէ տեղ,»(էջ1000)... «Նորընտիր Թեմական Խորհրդի անդամներից ոչ մեկը անդամակցած չէր նախկին Թեմական Խորհուրդներում,»(էջ388) «...պատգամավորական ժողովի նախկին ուսյալ և տեղյակ պատգամավորներին փոխարինում էին թերուս խանութպաններն ու արհեստավորները.. որոնք զուրկ էին երկրի առօրյա քաղաքականության ըմբռնման կարողությունից» (էջ972) :
Ահարոնյանի լուսաբանությունները այս մասին ոչ մի կասկածի տեղ չեն թողնում :
Հուշերի 384-րդ էջում կարդում ենք. «Հեղափոխությունից հետո երկպառակտվեց հայ համայնքը... ձախերը և դաշնակցության հակառակորդները ամենուր պայքարում էին կուսակցության, հոգևորականների ու ազգային մարմինների դեմ... մյուս կողմից Թեմական Խորհուրդն ու պատգամավորական ժողովը... ի զորու չէին շարունակելու ազգային աշխատանքները... ուստի, ըստ օրվա պահանջի, կայանում է նոր պատգամավորական ժողովի ընտրություն»: Իսկ էջ 384-ից386-ում նա խոստովանում է, որ հանրահայտ դաշնակցական Վաչիկ Խաչատրյանի հորդորանքով ինքը, դնելով իր թեկնածությունը և ձեռք բերելով քվեների բարձր տոկոսը, ընտրվում է պատգամավոր, Թեմական Խորհրդի անդամ և ապա Թեմական Խորհրդի նախագահ: Նաև էջ 495 և 496 ում գրում է, որ ըստ կայացած համաձայնության, ինքը պարբերաբար ամիսը մեկ անգամ բոլորից թաքուն հանդիպում է դաշնակցական պարագլուխ Վաչիկ Ղարաբեգյանի և երբեմն էլ դոկտ.Սամսոն Ստեփանյանի հետ, որտեղ քննարկվում էին հայ համայնքի խնդիրները: Նրանք առաջադրում էին իրենց պահանջները և Ահարոնյանը այն ներկայացնում ու վավերացնում էր Թեմական Խորհրդի ժողովներում:Եվ էջ 498-ում խոստովանում է, որ հրատապ խնդիրները այնժամ էին վավերացվում, երբ հաստատվում էին ժողովասրահին կից սենյակում գտնվող դաշնակցականների միջոցով:
Այլ կերպ ասած Ահարոնյանի անդամակցությամբ կազմվում է կուսակցական բջիջ և նա անվերապահորեն կատարում է այդ բջջի հրահանգները:
Իհարկե ինքնըստինքյան իշխանավորների հանդիպումն ու խորհրդակցությունը համայնքի անդամների, միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատելի ու ցանկալի հատկություն է, բայց երբ այդ տեղի է ունենում շարունակաբար և միայն մի հոսանքի պատասխանատուի հետ արդեն լինում է կասկածելի ու միտումնավոր:
Այսպիսով Ահարոնյանը իր նախագահության շրջանում ազգային և համայնքային բոլոր խնդիրները դիտել ու վարել է դաշնակցականի դիտանկյունից: Հուշերում չկա որևէ պարագա, ուր նա ներկայացրած լինի ուրույն առաջարկություն, աշխատած լինի ինքնուրույն կամ որևէ հանդիպման մասնակցած լինի առանց դաշնակցականի ընկերակցության, և որ ամենակարևորն է, նա, ինչպես տիպիկ դաշնակցական, Դաշնակցության բոլոր ընդդիմախոսերին պիտակավորել է, անվանելով նրանց «ձախեր», «կոմունիստներ», «լրտեսներ», «դավադիրներ», «հակազգայիններ»... այդ շարքում են դասվում. «ակնոցավորները», «Հրազդան», «Էրեբունի», «Աբովյան» միություններն ու «սուրենականները», նա վերջինիս համարում է ամենածայրահեղը : (էջ 382)

3. «ՍՈՒՐԵՆԱԿԱՆՆԵՐ»

«սուրենականների» մասին նա իր վկայությունները կատարել է ըստ այն օրյա Թեմական Խորհրդի անդամ, ճարտ.Վիգեն Գևորգյանի պատմածների, առանց ստուգելու դրանց ճշտությունը կամ տրամաբանությունը: Խոսքը տանք հեղինակին.
«սուրենականների կազմակերպիչը (նախկին դաշնակցական) (խոսքը Սուրեն Հոնարչյանի մասին է)Ս.Սարգիս եկեղեցու բակում, (առաջնորդարան) ամեն երկուշաբթի և չորեքշաբթի օրերը ցույցեր էր կազմակերպում դաշնակցության և Թեմական Խորհրդի դեմ...Թեմական Խորհուրդը բազմիցս աշխատել էր բանակցել ցուցարարների հետ, սակայն նրանք արհամարելով Թեմական Խորհրդին, խուսափում էին բանակցելուց...Թեմական խորհուրդն էլ որոշել էր այլևս նրանց հետ չբանակցել...նոյեմբերի( Ճիշտը` 1979.թ. դեկտեմբերի-ին) վերջին երկուշաբթի օրը, երբ Թեմական Խորհուրդը գումարել էր իր հերթական նիստը...«սուրենականները», թվով չորս-հինգ հարյուր հոգի ներխուժում են ժողովասրահ... և բացի թեմակալ առաջնորդից մնացածին պահում են որպես պատանդ, թեմակալ առաջնորդը, որին թույլատրել էին հեռանալ ժողովասրահից, իրադարձությունների մասին տեղեկացնում է թաղի եկեղեցիների խորհուրդներին և հրահանգում հնչեցնել եկեղեցիների զանգերը...մեկ ժամ չանցած, հազարավոր զայրացած հայեր զինված սառը զենքերով գիշերվա ժամը մեկին հասնում են առաջնորդարան, հասնում են նաև ոստիկանությունից, որոնց ժողովուրդը միջամտության իրավունք չի տալիս, պատճառաբանելով որ դա ներքին խնդիր է, և իրենք կլուծեն այն...բազմության միջից մի երիտասարդ, ամենայն զգուշությամբ մոտենալով ճարտ.Վիգեն Գևորգյանին ասում է, որ իրենք «Ալիքից», «Արարատից» և «Սիփանից» են եկել պատանդներին օգնելու համար... «սուրենականների» խմբի ղեկավարը տեսնելով այդ անցանկալի վիճակը, աշխատում է փախչել, սակայն չի հաջողում և ենթարկվում է ներկաների ծեծին: Վերջապես սրբազան հոր և մի քանի երիտասարդների օգնությամբ, սրահի հետևի դռնից հեռացնում են նրան, և այսպիսով ավարտվում է թնջուկը»:(էջ 382)
Ընթերցելով վերոհիշյալ տողերը ակամայից մտածում ես՝ «սուրենականները» ի՞նչ պիտի անեին «պատանդներին», ին՞չ նպատակով, ու՞ր և ինչքա՞ն պիտի պահեին նրանց, որ՞ն էր նրանց վերջնագիրը, արդյո՞ք զինված էին, արդյո՞ք հսկում էին երթևեկությունը առաջնորդարանի շենքում, արդյո՞ք դիմադրություն են ցուցաբերել «օգնություն» հասնողներին, նրանք ինչ՞ու թույլատրեցին սրբազան հորը հեռանալ սրահից և իրենցից թաքուն «օգնություն» կանչել, ինչ՞ու չխափանեցին հաղորդակցական կապի միջոցները: Ովքե՞ր էին այն երիտասարդները, որոնք եկել էին «պատանդներին օգնելու»: Ովքե՞ր և ինչ՞ու արգելեցին ոստիկանության միջամտությունը, դա ու՞մ էր ձեռնտու: Ո՞վ գիտեր, որ տեղի ունեցածը «ներքին խնդիր է», բացի «Ալիքից», «Արարատից» ու «Սիփանից» եկածներից: Ինչ՞ու առանց դատ ու դատաստանի ազատ արձակեցին«պատանդ վերցնողներին»:
Ցավոք, դեպքերի ընթացքը վկայում է նախօրոք կազմակերպված դավադրության մասին,որի նպատակն էր ձերբազատվել ժողովրդի պարբերական հավաքներից:
«Սուրենակաները» իրենց տաքարյունության պատճառով անգիտակցաբար ընկնում են դաշնակցականների լարած թակարդը: Նրանց մարդիկ ուշ երեկոյան հնչեցնում են եկեղեցիների զանգերը և բարձրախոսներ տեղադրած մեքենաներով շրջում հայկական թաղամասերը և հայտարարում, թե հասեք, գրավել են Առաջնորդարանը և պատանդ վերցրել թեմակալ առաջնորդին: Եվ անմիջապես «Ալիքում», «Արարատում» ու «Սիփանում» նախապատրաստված նրանց մարդիկ գալիս են «պատանդներին» օգնելու: Արդյունքում՝ «սուրենականներն» են դառնում պատանդ: Նրանց ղեկավարին տեղափոխում են «Սիփան» միություն և ...
Հատկանշական է, որ նույն 17 դեկտեմբեր 1979-ին, առնվազն չորս ժամ Թեհրանի եկեղեցիների զանգերը հնչեցնելուց առաջ Նոր Ջուղայում, «դաշնակցության համակիրներ» ստորագրությամբ թռուցիկներ են ցրվում,և հայտարարվում է վերը նշված «դեպքի» մասին: (Փյունիկ շաբադաթերթ թիվ 24) Իսկ թեմակալ առաջնորդն էլ Փյունիկ շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է՝.«Ոչ ոք ինձ գերի չի վերցրել ու չի անարգել: » (Փյունիկ շաբադաթերթ թիվ 24)
Սուրեն Հոնարչյանը խոսելով «Փոթորկոտ կյանքիս օրերը» գրքի մասին իր 14 մայիս 2009 թ. Գրությամբ, որը տարածել է տարբեր շրջանակներում գրում է« Հեղափոխության հաղթանակից հետ,հայ մտաւորականները, դեմոկրատ խմբերն ու միութիւնները, ոչ դէմ էին մեր եկեղեցական կառոյցներին, ոչ ցանկանում էին վնասել մեր դպրոցներին, ոչ էլ խաբում էին ժողովրդին, այլ պահանջում էին իրանահայ երեք թեմերի վերամիավորումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:Նրանք առաջարկում էին կրթական ասպարեզում ստեղծված դժւարութիւնները հաղթահարել ոչ թէ ցոյցերի ու դասադուլների այլ բանակցությունների միջոցով: Նրանք համոզված էին, որ համայնքում ստեղծված խնդիրներին ճիշտ լուծումներ տալու համար պետք էր հաշվի նստել նաև այլախոհ կազմակերպությունների հետ: Նրանք ազգային մարմիններից պահանջում էին անօրինականությունների վերացում և հաշվետվություն ու պատասխանատու կեցվածք ժողովրդի նկատմամբ և արդար ընտրությունների իրականացում: Իսկ Ահարոնյանը իր հուշերում, այդ բոլորը համարել է ժողովրդին խաբել: Իսկ նախկին մենատէրերը չհանդուրժելով այդ բոլորը, գործադրելով ազգային մարմինների ունեցած բոլոր հնարաւորութիւնները, զրպարտութիւնների, ճնշումների, արհամարանքների, ծեծկռտուքի և արհեստականորեն ստեղծած բախումների ու միջադեպերի շնորհիվ, մեկուսացրին ու չեզոքացրին այլախոհ շրջանակներին, ինչը շարունակւում է մինչև օրս:»
Իսկ 4 մայիս 2009.թ. գրությամբ, որը լույս է տեսել «Հույս» երկշաբաթաթերթի 50-րդ համարում Հոնարչյանը գրում է՝. «Ցաւօք գրքի հեղինակն էլ, առանց ներկայացնելու այլախոհ շրջանակների տեսակէտներն ու առաջարկները, համարեա բոլոր այն միութիւնների ու շարժումների հասցէին, (որոնք ասպարէզ իջան յեղափոխութեան շնորհիւ) նոյն թունաւոր պիտակներն ու զրպարտութիւններն է կրկնել, ինչ երեսուն տարի առաջ կատարեցին համայնքի նեղմիտ ու յետադէմ տարրերը:»
Այստեղ պետք է նշել, որ մենք նպատակ չունենք անվերապահորեն պաշտպանելու «սուրենակաների» վարած քաղաքականությունը:Մենք միայն քննարկում ենք այդ դեպքի մասին հեղինակի մեջբերումներն, օգտագործելով արխիվային մեզ հայտնի աղբյուրները: Ինչ խոսք այս միջադեպը շատ ծանր և բացասական ազդեցություն ունեցավ իրանահայ ոչ դաշնակցական կազմակերպությունների հեղինակության վրա: ՀՅԴ-ն լավագույնս օգտագործեց այն, իր լրատվամիջոցների և ազգային ու կրոնական իշխանություններում ունեցած իր լծակների միջոցով լայն հակաքարոզչական արշավ ծավալեց ոչ միայն «սուրենականների» այլ իրանահայ բոլոր այլախոհ և ձախ կազմակերպությունների ու անձերի դեմ:
Ինչպես «սուրենականների» վերաբերյալ վերոհիշյալ մեջբերումները Ահարոնյանը իր հուշերի մեծ մասն է գրի առել ազդված այլոց քարոզչությունից, օրինակ նա խոսելով Հայաստանի իշխանությունների դեմ Դաշնակցության և «Ալիք» օրաթերթի տարածած ամբաստանությունների մասին խոստովանում է. «այս հորինված ստերը կարճ ժամանակ ազդեցին նաև ինձ վրա»:(էջ 1200) Սակայն նա շատ ուշ է գլխի ընկնում, որ ազդվել է այդ քարոզչությունից, այդ ազդեցության ժամանակահատվածը կարճ չի եղել, նա իր հուշերի մեծ մասն է գրի առել այդ ազդեցության ներքո:

4. ԻՐԱՆԱՀԱՅ ԹԵՄԵՐԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ Ս. ԷՋՄԻԱԾՆԻՑ

Ահարոնյանը հուշերի էջ 384-ում գրում է որ բողոքողները «...դաշնակցություն կուսակցությանը դատապարտում էին իրանահայ թեմերը Ս.Էջմիածնից անօրինաբար անջատելու և Անթիլիասին միացնելու գործում...»:
Ինչպես գրքում, այնպես էլ Ահարոնյանի գործունեությունից պարզ է, որ նա ինքն էլ, ինչպես իրանահայության ճնշող մեծամասնությունը, չի հաշտվել այս աղետաբեր իրողության հետ, բայց պարզ չէ, թե նա պաշտպանու՞մ, թե՞ դատապարտում է ժողովրդի արդար բողոքը այս կապակցությամբ, մանավանդ այն վեց տարիների ընթացքում, երբ ինքը Թեմական Խորհրդի նախագահն էր:
Ճիշտ հասկանալու և լուսաբանելու համար իրանահայության հասարակական և քաղաքական կյանքի զանազան կողմերը, անկարելի է հաշվի չառնել մի շարք խնդիրներ, և հատկապես թեմերի անջատման պարագան, որին մենք անդրադարձել ենք «Պատմական իրողություններ իրանահայ թեմերի Ս.Էջմիածնից անջատման մասին» գրությամբ լույս տեսած «Հույս» երկշաբաթաթերթի 67-րդ և «Ազգ» օրաթերթի 2010 թ. փետրվար 27-ի համարներում: Սակայն պետք է ավելացնել, որ «1931-ից» որոշ շրջանակներ փորձում էին հակադրել Անթիլիասը Էջմիածնին» («Էջմիածին» ամսագիրը 1959-թ.նոյ. էջ 20) այս նպատակն իրագործելու համար դիմում են տարբեր մեքենայությունների ընդհուպ մինչև ԱՄՆ-ի թեմի առաջնորդ Տ.Ղևոնդ արք. Դուրեանի սպանությունը կիրակնօրյա պատարագի ընթացքում, այս կապակցությամբ Երևանում լույս տեսնող «Ազգ» օրաթերթը 2009թ. Փետ. 18-ի համարում զետեղել է, նյո-Յորքից Հակոբ Վարդիվառյանի «Տխուր Անդրադարձ Հայ Եկեղեցվոյ Բաժանման» խորագրով հոդվածը:
Ստորև մեջբերենք մի քանի քաղված սույն հոդվածից:
«Եռագոյնի գործածութեան հարցը, որ առաջնորդած էր Դուրեան սրբազանի նահատակութեան, մեր ժողովուրդին գիտակից ու հայրենասէր զանգուածին կողմէ կ՝արգիլուի գործածուելէ որպէս ազգային դրօշ: Ամերիկայի մէջ արդէն Դուրեան սրբազան արգիլած էր զայն Մայր աթոռի հրահանգովն իսկ:
Ինչպէ՞ս տեղի ունեցաւ սպաննութիւնը: Պատարագիչ Դուրեան սրբազան եկեղեցւոյ մէջ հազիւ նստարաններու հինգերորդ շարքը կը հասնէր, երբ խումբ մը մարդիկ կը շրջապատէին զինք: Անոնցմէ երկուքը մէկդի կը հրէին սարկաւագները ու կը բռնէին սրբազան առաջնորդը, եւ ուրիշներ որովայնէն կը դաշունահարէին զայն, իսկ միւս դաւադիրները պատուար կը կազմէին ժողովուրդէն ծածկելու համար պատահածը:
Յառաջ տարուող քննութեանց մէջ նկատի կ՝առնուէր, թէ դաւադրութիւնը Բոստոն սարքուած էր, ուր կը գտնուէր ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի կենդրոնատեղին:
Յուլիս 7, 1934-ին, ՆիւԵորքի մէջ կը սկսի... դատավարութիւնը... Ինը դաշնակցականներ յանցապարտ կը հռչակուին իբրեւ մարդասպան:»
Նույն դավադրական սպանության կապակցությամբ 2009 թվին հրատարակվել է Ամերիկացի լրագրող Թերրի Ֆիլիպսի «Սպանություն Խորանի մոտ» խորագրով իրական իրադարձությունների հիման վրա գրված, և մեծ աղմուկ բարձրացրած գեղարվեստական ստեղծագործություն:
2009թ. մարտի 31-ին Ամերիկայում տեղի ունեցած սույն գրքի շնորհանդեսի ընթացքում, 75 տարվա տաբուի ու լռության քողը պատռելով Թերի Ֆիլիպսը ասում է. «Բայց սա հայկական պատմություն չէ, սա համընդհանուր մարդկային ողբերգություն է, մարդկային պատմություն է բռնության մասին, երբ մարդիկ քաղաքական կամ կրոնական խնդիրները լուծում են սպանության միջոցով»: Գիրքը սկսվում է այն մարդու նկարագրությամբ, ով մեղադրվում է սպանության մեջ. «Մաթևոս Լեյլեջյանն առանձնապես բռնակալ մարդ չէր: Իր զինվորական ծառայությունից դուրս նա երբեք լրջորեն չէր վնասել որևէ մեկի, երբեք չէր խախտել որևէ օրենք, երբեք ձերբակալված չէր եղել, և հաստատապես երբեք սպանություն չէր գործել: Բայց այդ ամենը պետք է փոխվեր» և ավելացնում է. «...ԱՄՆ-ի կառավարության համար դժվար էր դատապարտել սպանության մեղադրանքով ձերբակալված 9 մարդկանց դաշնակցականների պատճառով, որովհետև նրանք դեմ էին Սովետական Միությանը, և դա ուներ իր քաղաքական իմաստը:»(www.hetqonline.am 01/04/2009)
Դաշնակցականների անսանձ աշխատանքի հետևանքով, հակառակ իրանահայության ճնշող մեծամասնության կամքին, 1958թ. Իրանի երեք թեմերը անջատվեցին Ս.Էջմիածնից, որի հետևանքով իրանահայությունը, որ ֆիզիկապես ամենամոտն էր Հայաստանին ու Ս.Էջմիածնին մնաց ամենահեռվում:
Իրանահայությունը երբեք հակաէջմիածնական չի եղել, նա դարեր շարունակ Հայաստանից հեռու ապրելով հանդերձ, պահպանել է իր լեզուն ու մշակույթը, եկեղեցին ու դպրոցը: Միշտ իր հայացքը ուղղել դեպի հայության օրրան Հայաստան ու նրա սրտում տեղակայված Ս.Էջմիածինը:

5. ԻՐԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ

Ահարոնյանը հուշերի էջ 1057-ում գրում է.« «հայ» ձախակողմյանները Իրանում երկու խմբի էին բաժանված՝ «Թուդե» (Իրանի ձախ, համայնավար կուսակցություն) կուսակցության անդամները և Սովետական Հայաստանի կողմնակիցներն ու համակիրները»:
Այս դասակարգումը, ինչպես գրքում տեղ գտած շատ նման դատողություններ, խիստ թերի և մակերեսային է, թեև նրանում կա ճշմարտության խեղաթյուրված մի բաժին: Բանն այն է, որ «Սառը պատերազմի» տարիներին Իրանում «Փահլավիների», իսկ իրանահայության մեջ դաշնակների մենատիրության պայմաններում ցանկացած այլախոհություն որակվում էր «ձախ» և ենթարկվում հալածանքի: Մեր՝ հայերիս պարագային դաշնակցականների կողմից «ձախ» կամ «թուդեի» էին որակվում անխտիր բոլոր այն հայերը, ովքեր համակրում էին Սովետական Հայաստանին, և դրանով իսկ հակադրվում էին դաշնակցության հակահայաստանյան քաղաքականությանը: Դա ձեռնտու էր դաշնակցությանը, այն պարզ պատճառով, որ մինչև «Թուդե» կուսակցության գործունեության դադարեցումը, որը վարում էր սովետամետ քաղաքականություն, փաստորեն հանդիսանում էր Շահի վարչակարգին սպառնացող մեծագույն վտանգը և ամենից առավելն էր ենթակա ռեժիմի դաժան հալածանքներին: Իրանում կային, իհարկե, «Թուդե» կուսակցության հայ անդամներ, և հավանաբար հենց նրանք էին Դաշնակցության ամենաուժեղ հակառակորդները, սակայն կային նաև ռամկավարներ ու հնչակյաններ, Իրանում գործող այլ կուսակցությունների և հոսանքների անդամներ ու համակիրներ, անկախ մտավորականներ և գործիչներ, որոնք հավասարապես հալածվել են Դաշնակցությանը չհարելու կամ քննադատելու պատճառով և առանց բացառության պիտակվել, որպես նախկին Խորհրդային միության գործակալներ:
Վերոհիշյալ դառն իրողության որպես վկա ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում ժամանակին ՀՅԴ-ի օրգան «Հայրենիք» ամսագրի 1924 դեկտ. և 1925 հունվարի համարում միացյալ տպագրված հետևյալ լուրը.
«Խորհրդային աշխարհից դուրս գալով արտասահման՝ մենք տեսնում ենք ժողովրդի ավելի գործոն մասնակցություն հանրային կյանքին, քան այդ նկատվում է բոլշևիկյան տիրապետության տակ: Այսպես՝ Պարսկահայ գաղութը անմիջական մասնակցություն ունեցավ պետական վերջին հեղաշրջման՝ թե իր ներկայացուցիչներով Սահմանադիր ժողովում, թե Ռիզա Խանի գահակալության արարողության դեկտ. 16-ին և թե հետագա հանդեսներին: Տոնակատարությունները հատկապես հանդիսավոր եղան Թավրիզում, ուր հայ ներկայացուցիչները, առաջնորդ Ներսես արք. Մելիք Թանգյանի գլխավորությամբ, առարկա եղան հատուկ ուշադրության ու համակրանքի պարսից իշխանությունների կողմից:
Թավրիզում և Թեհրանում՝ բոլշևիկյան պրոպագանդի ամբաստանությամբ բռնված հայերը- հնչակյաններ, առևտրականներ և բոլշևիկություն խաղացող մի շարք խաներ ու մտավորականներ մոտ մի ամիս բանտարկված մնալուց հետո ազատ արձակվեցան:Մի խումբ հնչակյաններ միայն, որոնց մոտ բռնվել էին վարկաբեկիչ թղթեր, որպես բոլշևիկյան գործակալներ, աքսորվեցին Արտեբիլի բանտը: Առհասարակ, պարսից իշխանության որդեգրած հակաբոլշևիկ կտրուկ քաղաքականությանը իբրև արդյունք՝ հայկական շրջաններն էլ դարձել են ավելի զգույշ: Այդ աչքի ընկավ առանձնապես Սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ, երբ թե Թեհրանում և թե Թավրիզում հայ քվեատուների ճնշիչ մեծամասնությունը իր ձայնը տվեց Հ.Հ.Դաշնակցության թեկնածուներին:»
Կարծում ենք, որ դաշնակների այս ցնծության ճիչը մեկնաբանության կարիք չի զգում, որովհետև այն ամենապարզ ու անսքող կերպով բացահայտում է կուսակցության քաղաքական վարքագծի ամենաբնորոշ գծերը ոչ միայն Իրանում, այլ նաև ամբողջ սփյուռքում: Եվ ինչքան էլ փորձեն դաշնակցականները Իրանում հաստատված իրենց մենատիրությունը ներկայացնել որպես ժողովրդի մոտ վայելած համակրանքի արդյունք, դա նրանց չի հաջողվի: Նրանք այդ մենատիրությունը ստացել են բռնությամբ Իրանի գահին տիրացած Ռիզա Խանի և ապա նրա որդու հակախորհրդային քաղաքականությանը հավատարմորեն ծառայելու որպես հատուցում, ավելի ճիշտ, որպես միջոց, իսկ դաշնակցությունը այդ միջոցը լիուլի ծառայեցրել է իր բոլոր տեսակի հակառակորդներին Իրանահայ հանրային կյանքից դուրս մղելու և իսպառ չեզոքացնելու գործին:
«Լույս» երկշաբաթաթերթի 2000 հունիսի 15 թվակիր 6-րդ համարում Ահարոնյանի ստորագրությամբ հրատարակված «Մի ակնարկ իրանահայ ազգային կյանքին» հոդվածում, նա մակերեսային մոտեցում է ցուցաբերել 20-րդ դարի սկզբից իրանահայ հասարակական քաղաքական կյանքում դերակատար կուսակցությունների նկատմամբ, և հրապարակել է վերը նշված տեսակետը հայ ձախերի մասին: Սույն հոդվածում նա իսլամական հեղափոխությունից հետո իրանահայ կյանքում ասպարեզ նետված բոլոր տարրերին միանշանակ համարում է «ազգային դրվածքի կամ իշխանության» թշնամիներ, օտարի գործակալներ և այլն, և ավետում է ընթերցողին, որ փարատվել են մտահոգությունները, որովհետև չկա այլևս Խորհրդային Միությունը, Հայաստանը ազատ է ու անկախ, և հայ ձախերը մնացել են անտեր ու անպաշտպան, իսկ վերջում անդրադարձել է միաբանության անհրաժեշտությանը:
Թեհրանում հրատարակվող «Արաքս» ամսագիրը իր 2000 հուլիս թվակիր 89-րդ համարում, «Նոր Բառապաշար է Պետք կամ Ակնարկ Լևոն Ահարոնյանի Ակնարկին» խորագիրը կրող հոդվածում վերլուծելով Ահարոնյանի վերոհիշյալ գրությունը, կատարել է մի շարք ուշադրության արժանի պարզաբանումներ: Այդ հոդվածում կարդում ենք՝.«բացահայտ իրողություն է. Որ Հայաստանի խորհրդայնացումից այս կողմ՝ մինչև խորհրդային միության փլուզումը, ոչ միայն իրանահայության այլ նաև ամբողջ սփյուռքի քաղաքական կյանքը սահմանագծվել էր հայաստանական և հակահայաստանական դիրքորոշմամբ: Այսինքն Հայաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումով, ըստ որում հայաստանյան կողմնորոշում են ունեցել, ոչ միայն հայ ձախերը, այլ նաև այնպիսի աջակողմյան լիբերալ կուսակցություն, ինչպիսին է Ռամկավար կուսակցությունը:
Փաստն այն է, որ իրանահայ «ձախերի» ճնշող մեծամասնությունը և հատկապես ժողովրդական զանգվածները, երբեք չեն պատկանել ոչ մի կուսակցության, այլ դեպի Հայաստան և Սուրբ Էջմիածին կողմնավորվել են միայն ու միայն հայրենասիրական մաքուր զգացումներից ելնելով: Նրանք ոգեշնչվել ու հպարտացել են Երևանի սրտում վեր խոյացած Սասունցի Դավթի հոյակերտ արձանով, մատենադարանով, հայրենիքից հնչող երգ ու երաժշտությամբ, Չարենցով, Կապուտիկյանով, Սևակով, Խաչատրյանով, Սարյանով, Համբարձումյանով և երբեք չեն հաշտվել ու չեն հաշտվելու Ամենայն Հայոց Կրոնական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իրանահայ թեմերի բռնի անջատման հետ: Եվ այս ամենը ուրանալով ամեն ինչ խցկել «թուդե» բառի շրջափակում միտումնավոր է և անազնիվ:»
Գուցե հենց այս հոդվածի բերումով էլԱհարոնյանը իր հուշերում փորձել է ընդհանրապես անտեսել այս ծանրակշիռ «Արաքս» ամսագրի գոյությունը համայնքում:
Համաձայնվելով «Արաքս» ամսագրի հոդվածագրի հետ պետք է շեշտել, որ, իրանահայությունը, միշտ էլ ամենաջերմ ու անշահախնդիր սիրով է կապված եղել Հայաստանին ու Ս.Էջմիածնին, նրան խանդավառել են Հայաստանի նվաճումները և տագնապի մատնել ձախորդությունները: Դժվարին պահերին իրանահայը միշտ եղել է Հայաստանի կողքին, արձագանքել նրա ամեն մի հայրենասիրական կոչին, և ամեն առիթ օգտագործելով միշտ ձգտել է ներգաղթել Հայաստան, անկախ այնտեղ տիրող վարչակարգի ու իշխանավորների, ու նրանց աշխարհայացքի, իրանահայության համար կարևորը հայրենիքն է՝ իր բոլոր սրբություններով:
Խոսենք փաստերով.
1982 թ. Թեհրանում լույս տեսած Ֆրանսիացի գրող Ժան Փիեր Ալեմի «Հայաստան» աշխատության հայերեն թարգմանության 51-րդ էջում կարդում ենք. «1828 թւին այս (Թուրքմենչայի) դաշնագրի հիման վրայ Պարսկաստանում ապրող բոլոր հայերը իրաւունք էին ստանում փոխադրւել Ռուսաստանին միացած շրջաններում հաստատւելու համար: Այս կարելիութիւնից օգտւեցին Ուրմիայի շրջանում ապրող շուրջ 35,000 հայեր:»
Իրանից Հայաստան զանգվածային ներգաղթ տեղի է ունեցել նաև 1920, 1946, 1960-ական թվականներին, և թեկուզ ավելի փոքր մասշտաբներով, շարունակվում է մեր օրերում: Ըստ հավաստի տվյալների, մոտավոր հաշիվներով 1922-1972 թթ. Իրանից Խորհրդային Հայաստան է վերադարձել 65,000 հայ:
Բ.աշխարհամարտի տարիներին իրանահայությունը ընդառաջելով երջանկահիշատակ Գևորգ Զ. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակին, իր համեստ լուման է ներդնում «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման ֆոնդում: Ինչպես նաև ոսկեզօծ սուր է նվիրում գեներալ Բաղրամյանին, որը այժմ գտնվում է Հայաստանի հեղափոխության թանգարանում:
Այժմ տեսնենք թե ինչ՞ու հեղափոխությունից հետո «երկպառակտվեց իրանահայ համայնքը, ինչ՞ու էին «ամենուր պայքարում կուսակցության, հոգևորականների ու ազգային մարմինների դեմ»: Դրդապատճառները շատ էին: Անդրադառնանք մի քանիսին, մեջբերելով նաև «Փոթորկոտ կյանքիս օրերը» գրքի ծալքերում գրառված Ահարոնյանի հաստատումները: Նա գրում է. «Իրանի հեղափոխությունից առաջ «Սավաքի» (Իրանի նախկին վարչակարգի հատուկ ծառայություն) ցանկությամբ իրանահայ բոլոր ազգային հաստատությունները գտնվում էին դաշնակցության գերիշխանության ներքո» (Էջ 332 և 381) , «Կուսակցությունը առանց հաշվի առնելու մեր ազնիվ ժողովրդին, պարտադրում է իր կամքը» (Էջ 1095) , «Հայ քաղքենի ազգայինները ազդելով դաշնակցություն կուսակցության վրա, ազգային հաստատությունները դարձրել էին իրենց շահույթի աղբյուր ու ցուցամոլության կենտրոն» (Էջ 332), «Թեմական Խորհուրդը առանց պատգամավորական ժողովի տեղեկության, ազգապատկան գումարները ծախսում էր իր հայեցողությամբ» (Էջ 784) : Ահարոնյանը հաստատում է, որ թեմակալ առաջնորդը զրկված է ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից:(Էջ 1194) Որ Թեմական Խորհուրդը, միջամտելով կրոնական խորհրդի իրավասության ներքո գտնվող աշխատանքներին, փորձում է արգելել այլախոհ երիտասարդների պսակադրությունը հայ առաքելական եկեղեցում: (Էջ 996) Որ Թեմականի որոշ աշխատանքները արժանանում են թեմակալ առաջնորդի նզովքին:(Էջ999) Որ ապօրինաբար և թաքուն վաճառում էին ազգին կտակված բարերարների կալվածներն ու հարստությունը, և թաքցնելու համար իրական հաշիվները, ներկայացնում են շինծու հաշվետախտակ: (Էջ784) Ահարոնյանը գրքի էջ 789-ից 791-ում վկայում է այդ մասին, մեջբերելով հետևյալ օրինակը:
Տիկ.Էլպիս Քովանյանը իր բոլոր հարստությունը՝ բաղկացած չորս հարկում կառուցված բնակարանային համալիրից և... կտակում է Թեմական Խորհրդին, որպեսզի իր մահից հետո այն օգտագործվի իր անվամբ մանկապարտեզ կառուցելու համար... նա իր կտակը իրականացնելու համար նշանակում է կտակակատար... 1997-թ. պատգամավորական ժողովներից մեկում Թեմական Խորհրդի զեկուցումից պարզվում է, որ վաճառել է այդ բնակարանը 14,000,000 թումանով... առանց կտակակատարի տեղեկության... այս զեկույցը զարմացնում է բոլորին...այդ համալիրի շուկայական իրական արժեքը վաճառման պահին եղել է առնվազն 70,000,000 թուման»:
Այսպիսին է ազգային կոչվող իշխանության գործունեությունը: Տարբեր մեքենայություններով ազգային հաստատություններ թափանցած ու բարձրագույն դիրքեր զբաղեցնող անձինք, իրենց անձնական շահամոլության կամ կուսակցական քաղաքականությունը իրականացնելու նպատակով, մոռանալով ամեն սրբություն, զլանում են անգամ 1988 թ. երկրաշարժի համար ժողովրդի կատարած մարդասիրական սրտաբուխ օգնությունները տեղ հասցնել:
Ահարոնյանը որպես «երկրաշարժի շտաբի» նախագահ, իր գրքի 1034-1035-րդ էջերում վկայում է.
«Սգում էր աշխարհասփյուռ հայությունը...բազմաթիվ երկրներից առաքվում էին մարդասիրական օգնություններ... Թեմական Խորհուրդը կյանքի կոչեց շտապ օգնության շտաբ... Հավաքված պարենային օգնությունները ուղարկվեցին Հայաստան, սակայն դրամական օգնությունները մնացին տեղում... իրանահայ երեք թեմերում հավաքված նյութական օգնությունները կազմեց 650-700 հազար ԱՄՆ դոլար... հետագայում հայտարարվեց, թե սույն գումարի հարյուր հազար դոլարը Ս.Էջմիածնում հանձնվել է երջանկահիշատակ Վազգեն Ա.Ամենայն հայոց կաթողիկոսին»:
Անցան տարիներ, անկախացավ Հայաստանը, սակայն հավաքված գումարը չհանձնվեց հասցեատիրոջը աղետյալ գոտում:
Այնուհետ մոգոնեցին Ղափանում կառուցել ծորակաշինության գործարան, (էջ1035) որը և ունեցավ ողբերգական ավարտ: (էջ799)

6. ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԿԵՑՎԱԾՔ

1995-թ. ապրիլին Հայաստանի Հանրապետության մի պատվիրակություն, վարչապետ Հրանդ Բագրատյանի գլխավորությամբ, այցելեցին Իրան:
Ահարոնյանը իր գրքի 1193-1200 էջերում անդրադառնալով այս խնդրին, գրում է. «...այս պատվիրակությունը անուշադրության է մատնվում Թեհրանի հայոց թեմի պատասխանատուների ու թեմակալ առաջնորդի կողմից...իսկ երբ այցելում է Ս.Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայում...վանքի բակում, նրանց՝ ազգային իշխանությունների ու թեմի առաջնորդ Կորյուն սրբազանի փոխարեն դիմավորում է մի փողոցային շուն...և երբ պատվիրակության անդամները վիրավորված հեռանում են վանքից, փողոցում հանդիպում են մի խումբ հայ երիտասարդների, որոնք կրում էին հակալևոնական լոզունքներով ու զրպարտիչ գրություններով պաստառներ»: «Պատվիրակության անդամները գտնում էին, որ այս խայտառակ քայլը կատարվել է Իրանի ԻՀ թողտվությամբ»: (Էջ 1197)
Վերլուծելով ու քննադատելով այս միջադեպը Ահարոնյանը էջ1197-ում ավելացնում է. «Իրանահայերի դիտանկյունից անթույլատրելի են... վարել նման քաղաքականություն... աններելի է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ.Կորյուն արք. Պապյանի վերաբերմունքը,որը անտեսելով հայոց առաքելական եկեղեցու օրենքներն ու ժողովրդի սրբությունները վերածվել է դաշնակցության քանդիչ քաղաքականության խաղալիքի»:
Հուշերի 1201-էջում կարդում ենք «Այս միջադեպից հետո երեսուն իրանահայ հասարակական գործիչների ստորագրությամբ... որոնց շարքում կային իրենց կուսակցության վարած քաղաքականության հետ խիստ հակառակ դաշնակցականներ...բողոքի երկու նամակներ գրվեցին Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի թեմակալ առաջնորդներին ու Թեմական Խորհուրդներին... քննադատելով նրանց թշնամական վերաբերմունքը... հորդորելով նրանց վերանայելու իրենց վարած քաղաքականությունը»:
Նամակը ստանալուց հետո Թեհրանի ՀԹ Թեմական Խորհրդի անդամներից մեկը դիմելով Ահարոնյանին ասում է. «Եթե ձեզ չճանաչեինք, կենթադրեինք, թե այս նամակի հեղինակը Իրանահայ Ազգային և Մշակութային Միությունն է»: (Էջ 1203)
Այդ նամակի բովանդակությունը, անկեղծ ու անշահախնդիր հայրենասերի, ու իրանահայերի ճնշող մեծամասնության խոսքն է, նամակում առկա է հայրենասիրական հոգի, երկու երկրների միջև հաստատված բարեկամության արմատավորման ու համագործակցության ընդլայնման ցանկություն: Հայոց Առաքելական եկեղեցու օրենսդրության պահպանում ու եկեղեցու առաջնորդների կոչումը բարձր պահելու նախանձախնդրություն: Եւ ամենից կարևորը Թեմական Խորհրդի ու առաջնորդարանի հասարակական, համայնքային աշխատանքների նկատմամբ վերահսկողություն ու քննադատելու համարձակություն: Այդ նամակում առաջարկված գործելաոճը, Հայաստանի նկատմամբ ոչ կուսակցական մոտեցում ցուցաբերելու պահանջը և ստորագրողների համարձակությունը խորթ էր «ազգային իշխանավոր»ներին, այն այլախոհների ոճին ու գործելակերպին էր նման, և հենց այդ պատճառով էլ Թեմական Խորհրդի անդամը նամակի հեղինակը համարել է ԻԱՄՄ-ին:
Հուշերի էջ 1273-1286ում Ահարոնյանը գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Ա.Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Իրանի ԻՀ Ազգային Անվտանգության Խորհրդի ( شوراي امنيت ملي) պատվիրակության միջև 27 փետ. 1997 թ. Ժնևում տեղի ունեցած բանակցությունների մասին: Ահարոնյանը,որ այդ բանակցություններում ստանձնել է թարգմանչի պարտականությունը, վկայում է, որ ըստ Վեհափառի՝ «իր քաղաքական նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը որդեգրել է վտանգավոր քաղաքականություն, ջանալով իր ձեռքում պահել մեր եկեղեցու լծակները... ինչ՞ու է Սպահանի թեմի առաջնորդը միջամտում մի բանտարկյալի հարցերին, որ դեռևս չի հաստատվել նրա անմեղությունը... ով վերաբերվում է այսպես, նա վնասում է եկեղեցուն ու հոգևորականությանը... դաշնակցությունը, Կիլիկիո կաթողիկոսին պտտեցնելով աշխարհի չորսբոլորը, ոչ մի ջանք չի խնայում նսեմացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսության ազդեցությունը:
Այսպիսով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թեմական Խորհուրդն ու թեմակալ առաջնորդը, եկեղեցին ու առաջնորդարանը, դպրոցն ու միությունը, ազգային ժողովն ու Անթիլիասի կաթողիկոսը եղել և մնում են դաշնակցություն կուսակցության քաղաքական խաղաքարտերը:
Խոսքը նորից տանք իրեն՝ Ահարոնյանին.
«Անթիլիասում տեղի ունեցած ազգային ժողովում (1983թ.) , որին մասնակցում էին անթիլիասապատկան բոլոր թեմերի պատգամավորները, երբ ընթերցվում էր աշխատանքային երրորդ օրվա բանաձևը, ժողովին է ներկայանում դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Հրայր Մարուխյանը ու փոփոխման ենթարկում հաստատված բանաձևի կետերը»: ( էջ978)

7. ՈՐԱԿՈՒՄՆԵՐ

Գրքում ակամայից կամ դիտավորյալ առկա են բացթողումներ ու իրադարձությունների սխալ գնահատականներ, այժմ անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Հուշերի 434-րդ էջում կարդում ենք. «Թեմական Խորհրդի ու Իրանահայ Ազգային և Մշակութային Միության «ԻԱՄՄ»-ի միջև առկա տարաձայնությունները վերացնելու նպատակով... հանգուցյալ Բաբիկ Թովմասյանի և Ժանետ Լազարյանի առաջարկությամբ ու միջնորդությամբ... և Թեմական Խորհրդի հավանությամբ, ես ու Թեմական Խորհրդի փոխնախագահը պրն.Թորգոմ Տ.Հակոբյանը, որպես նույն խորհրդի ներկայացուցիչներ, հանդիպել ու բանակցել ենք ԻԱՄՄ-ի երկու ներկայացուցիչների հետ ... որոնցից մեկի անունը չեմ հիշում, իսկ մյուսը բարձրահասակ ու սիրունատես Վահագնն էր... ժողովները ընթացել են իմ գրասենյակում երկու օր... երկրորդ օրվա ժողովին բացակայում էին Բաբիկը ու Ժանետը... Միատեղ քննարկել և վերլուծել ենք համայնքի առկա խնդիրները և հանգել որոշ համաձայնության և կազմել արձանագրություն, սակայն Վահագնը այն ստորագրելը պայմանավորել է իր պատկանած «Թուդե» կուսակցության վավերացմանը... Ի վերջո այն չստորագրվեց... այնուհետ հասկացա , որ Վահագնը ՊԱԿ-ի գործակալ է,և որ երկրում, որ ի շահ կոմունիստների քաղաքական ճգնաժամ էր տեղի ունենում Վահագնը լայն իրավունքներով գործուղվում էր այնտեղ»:
Իսկ ո՞վ էր իրապես Վահագնը: Վահագնը իրանահայ մի երիտասարդ էր, շրջանավարտ Հայաստանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետից, քաջատեղյակ հայկական խնդիրներին, որը ահա ամբաստանվում է որպես ՊԱԿ-ի գործակալ, որի «մեղքը» Հայաստանում ուսանած լինեն է: Նա այժմ ապրում է Գերմանիայում և տնօրինում է իր սեփական հյուրանոցային համալիրը:
Իրոք, նման հանդիպում տեղի է ունեցել, այն էլ միայն մեկ նիստում, պրն.Բաբիկ Թովմասյանի և տկն.Ժանետ Լազարյանի ներկայությամբ, որտեղ կատարվել է մտքերի փոխանակում: Ըստ տկն.Լազարյանի այդ հանդիպումը կայացել է իր և հանգուցյալ Բաբիկի նախաձեռնությամբ առանց Թեմական Խորհրդի ու ԻԱՄՄ-ի տեղեկությամբ կամ համաձայնությամբ, և միայն մեկ նիստում:Նա այսպես է վկայում «չեմ հիշում արձանագրություն կազմելու կամ համաձայնագիր ստորագրելու մասին խոսք եղած լինի, նաև տրամաբանական չի թվում, որ Վահագնը ասած լինի ինքը ինչ որ կուսակցության անդամ է և որևէ բան ստորագրելու համար անհրաժեշտ է կուսակցության հավանությունը, այս հանդիպում կազմակերպելուց մեր նպատակը ոչ թե կուսակցություններին իրար մոտեցնելը այլ համայնքի աչքառու և դերակատար անձնավորությունների միջև համաձայնության և համագործակցության ստեղծելն էր:» Իսկ Վահագնն էլ վկայում է, որ կայացել է նման հանդիպում, որտեղ զրույց է գնացել հայ համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ, որոնք և չեն արձանագրվել, և հանդիպում կայացնելու համար Թեմական Խորհրդի հավանության ու արձանագրության կամ համաձայնագրի ստորագրման մասին խոսք չի եղել:
Ահարոնյանի այս տողերի մասին խորհելիս մտածում ես եթե իրոք անհրաժեշտ էր որևէ համաձայնության կայացում և պայմանագրի ստորագրում, ինչու այդ հանդիպումը չի կայացել պաշտոնապես և այնտեղ չեն մասնակցել ԻԱՄՄ-ի նախագահը կամ վարչության անդամներից մեկը, նման հանդիպումներում բանակցում են կողմերի հավասարազոր ու լիազորված պաշտոնյանները, արդյոք գոյություն է ունեցել նման լիազորագիր, և եթե իրոք պայմանագրի կնքման անհրաժեշտություն գոյություն ուներ ինչո՞ւ չշարունակվեցին բանակցությունները և ձախողման դեպքում էլ չհրատարակվեց որևէ հաղորդագրություն, և հանգում ես այն եզրակացության, որ սա մի սովորական հանդիպման աղավաղված նկարագրում է, որտեղ հեղինակը ցանկանում է ներկայանալ «ժողովրդավար» ժեստով և հակառակորդներին ներկայացնել գործակալներ ու այլոց կամակատարներ, և ավելին Ահարոնյանը ինչպե՞ս հասկացավ, որ Վահագնը ՊԱԿ-ի գործակալ է, արդյո՞ք տեսել է ՊԱԿ-ի ագենտների անվանացանկը կամ գոնե Վահագնի անդամատոմսը, կամ որևէ տեղ հրատարակվա՞ծ է եղել նրա անունը որպես այդպիսին: Այդ զրպարտությունը հաստատելու համար արդյո՞ք կա որևէ աղբյուր: Նման գործակալներին հայտնաբերում ու չեզոքացնում են իշխանությունների անվտանգության համակարգերը, կամ էլ համազոր այլ լրտեսական ու գաղտնի գործակալությունները ու նրանց գործակալները, արդյո՞ք պետք է եզրակացնել, որ Ահարոնյանը նրանց գործակալներից է:
Հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում ուսանելը դաշնակցության տրամաբանությամբ հավասարազոր է «գործակալ» լինելուն:
1980թ. օգոստոս ամսին, Վարդավառի տոնի օրը մի խումբ դաշնակցական երիտասարդների կողմից կազմակերպված խմբակային հարձակում կատարվեց Նոր Ջուղայի Ժողովրդական Ժամանակավոր Կոմիտեի (ԺԺԿ-ի) անդամներ Հայաստանի պոլիտեխնիկ համալսարանի շրջանավարտ, Սպահանի Տեխնիկական համալսարանի դասախոս՝ դոկտ.Արամայիս Միրզախանյանի ու դերասան, նկարիչ և հասարակական գործիչ Արշավիր Ղարիբյանի վրա, սառը զենքերով զինված դաշնակցականները հարձակում սկսեցին Ս.Ամենափրկիչ վանքի փողոցով դանդաղ ընթացող մեքենայի վրա: Հաշված րոպեների ընթացքում, մեքենան վերածվեց երկաթակույտի, իսկ Միրզախանյանն ու Ղարիբյանը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած, հրաշքով, ապաստան գտան վանքին հարակից հոթել Ջուլֆայի բակում: Այդ ընթացքում դաշնակցականները պարսկերեն լեզվով վանկարկում էին.Այս սովետական գործակալը պետք է գնդակահարվի, խոսքը անշուշտ, դոկտ. Արամայիս Միրզախանյանի մասին էր իսկ լոզունգի նպատակն էր ամեն գնով վերջինիս ներկայացնել անվտանգության մարմիններին, երևի, համապատասխան վարձատրության ակնկալիքով:
Հարց է առաջանում, ո՞վ է հանձնարարել դաշնակցություն կուսակցությանը ու Ահարոնյանին, «սովետական գործակալներ» հայտնաբերել ու հայտարարել այդ մասին: Արդյո՞ք նրանք և Ահարոնյանը մի ակունքից ջուր չեն խմում:

8.ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ԻՀ կրթադաստիարակչության նախարարությունը տարբեր շրջաբերականներով արգելում կամ սահմանափակում էր հայոց դպրոցներում հայոց լեզվի և կրոնի հայերեն լեզվով դասավանդումը:
Այդ ուղղությամբ Ահարոնյանը, որպես ժամանակի Թեմական Խորհրդի նախագահ, իր հուշերում գրում է «1981 թ. հոկ. 12-ին (ճիշտը՝ 1981թ. Նոյ.11-ին) կրթադաստիարակչության նախարարությունը հրատարակեց հայերի համար անընդունելի 20 կետից բաղկացած մի շրջաբերական, որի գործադրումը հավասարազոր էր հայոց դպրոցների փակմանը»(էջ475) «այս շրջաբերականը... մեծ իրարանցում ստեղծեց իրանահայ համայնքում... բոլոր աշակերտները դիմեցին դասադուլի... դասադուլը և ցույցերը տևեցին երկու շաբաթ...»: (էջ 497)
1981թ. նոյ18-ին ներքին գործերի նախարարության կրոնական փոքրամասնությունների հիմնարկը թեմական խորհրդին և ԻԱՄՄ-ին (գուցե և այլոց) առանձին հրավիրել էին բացատրություն պահանջելու դասադուլի վերաբերյալ: Ահարոնյանը հուշերի էջ 482-ում գրում է. «ԻԱՄՄ-ի նախագահը պետական պատասխանատուին ասում էր, իբր թե աշակերտությունը ցանկանում է շարունակել դպրոցական աշխատանքները, սակայն դաշնակցականները խոչընդոտում են այն»,և ավելացնում է.«շատ զայրացա և պատասխանատուին ասացի ավելի լավ էր ձեր ցանկացած տեղեկությունները ստանայիք ինձանից, ոչ թե նման անցանկալի անձնավորություններից»:
Իրոք ԻԱՄՄ-ի նախագահ լուսահոգի Գալուստ Խանենցը դոկտ.Անդրանիկ Սիմոնյանի ընկերակցությամբ, նույն հարցադրմանը պատասխանելու համար նույն օրը գտնվում էին ներքին գործոց նախարարությունում: Ըստ դոկտ.Սիմոնյանի, 45 րոպե տևողությամբ հանդիպումից հետո, պատկան աշխատասենյակից դուրս գալու պահին շարունակելով զրույցը լուսահոգի Գալուստ Խանենցը բողոքով և բարձրաձայն ասում էր. «Հայոց դպրոցները հո դաշնակցականներին չի, որ նրանց հետ հակադրվելով փակում եք այն». սպասասրահում բացված դռան առջևում գտնվող Թեմական Խորհրդի երեք ներկայացուցիչները լսում են այդ խոսքերը:
«Աշակերտությունը ցանկանում է շարունակել դպրոցական աշխատանքները, սակայն դաշնակցականները խոչընդոտում են» արտահայտությունը ճիշտ է, սակայն այն չի արվել լուսահոգի Գալուստ Խանենցի միջոցով: Բայց եթե, երբևիցե ընդունենք, որ այդպես է ասել Խանենցը, դա սխալ արտահայտություն կամ զրպարտանք չի եղել: Եղել է լոկ իրականություն, որը հաստատում է նաև Ահարոնյանը հուշերի 497 էջում, որտեղ գրում է. «ներքին գործոց նախարարությունը պահանջում էր վերջ դնել դասադուլին... 25 նոյ.1981թ. «Ալիք» օրաթերթում տպագրված էր մի հայտարարության... որում հեղինակը անդրադառնալով «Սողոմոնյան դպրոցում» տեղի ունեցած համահավաքին... ավելացրել էր, որ Ահարոնյանը պահանջել է աշակերտներից վերջ դնելով դասադուլին և համահավաքներին, վերադառնալ իրենց դասարանները... ապա մի պատասխանատու հայտարարել է, թե հարգելով Թեմական Խորհրդի պահանջը, ավարտում ենք դասադուլը:», այս հայտարարությունը զարմացնում է Ահարոնյանին, որը և գրում է. «ինձ համար պարզ էր, որ սա կուսակցության ուղղակի որոշումն է..., այս հայտարարությունը արվել է առանց Թեմական Խորհրդի և իմ տեղեկությամբ: (էջ497)
Ամեն ինչ ասված է: Կուսակցությունն է կազմակերպում ցույց, համահավաք,դասադուլ և ցանկացած պահին վերջ դնում նրանց: Խլրտում են ստեղծում դպրոցներում, ապա գոչում. «պայքար,պայքար մինչև հաղթանակ», որի հետևանքով «Սահակյան դպրոցի 21 անմեղ աշակերտներ երկու ամիս հայտնվում են բանտում»: (էջ589)
Սակայն ամենևին էլ պարտադիր չէր դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի ու գրգռիչ քարոզչության, վրդովեցնել աշակերտներին ու նրանց ծնողներին, նրանց կանգնեցնել կառավարության դեմ, շփոթ, սարսափ ու զայրույթ ստեղծել համայնքում, երբ առաջին իսկ պաշտոնական կապերը դրական արդյունք են տալիս, և երկրի ղեկավարները հաստատում են, որ շրջաբերականները սխալ են, և խոստանում են բեկանել դրանք:
Որպես փաստ մեջբերենք գրառումներ Ահարոնյանի հուշերից: Նա էջ 399-ում գրում է. «1981թ. հուլիսի 30-ին Դատական գերագույն ատյանի նախագահ դոկտ. Բեհեշթին, լսելով մեր մտահոգությունները և պահանջները դպրոցների վերաբերյալ..., ասաց. «Կիրականացվեն ձեր ցանկությունները, բացի դպրոցների երկսեռ լինելուց»: Իսկ էջ 455-ում կարդում ենք. «Ես և Սրբազան հայրը տարբեր առիթներով երեք անգամ տեսակցություն ենք ունեցել դոկտ. Բեհեշթիի հետ և միայն մեկ անգամ ենք արժանացել նրա սառն ու չոր վերաբերմունքին... և այդ էլ այն պատճառով, որ պատվիրակության 5 անդամներից 2-ի բերանից օղու հոտ էր փչում:»
Իսկ գրքի 491-րդ էջում հեղինակը հաստատում է. «1981.նոյ.28-ին Դատական գերագույն ատյանի նախագահ Այաթոլլա Արդաբիլիի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ դատախազության իրավաբանների խորհրդի քննարկումներից հետո առկախվում է 20 կետանոց շրջաբերականի գործադրումը...»: Անմիջապես գումարվեց Թեմական Խորհրդի նիստ...: Ժողովում որոշվեց այս հաճելի լուրը ես հաղորդեմ աշակերտներին... որոնք դեռ շարունակում էին դասադուլը... ես նախ ողջունեցի աշակերտության կիրառած քայլը (դասադուլը)... և ապա հաղորդեցի այդ ուրախ լուրը...:»
1981թ. նոյեմբերին Իրանահայ Ազգային և Մշակութային Միությունը (ԻԱՄՄ-ն) հանդես եկավ մի հայտարարությամբ՝ «Ծրագիր Պահանջներ հայկական դպրոցների մասին» անվան տակ: ԻԱՄՄ-ն այս հայտարարությամբ պահանջել էր, որպեսզի վերացվեն հայոց դպրոցների համար ստեղծված աշխատանքը պետք է տեղի ունենա մշակված կենտրոնական ծրագրով և ոչ թե այս կամ այն խմբի հայեցողությամբ ու քմահաճույքով» և առաջարկել էր. «Հայերեն լեզվի ու գրականության, Հայ ժողովրդի պատմության ու կրոնի ուսուցումը պետք է պարտադիր լինի բոլոր հայ աշակերտների համար, անկախ նրանց հաճախած դպրոցից ... հայ աշակերտությունը տեղաբաշխվեն հայկական դպրոցներում ... բոլոր առարկաների դասավանդումը, հնարավորին չափով, կատարվի հայ ուսուցիչների կողմից, այդ ուղղության կառավարությունը պետք է հատուկ բյուջե նկատի առնի հայ ուսուցիչներ պատրաստելու համար ... խորհրդարանի կրթա-դաստիարակչական հանձնախմբին կից պետք է ստեղծվի փոքրամասնությունների բաժին կրթադաստիարակչական օրինագծերը նախապես քննարկելու և մշակելու համար... կրթա-դաստիարակչական նախարարության կից, որպես պետական գործադիր մարմին, պետք է ստեղծվի մշտական կոմիտե բաղկացած փոքրամասնությունների ներկայացուցիչներից և... որի իրավասություններից պետք է լինի փոքրամասնություններին հատուկ կրթական ծրագրի մշակումն ու գործադրումը, ուսուչա-դաստիրակչական կազմի ընտրությունը, դասագրքերի բարեփոխումն ու վերամշակումը...»:
Այդ առաջարկների իրականացումը արմատական փոփոխություն ու նոր շունչ կմտցներ մեր դպրոցներում, այն այլևս իրավունք չէր տա ինչ-որ շրջաբերականով խաթարել հայոց դպրոցը:
Այդ հայտարարությունը և առաջարկները հրատարակումից 28 տարի անց դեռ մնում են արդիական, միայն այդպես կարելի է ունենալ իր կոչմանը հարազատ հայոց դպրոց:
Ահարոնյանը այս հայտարարությունը ներկայացնելու և քննադատելու համար իր գրքում հատկացրել է 7 էջ (էջ482-ից 489) և այն անվանել է անիմաստ, խաբուսիկ...: Նա հեգնական վերաբերմունք է ցուցաբերել նրանում տեղ գտած առաջարկների ու պահանջների նկատմամբ, դրա նախաբանը համարել է լոզունգային, իսկ հինգերորդ կետում նշված «ներկայացուցիչ» բառը շփոթել է պատգամավոր բառի հետ, և ըստ այդմ էլ ներկայացրել իր վերլուծությունները: Նա այս հայտարարությունը համարել է հայավնաս, և հայտարարության հեղինակին անվանել այլ մոլորակային, մեջբերելով տարբեր ասացվածքներ, օրինակ «դեպի գյուղ ճամփա չէին տալիս, գյուղապետին էր փնտրում»: Սա նշանակում է, որ ըստ Ահարոնյանի, ԻԱՄՄ-ն ավելորդ պահանջներ էր ներկայացնում կառավարությանը, իսկ քիչ անց հեղինակը մատնում է իր շրջապատի գլխավոր մտավախությունը, որը ոչ թե հայոց դպրոցներն էին, այլ «ազգային իշխանության» այսինքն դաշնակցության տիրապետությունը այդ դպրոցներում: (էջ 486 և 488)
«ԳՅՈՒՂ» մտնելու համար պետք է ունենալ ողնաշար: Պետք է լինել անկեղծ, սթափ, հաստատակամ ու ինքնավստահ, ունենալ երկրի օրվա քաղաքականությունը վերլուծելու կարողություն, և առանց կաշկանդումների ու հետին նպատակների գյուղ մտնել: Որպես համայնքի ներկայացուցիչ պետք է լավատեղյակ լինել նրան վերապահված իրավունքներին: Պետք է լինել լավա ծանոթ իր ներկայացրած խորհրդի ու համայնքի անցյալի գործունեությանը:
Ահարոնյանը «գյուղ մտնելու» իրավունքը վերապահում է իրեն և իր ղեկավարած Թեմական Խորհրդի անդամներին, բայց տեսնենք, թե ինչպիսի մարդիկ էին դրանք, հենց իր վկայությամբ:
Անփորձ Թեմական Խորհուրդը (էջ 388) , որի անդամները Իրանի դատական գերագույն ատյանի նախագահի մոտ ներկայանում են «ԽՄԱԾ» վիճակում և խոստանում են անխոս մնալ բանակցության ընթացքում (էջ 455) կամ, որի փոխնախագահը «Ալիք» օրաթերթի հետ ունեցած հարցազրույցում ոչ ճիշտ տեղեկություններ է փոխանցում ընթերցողին , (էջ 1085) կամ հենց ինքը՝ խորհրդի անփորձ նախագահը , (էջ 388) որին նեղն ընկած ժամանակ, հարցազրույցի պահին, փրկում են «Սիփան» միության անդամները (էջ 432) և որի համար հարցական է, թե ինչպե՞ս կարելի է գործակցել և համաձայնության հանգել պարսիկ հոգևորականների հետ , (էջ 404) որը «ներկայացուցիչը» պատգամավորի հետ շփոթելով, սխալ է ըմբռնում նախադասությունների իմաստը և հեգնանքով է խոսում ԻԱՄՄ-ի լուրջ հայտարարության մասին, չըմբռնելով «ԲԱՆԻ» էությունը, նրա հեղինակին անվանում է այլմոլորակային , (էջ 485) Իսկ ի՞նչ ասել Թեմական Խորհուրդի վերադաս և նրան նշանակող պատգամավորական ժողովի մասին, որը կազմված է «թերուս խանութպաններից ու արհեստավորներից... որոնք զուրկ են երկրի օրվա քաղաքականությունը ըմբռնելու կարողությունից , (էջ 972) որոնց ընդհանուր մտավոր մակարդակը, Արամ Ա. Կաթողիկոսը գնահատում է «շատ ցածր » (էջ1079):Եւ վերջապես այդ բոլորին իր բուռը հավաքած կուսակցությունը, որը հրապարակ չէր գալիս իր անվամբ...և որի անդամները լքեցին համայնքն ու երկիրը (Էջ 492) իրենց կյանքը փրկելու համար, տարիներ թաքնվեցին կառավարությունից : (էջ 1000)
Հիշեցնենք նաև, որ ԻԱՄՄ-ի ներկայացրած առաջարկներից որոշները հետագային իրականացան, ինչպես հայոց լեզվի և կրոնի ուսուցիչների պետական կարգավիճակ ստանալը և փոքրամասնություններին կրթական, մշակութային հատուկ բյուջեի հատկացումը, որոնց մասին Ահարոնյանը և իր շրջապատի մարդիկ չէին էլ կարող մտածել, որովհետև նման բաները և ընդհանրապես այն ինչ դուրս էր նրանց իշխանության սահմաններից, համարվում էր կոմունիստական սպառնալիք : (էջ 488)

9. ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Ահարոնյանը այս գրքի առնչվածը 150 էջը (շուրջ 10 տոկոսը) հատկացրել է հայոց դպրոցներին ու նրա շուրջ ստեղծված խնդիրներին, սակայն այս բոլորի մեջ մի նախադասություն անգամ չկա դպրոցների կրթական մակարդակի, դասավանդվող հայագիտական առարկաների, դասագրքերի անմխիթար վիճակի, դպրոցներում տարվող մշակութային աշխատանքների մասին: Գոհացուցիչ չէ հայոց դպրոցների կրթական մակարդակը, վկան ուրբաթօրյա դպրոցների գոյությունն է, որին միայն Թեհրանում մասնակցում են առնվազն հայոց դպրոց չհաճախող 250 հայ աշակերտ–ուհիներ: Աշակերտների սակավության պատճառով փակվեց, տասնամյակների անցյալ ունեցող «Քուշեշ Դավթյան» հայոց դպրոցը, այն դեպքում, երբ դպրոցի հարևանությունում գտնվող մի ոչ հայկական դպրոցի աշակերտության 100-ից ավելին հայեր են: Հայոց դպրոցի շրջանավարտը չի կարողանում անսխալ գրել մի դիմումնագիր կամ նամակ:
Մինչև 20 տարի առաջ Հայաստանից ձրիաբար ստացված գրականությամբ, սփյուռքի շատ դպրոցներում ստեղծվել են հարուստ գրադարաններ, սակայն իրանահայ աշակերտը զրկված է այդ բարիքից՝ «սխալ» ուղղագրության պատճառաբանությամբ: Հայ երիտասարդին առիթ չէր տրվում պարծենալ իր հայրենիքի ձեռքբերումներով ու ճանաչել գիտության, արվեստի, սպորտի և ... հայ ռահվիրաներին: Այդ էլ այն ժամանակ, երբ Ֆրանսիացի գրող Ժան Փիէր Ալեմը վերը հիշատակված գրքի էջ 143-ում գրում է, թե Հայաստանը «իր ակադեմիայով, համալսարանով և հաստատություններով հայ ժողովրդի միջին մշակույթը բարձրացրեց և հասցրեց այնպիսի մի մակարդակի, որին իր պատմության մեջ չէր հասել»:
Նոր ուղղագրության մասին դաշնակցության ժամանակի պարագլուխներից պրն.Թաթուլ Օհանյանը 2008 թ. լույս տեսած իր «Խոհեր և Մտածումներ» գրքի էջ 227-ում վկայում է. «Ուղղագրութեան երկփղկւածութեան ամենամեծ տուժողը եւ վնասւողը իրանահայութիւնն է» և էջ 234-ում հաստատում է, որ դա եղել է հակահայաստանյան ակտ: Նա գրում է. «Նոր ուղղագրութեան մերժումը իրանահայութեան կողմից ոչ միայն նրա ճիշտ ու սխալի խնդիրն է եղել, այլ նաև քաղաքական կողմը, որովհետև նման ուղղագրական բարեփոխումը կատարւեց սովետական իշխանութեան կողմից, քաղաքական նպատակների համար»: Թաթուլ Օհանյանը թող այն ժամանակ, երբ պարբերաբար անդամակցում էր Անթիլիասում գումարվող Ազգային ընդհանուր ժողովին և Իրանա-Հնդկաստանի հայոց թեմի հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական զարկերակները տասնյակ տարիներ գտնվում էին իր ձեռքում, ներկայացներ ու հաստատեր այս տեսակետը, որպեսզի չտուժեր և չվնասվեր իրանահայությունը, ոչ թե հիմա, երբ դուրս է մնացել ազգային և կուսակցական վերնախավի շարքերից: Կարող է նա կուսակցական նեղ կաղապարներից ու կաշկանդումներից ձերբազատվելուց հետո է առիթ ունեցել վերանայելու իր ղեկավարած ժամանակաշրջանում կուսակցության ունեցած տեսակետները: Եկեղեցու մասին ևս նա արեց իր կուսակիցների համոզմունքին հակառակ մի հայտարարություն, «Ալիք» օրաթերթում տպագրած մի գրությամբ նա քննադատեց բոլոր նրանց, որոնք«Ամենայն Հայոց» կոչումը անհարգի կցում են «Մեծի տանն կիլիկիո» գահակալի անվանը: Սակայն այս ամենով հանդերձ ողջունելի է «տեսակետների» նման դրական փոփոխությունը, համարձակություն և ... է պետք հրապարակավ հայտարարել, որ սխալ են եղել տասնամյակների քո հետևած ու պաշտպանած տեսակետները, որոնք եղել են քո գաղափարական հակառակորդների հիմնական ուղեգիծը:
Հենց միայն թեմերի անջատման, ուղղագրության և ինչու՞ չէ, նաև իրանահայ դպրոցների պարագան բավական են համոզվելու, որ Դաշնակցության համար կուսակցական շահերը միշտ էլ վեր են եղել ազգի ընդհանրական շահերից:
Սակայն այս բոլորից տեղյակ, Ահարոնյանը ինչո՞ւ է զայրանում այլոց վրա: Կարո՞ղ է նա չգիտեր, որ այդ օրերին ժողովրդի համակրանքը չվայելող ազգային իշխանավորների ու նրանց պաշտպանող կուսակցության դիմաց, հանձինս այսպես անվանված «ձախերի», «կոմունիստների» ու ԻԱՄՄ-ի կա մի ուժ, որը իր առողջ մտայնությամբ ու գործելակերպով խափանում է նրանց միահեծան իշխանությունը: Ին՞չ է թաքնված Ահարոնյանի կողմից Խանենցին վերագրված արտահայտության խորքում, արդյո՞ք Խանենցը զրպարտու՞մ էր, գոր՞ծ էր հարուցում, լրտեսու՞մ էր: Ոչ, դրա կարիքը չկար, Իրանի պատկան մարմինները շատ լավ տիրապետլ են բոլոր անցուդարձերին, հենց միայն ուշադիր ընթերցելով ու վերլուծելով այն օրյա «Ալիք»-ի հաղորդած լուրերն ու հոդվածները:
Այս կապակցությամբ Ահարոնյանը վկայում է, որ «Ամենայն հայոց երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսին զարմացրել էին իր հետ բանակցող իրանական կողմի խորն ու լայնածավալ տեղեկությունները Հայաստան աշխարհի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, երկու կաթողիկոսությունների, հայկական սփյուռքի, կուսակցությունների ու իրանահայության մասին»: (էջ 1275 և 1282) Հայկական բոլոր խնդիրների վերաբերյալ պարսկերեն լեզվով գոյություն ունի անսահման գրականություն: Հարյուրավոր գրքերում կարելի է հանդիպել հայության ու Հայաստանի մասին ամենատարբեր հոդվածների: Հաշեմի Ռաֆսանջանին 1984 թ. հունիսի 16-ին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, որը ուղիղ եթերով ձայնսփռվում էր ամբողջ Իրանի տարածքում, բողոքով ու սրտնեղանքով է անդրադարձել իրանահայության հասարակական խնդիրներին: Նրա գրչին պատկանող «Ամիրքաբիրը՝ կամ գաղութատիրության դեմ պայքարի հերոսը امير كبير يا قهرمان مبارزه با استعمار» գրքում, որը հրատարակվել է 1967-թվին, առկա են նրա տեսակետները քրիստոնյա եկեղեցիների մասին: Մամուլը ևս հագեցված է հայության մասին ամենաթարմ լուրերով ու շրջահայաց վերլուծական հոդվածներով: Պարզապես Դաշնակցության գերխնդիրը նոր վարչակարգում իր մենատիրությունը պահպանելն էր, ահա թե ինչու նա ամեն տեղ տեսնում էր միայն ախոյաններ, թշնամիներ, լրտեսներ, որոնցից հարկավոր էր ձերբազատվել ամեն գնով, այդ թվում նաև խեղաթյուրելով, իսկ լավագույն դեպքում նաև լռության պարիսպ քաշելով համայնքի կյանքում այլոց դրական ներկայության շուրջ: Հենց այս հոգով էլ գրի է առնվել Ահարոնյանի հուշերը:

10. ԴՈԿՏ. ՀՐԱՉ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

1980թ. սեպ.2-ին Իրանի Ի.Խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր դոկտ.Հրաչ Խաչատրյանը ելույթ ունենալով խորհրդարանի պաշտոնական նիստում, արծարծելով մի շարք հրատապ խնդիրներ, պահանջեց նաև սանձել այն պատասխանատուներին որոնց արտահայտությունները փոքրամասնությունների մոտ առաջացնում են մտահոգություն և առիթ հանդիսանում բազում ասեկոսների նրանց դպրոցների փակման շուրջ: Նա իր ելույթում անդրադարձավ նաև հայոց դեմ իրագործված ցեղասպանության և Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքներին:
1981թ. Ապրիլի 23-ին դոկտ.Խաչատրյանը, Խորհրդարանի պաշտոնական նիստում կատարեց աննախընթաց մի քայլ: Նա իր ելույթը ամբողջությամբ նվիրեց մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության փաստին, և համարձակորեն բարձրացրեց հայ ժողովրդի իրավացի պահանջատիրության ձայնը:
Դոկ.Խաչատրյանի ելույթը ամբողջությամբ կամ մասամբ տպագրվել է այնօրյա իրանական մամուլում և դարձել Իրանի ժողովուրդների ուշադրության առարկա: Սակայն այս խիզախ ելույթին չանդրադարձան ոչ «Ալիք» օրաթերթը, և ոչ էլ դաշնակցական այլ լրատվամիջոցները:
Սույն ելույթների մասին ոչ մի ակնարկ չկա նաև Ահարոնյանի հուշերում, փոխարենը էջ 618-ում նա գրում է. «Իրանի պատմության ընթացքում Հրայր Խալաթյանը առաջին հայ պատգամավորն էր, որ 1983 թ.հունիս 6-ին ելույթ ունեցավ Իրանի Խորհրդարանում»:
Հուշագրողը իրավունք ունի, իհարկե, գրելու միայն իր համար թանկ ու նվիրական բաների մասին, բայց այս տեսանկյունից մի քիչ այլ է անաչառ պատմաբանի պարագան, որին և հավակնում է Ահարոնյանը:

11. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Իրանահայ հասարակական-քաղաքական կյանքում ընտրությունները միշտ էլ եղել են տարբեր խմբավորումների միջև քարոզչության և պայքարի մրցադաշտ: Պրն.Լ.Գ.Մինասյանը իր, «Նոր-Ջուղան Աւելի քան մէկ և քառորդ դարում 1856-1996» գրքի էջ 37-ում գրում է.«...1922 թւի ընտրապայքարը, այդ օրերին, երբ հարաւային իրանահայութեան համար նոր պատգամաւորի ընտրութիւն պետք է կատարւէր, ներկայացւած էր երկու թեկնածու, մէկը դաշնակցականների կողմից՝ Արամ Մովէլը, իսկ միւսը հակառակորդների կողմից՝ Յովսէփ Միրզայեանը:... Ահա այս պայքարների նախօրեակին եւ ընթացքում, սպանւում են Սրբ. Ամենափրկիչ Վանքի երկու միաբան հոգեւորականները՝ Խորեն եւ Եզնիկ Վարդապետները:», և շարունակելով էջ 40-ում գրում է. «Այդ օրերում խիստ պայքար է ստեղծւում նաեւ դպրոցների հոգաբարձութեան ընտրութեան ժամանակ, նպատակ ունենալով դպրոցների ղեկավարութիւնը մէկը միիւսի ձեռքից խլելու,...»:
Այժմ տեսնենք թ՞ե ինչպես են տեղի ունենում ընտրությունները մեր օրերում: Ահարոնյանը բազմիցս անդրադարձել է այս խնդրին և իհարկե միայն այն դեպքերում, երբ ինքն է անմիջական տուժողը:
Հուշերի էջ 800-802-ում հեղինակը այսպես է նկարագրում 1983թ. կայացած Իրանի Ի. Խորհրդարանի ընտրությունների ընթացքը, «....Սողոմոնյան դպրոցի տեսուչ Պ.Նորայր Էլսայանը, Դաշնակցության կողմից առաջադրվել էր թեկնածու, իսկ ձախակողմյանները ներկայացրել էին դոկտ.Վիգեն Զարգարյանին... ընտրապայքարը սկսելուց հետո,... երեք օր ընտրություններից առաջ,... ընտրությունների դիտորդ պահապան խորհուրդը չհաստատեց Էլսայանի թեկնածության իրավասությունը:... երևի Դաշնակցություն կուսակցությունը նախատեսել էր նման բան, և ներկայացրել էր նաև այլ թեկնածու, որն էր ոչ հանրաճանաչ ճարտ. Վարդան Վարդանյանը:... Ուստի փոխվեց կուսակցության թեկնածուն:... որոշված էր մենք բոլորս ամեն կերպ հովանավորենք նրան, որպեսզի նա ընտրվի հյուսիսային Իրանահայության պատգամավոր, ես անձամբ «Չարմհալ» միությունում բանախոսեցի նրա օգտին: Թեմական Խորհուրդը չէր ցանկանում ձախ հոսանքի ներկայացուցիչը ընտրվի պատգամավոր... կարճ ժամանակում ստեղծվեց հզոր ճակատ և բոլորի ջանքերով կարողացանք ճարտ. Վարդան Վարդանյանին ուղարկել Խորհրդարան:»
Նույն նստաշրջանին հարավային իրանահայության պատգամավորի պաշտոնը զբաղեցնելու համար ժողովրդական ճակատը կրկին ներկայացրել էր Ի.Ի.Խորհրդարանի առաջին նստաշրջանի պատգամավոր դոկտ.Հրաչ Խաչատրյանին, իսկ Դաշնակցականները ներկայացրել էին պրն.Արտավազդ Բաղումյանին: Այս ընտրապայքարը ահռելի կեղծիքների շնորհիվ ավարտվեց ի շահ Դաշնակցության: Սակայն ժողովրդական ճակատի բուռն բողոքից հետո, բացահայտվեցին կեղծիքները և բեկանվեց այն: Այս կեղծված ու բեկանված ընտրությունների մասին, չգիտես ինչու, լռել է Ահարոնյանը:
Այս թափուր տեղի համար, նոր ընտրություններ տեղի ունեցան վեց ամիս անց, որում տեղի ունեցած դեպքերի մասին էլ էջ 802-ում Ահարոնյանը գրում է. «Դաշնակցություն կուսակցությունը Սպահանում բավարար թվով կողմնակիցներ չուներ, և եթե կուսակցության Թեհրանի կազմակերպությունը ժամանակին չաշխատեր, Սպահանում դաշնակցության թեկնածու Բաղումյանի ընտրվելը դժվար կլիներ, նախքան ընտրությունների կայանալը, Թեհրանի հայերը մի քանի ավտոբուսներով հանրահայտ կուսակցական Ժորժիկ Աղազարյանի ղեկավարությամբ գնացին Սպահան և Շահինշահր քաղաքները (իրենց ընտրատարացքից դուրս, հեռավորությունը 430 կիլոմետր) և քվեարկեցին Բաղումյանի օգտին, այսպիսով նա ընտրվեց հարավային Իրանահայության պատգամավոր»:
Այսպիսով Ահարոնյանը խոստովանում է որ, Թեմական Խորհուրդը դեմ էր որպեսզի ձախ հոսանքի ներկայացուցիչը ընտրվի պատգամավոր: Հարց է առաջանում՝ Թ.Խորհրդի կանոնագրության ո՞ր կետի համաձայն է կայացել այս հակաօրինական որոշումը, չէ որ Թ.Խորհուրդը, որպես թեմի բարձրագույն գործադիր մարմին, իրավունք չունի որդեգրել նման քաղաքականություն, այն պետք է լինի անկողմնակալ բոլորի նկատմամբ,և զբաղվի իրեն վերապահված պարտականությունների իրականացմամբ, ոչ թե վերածվի ինչ որ թեկնածուի ընտրական շտապի: Ահարոնյանը նաև խոստովանում է որ, որոշված էր մենք բոլորս ամեն կերպ հովանավորենք ճարտ. Վարդան Վարդանյանին, և հայտարարում է որ, ինքը «Չարմահալ» միությունում ելույթ է ունեցել նրա օգտին, դա իհարկե իր իրավունքն է որպես անձ , բայց նա իրավունք չուներ Թ.Խորհրդի նախագահի իր հանգամանքը, ինչպես նաև ազգային հարստությունն ու հնարավորությունները որևէ կերպ ի սպաս դնել ցանկացած թեկնածուի:
Ստացվում է որ ամբողջ գրքում դաշնակցության ապօրինությունների դեմ բողոքող Ահարոնյանը ինքն էլ մասնակից եղել սույն ապօրինություններին, դրանով իսկ կորցնելով արդարության և ճշմարտության անունից խոսելու և մանավանդ նույն անարդարությունների դեմ անհավասար պայքար մղող «ձախերի»-ն դատելու ու դատապարտելու բարոյական իրավունքը:
2000 թ. Հոկտ. 20-ին տեղի ունեցան Թեհրանի հայոց Թեմի 12-րդ պատգամավորական ժողովի ընտրությունները: Այդ ընտրություններին մասնակցելու նպատակով Ահարոնյանը դրել էր իր թեկնածությունը:
Այդ մասին նա վկայում է՝. «Թեհրանի առաջնորդարանում Արամ Ա. Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ վեհափառն ասաց , որ խոսել է կուսակցության պատասխանատուի հետ և առաջարկել է, թույլ տան մի քանի ինձ նման այլախոհների կամ մի քանի չեզոք անձանց անդամակցել պատգամավորական ժողովին:» (Էջ 1080) Եվ նա անդրադառնալով այս ընտրությունների արդյունքներին գրում է.քվեարկության ավարտից հետո «...ընտրություն կայացնող հանձնախումբը, ներքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ, մինչև կեսգիշեր հաշվում և գրառում էին ժողովրդի քվեները, իմ ընկերներից մեկը, որ նույն հանձնախմբի անդամ էր, մյուս օրը զանգահարեց ինձ և շնորհավորեց բարձր քվեներ շահելու համար... սակայն երեկոյան «Ալիք» օրաթերթը ստանալուց հետո, ես և ընկերս զարմանքով տեսանք, որ իմ անունը ընտրվածների ցանկում չկար:» (Էջ 1089) Դարձյալ առաջանում է հարցերի շարան, միթե՞ անհրաժեշտ է որևէ կուսակցության թույլտվությունը ընտրվելու համար, հապա ու՞ր մնաց ժողովրդի քվեները, ստացվում է կուսակցությունը ինչպես ցանկանում, այնպես էլ բաշխում է դրանք, և իր ցանկացած անձանց հանում քվեատուփերից: Միթե՞ նշանակովի է Պատգամավորական ժողովի անդամակցությունը, եթե՞ այո, ինչու բանի տեղ չեն դրել Վեհափառի առաջարկությունը և բարեխոսությունը Ահարոնյանի նշանակելու համար:
Ահարոնյանը հուշերում խոսում է նաև ընտրապայքարում իր քարոզարշավի աշխատանքները խոչընդոտելու մասին, (Էջ 1081) և հավակնում է որ, չեն թողել ինքը ընտրվի : (Էջ 1091) Ժամանակին նա այս ընտրությունների կապակցությամբ մի հոդվածով հանդես է եկել «Լույս» երկշաբաթաթերթի 15-րդ համարում, որտեղ կսկիծով քողազերծել է քվեարկության ընթացքում տեղի ունեցած անօրինություններն ու կեղծիքները: Նա գրում է՝.«այս ընտրություններում կուսակցությունից վտարված որոշ անձինք միանալով ոչ կուսակցականներին պատճառ դարձան Նարմաք թաղում ոչ կուսակցականներ կազմեն ընտրվածների մեծամասնությունը: Այս խնդիրը այնքան էր զայրացրել կուսակցականներին,որ նրանք դիմեցին անմարդկային արարքի ... կեսգիշերին կուսակցության երեք անդամներ գնում են կուսակցությունից վտարված մի անձնավորության տան դռան ... դուրս կանչում տնից ... և դանակի հարվածներով վիրավորում են նրան ... (Էջ 1091)
Այս և նման բացահայտումները ոչ մի նորություն չեն բացահայտում, դրանք հետաքրքիր են միայն որպես, այսպես կոչված, «ազգային իշխանությանը» մոտ կանգնած մարդու ուշացած խոստովանություններ:
Բայց տեսնենք, թե ի՞նչ կարծիքի է այս մասին ՀՅԴ. բյուրոյի անդամ պրն.Վիգեն Բաղումյանը:
«Յույս» երկշաբաթաթերթին տված հարցազրույցում, որը տպագրվել է նույն թերթի 29-րդ համարում (2 հուլ.2008) պատասխանելով լրագրողի մի հարցին Բաղումյանը ասում է. «...տեղի են ունենում ընտրութիւուններ: Մենք ոչ փող ենք տալիս մարդկանց, որ մեզ քւէարկեն, ոչ արգելում ենք ուրիշին, որ քարոզչութիւն տանի:Ամէն ինչ տեղումն է և ամէն դէպքում, սիրեն թէ չսիրեն, մենք մեծամասնութիւն ենք լինում: Կարելի է որոշների կարծիքով անարդարօրէն, նրանց կարծիքով առանց արժանի լինելու»:
Դե, իհարկե, ոչ ոք իր թանին թթու չի ասի, բայց գոնե ինքը գիտի, ո՞ր իր թանը թթու է, թե այնքան է տարված իր «մեծամասնությամբ», որ կորցրել է համի զգացումը, բացի քաղցրության զգացումից:
Դատողությունը թողնում ենք ընթերցողին:
1982թ.Փետ.23-համահավաքում Ահարոնյանը այլախոհ միություններին, կազմակերպություններին և անձնավորություններին անվանում է անտեղյակ, նրանց հայտարարությունները խաբուսիկ և նրանց գործունեությունը հայավնաս, և նրանց խորհուրդ է տալիս, եթե ցանկանում են պայքարել, մասնակցեն ընտրություններին, և երբ ժողովուրդը քվեարկեց նրանց օգտին, անդամակցեն Թեմական Խորհրդին և պատգամավորական ժողովին: (Էջ 525) Ի՞նչ է, այդ ժամանակ նա չգիտե՞ր, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ընտրությունները, իսկ ի՞նչն էր խանգարում նրան տեսնել իրականությունը, գուցե՞ նախագահի աթոռը:

12. ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1986–թ. Նոր Ջուղայում անօրինական հրազեն կրելու մեղադրանքով ձերբակալվում է ոմն դաշնակցական: Հարցաքննության ընթացքում բացահայտվում է նրա գործուղման նպատակը և գործուղող անձն ու կազմակերպությունը, ձերբակալվում են պատկան կուսակցության պարագլուխները, որոնք էլ իրենց հերթին կատարում են խոստովանություններ: Հայտնաբերվում է կուսակցության զինանոցը և բռնագրավվում այն:
Ահարոնյանը հուշերի էջ 981-989-ը անդրադառնալով այս միջադեպին ու նրա հետևանքներին գրում է. «Այս միջադեպը իր բացասական դերը ունեցավ իրանահայության հանրային կյանքում... կտրուկ փոխվեց Իրանի իշխանավորների վերաբերմունքը իրանահայության նկատմամբ... մայիս 28–ին փակվեցին Թեհրանի առաջնորդարանի և Ս.Սարգիս եկեղեցու դռները... ոստիկանությունը արգելում էր ժողովրդի մուտքը այնտեղ... երկու ամիս փակված մնաց Արարատ մարզավանը և...»:
Սակայն ինչու՞ տեղի ունեցավ այս դեպքը: Ահարոնյանը բավարարվում է այս կարևոր դեպքի մասին հաղորդել մի պարզ ամբոխային զրույց, իբր թե, երիտասարդ դաշնակցականին հանձնարարել էին զինավարժությունից հետո օգտագործված զենքը վերադարձնի զինանոց... որը և ենթարկվում է վթարի և ձերբակալվում»:(Էջ 981)Չպարզելով թե որ՞ն է այս հայտարարության լրատու աղբյուրը: Ինչու՞ էր կուտակվել այդքան մեծ քանակության զենք ու զինամթերք, որտե՞ղ, ու՞մ դեմ և ի՞նչ նպատակով պետք է օգտագործվեին դրանք:
Այս ձերբակալությունների մասին Իրանի ԻՀ տեղեկատվության և անվտանգության նախարարը հօջաթօլիսլամ Ռէյշահրին 1986թ. օգոստոս 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դաշնակցություն կուսակցությանը դասելով Իրանի իշխանության հակադիր կազմակերպությունների և Լիբանանի Ֆալանժիստական կուսակցության շարքերին նրան համարում է արևմտամետ, փրոամերիկա, կապված նախկին վարչակարգին, որը չմասնակցեց իսլամական հանրապետության հանրաքվեին և վերջերս կապեր էր հաստատել Իրաքի հետ, և ավելացնում է. «Հեզբոլլահի տիրապետությունից հետո, դաշնակցությունը տակտիկորեն փոխեց իր դիրքերը և առերես իրեն իսլամական հանրապետության կողմնակից էր ձևացնում, և հավակնում էր որ իրանում չունի կազմակերպություն և չի ծավալում որևէ աշխատանք... սակայն վերջերս այս կուսակցությունը Սպահանում ծանր հարված ստացավ, ձերբակալվեցին այդ կազմակերպության պարագլուխներից 11 հոգի, որոնցից 6-ը՝ ռազմական բաժանմունքի անդամներ...: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվեց 70 միավոր «G-3» և կլաշինկով տեսակի հրազեններ,... 10,000 հատ տարբեր տեսակի փամփուշտներ ու... մեծ քանակությամբ ներկուսակցական փաստաթղթեր և այլն: (Էթելաաթ օրաթերթ 27 օգոստոս 1986թ)
Ահարոնյանը գրքի էջ 838-ում գրում է . «Հայաստանը ձեռք էր բերել իր անկախությունը և ՀՅԴ-ն քաղաքական ասպարեզում գտել էր իր ուրույն և կարևոր դերը նորանկախ Հայաստանի Հանրապետությունում: Իրանի հեղափոխական իշխանությունը ևս մի վստահելի կուսակցության կարիք ուներ, որ նրա միջոցով մոտ հարաբերություններ ստեղծեր Հայաստանի նորանկախ իշխանության հետ:
«Իրանի Ի.Հանրապետությունը երկար ուսումնասիրելուց հետո հասել էր այն եզրակացության, որ ՀՅԴ-ն հենց այն կուսակցությունն էր որ նրա միջոցով կարող էր հարաբերություններ ստեղծել այլ պետությունների հետ, և գտներ նոր բարեկամներ»: Իսկ էջ 1290 ում հեղինակը գրում է. «անկասկած Իրանի իշխանությունը սկզբում դաշնակցություն կուսակցությանը համարում էր ԱՄՆ-ի շահերի պաշտպան և նրա քաղաքականության իրականացնող, փոխելու համար այս դիտանկյունը դաշնակցության կուսակցության քաղաքական գրասենյակի անդամ Հրայր Մարուխյանը 1993 թ. ճամփորդեց Թեհրան և ամբողջ մեկ շաբաթ տեսակցեց Իրանի ազգային անվտանգության խորհրդի և արտգործնախարարության և այլ հիմնարկների ներկայացուցիչների հետ, որտեղ ստորագրվեցին երկկողմ համագործակցության շահավետ պայմանագրեր... Այս պայմանագրերի հիման վրա իրանը իր նպատակներին հասնելու համար կարող էր օգտվեր հայկական լոբբիներից աշխարհի տարբեր երկրներում...»:

13. ՄԱՀԱՓՈՐՁԵՐ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի հեղափոխության հաղթանակից հետո, Նոր Ջուղայում տեղի ունեցան բազում արյունալի և աղետյալի միջադեպեր, որոնց մեծ մասը արտացոլվեցին նաև մամուլի էջերում, սակայն դրանց, դիտավորյա՞լ, թե՞ ակամայից, չի անդրադարձել Ահարոնյանը:
1980-թ. հոկ.1-ին իր տան շեմքում անհայտ անձերի) անստորագիր համազարկերի զոհ դարձավ երիտասարդ հասարակական գործիչ, երկու մանուկների հայր, Նոր Ջուղայի Ժողովրդական Ժամանակավոր Կոմիտեի (Ժ.Ժ.Կ.-ի) անդամ, ճարտարագետ Հրաչ Համբարչյանը:
1982թ. դեկ.29-ին Նոր Ջուղայում մահափորձ կատարվեց հանրահայտ մտավորական, Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս և ԻԱՄՄ-ի նոր Ջուղայի մասնաճյուղի վարչության նախագահ Ազատ Մաթյանի վրա, սակայն բարեբախտաբար ոճրագործը վրիպեց և գնդակը ծակեց միայն մեքենայի ապակին և այդպիսով Ազատ Մաթյանին որևէ վնաս չհասավ: Ի հեճուկս դավադիրների Ազատը՝ ապրեց և տասնամյակներ շարունակ ստեղծագործեց ու ծառայեց հայ համայնքին, հայոց լեզվին ու գրականությանը:
Դարձյալ Նոր Ջուղայում 20 տեղից դաշունահարվեց ԺԺԿ-ին համակրող Սերոժ Հաթամյանը, որին արյունաքամ վիճակում փոխադրեցին հիվանդանոց և հրաշքով փրկվեց մահից:
1986 թ. Մայիսի 9-ին, ի հակազդեցություն ԻԱՄՄ-ի « Նոր Ջուղայի և Շահինշահրի Մեծ Եղեռնի 71-ամյակի հանձնախմբի» տարածած թռուցիկ հայտարարությանը, կես գիշերին հրի մատնվտց ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճյուղի կենտրոնատեղին:
1988 թ. Մայիսի 14-ին ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճյուղը հանդես եկավ մի հաղորդագրությամբ, որում բացահայտեցին ոճրագործներին:

14. ԿՈՂՄՆԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՉ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ահարոնյանը հուշերի 529-րդ էջում գրում է. «Թեմական Խորհուրդը իր գործունեության առաջին օրվանից (խոսքը իր գլխավորած Թեմական Խորհրդի մասին է) հայկական մարզա-մշակութային միությունների նկատմամբ եղել է զգոն և սթափ...» և այնօրյա կարևորագույն միություններ համարել է՝ «Արարատ» մարզական կազմակերպությունը,«Սիփան» միությունը, «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրը, «Էրեբունին», «Սանահինը», «Հրազդանը» և «ԻԱՄՄ»-ն»: Թվարկած այս 7 միություններից միայն երկուսի վարչություններն էին դաշնակցականամետ՝ «Սիփանի» և «Արարատ» միությանը, որոնց նկատմամբ և Թեմական Խորհուրդները եղել են զգոն և սթափ, որի շնորհիվ էլ գոյատևում են նրանք:
Իսկ «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրը շնորհիվ իր վարչական կազմերի ու միութենականների, առանց Թեմական Խորհուրդների օգնության և նրանց կամքին հակառակ դեռ գոյատևում ու բարգավաճում է: Հեղափոխության օրերին այն բաղկացած էր միայն մի հողատարածքից: Որևէ ձեռնարկ ներկայացնելու համար մոնտաժում էին մի շարժողական բեմ և այն շրջապատում «Օթո Ալեքս»-ի տրամադրած հանրակառքերով: Բայց այժմ այն հանդիսանում է արդիական մարզա-մշակութային մի համալիր: Իսկ ազգային մարմինների վերաբերմունքը նրա նկատմամբ եղել և մնում է անբարյացակամ: Որպես օրինակ . Ազգային բարձրագույն մարմին հանդիսացող պատգամավորական ժողովում հանձինս ժողովի փոխատենապետ Ռուբիկ Կարապետյանի, ի պատասխան նույն միության արդարացի մի դիմումի, կատարում են անհիմն զրպարտություններ, վիրավորական ու սադրիչ հայտարարություններ՝ «Րաֆֆի» միության հասցեին: 2008 թ. Մայիսի 21 համար 24-08 բաց նամակով ՀՄՄ-ՐԱՖՖԻ համալիրի վարչությունը բացահայտում է այն փաստը, որ դեռ առկա է զգոն և սթափ կեցվածք դաշնակցականամետ միությունների, և զրպարտչական ու պիտակավորման կեցվածք այլոց դեմ: Նամակում կարդում ենք՝.«Րաֆֆի»-ին վերագրված «պառակտիչ» ու «դավաճան»-ը հենց նրանք են,ովքեր ազգային մարմիններում զբաղեցրած իրենց պաշտոնը օգտագործում են ի շահ ինչ-որ խմբակցության կամ յուրայինների՝ մյուսներին համարելով նույնիսկ ոչ հայ ...»:
Հուշերի 8 տարբեր բաժիններում անդրադարձ կա Հրազդան մարզամշակութային միություն մասին, որտեղ այն անվանվում է «ձախ, թեմական խորհրդին հակառակ» (էջ 382) և «բռնազավթիչ, որը անօրինաբար զբաղեցրել էր Սուքերյան սրահը և այն համարում է իրենը» : (էջ 399) Թեմական խորհուրդն էլ աշխատում էր նրանց արտաքսել այնտեղից և չեզոքացներ նրանց աշխատանքները : (էջ 495) Ահարոնյանի այն հարցին թե«ինչպես դաշնակցություն կուսակցությունը չի կարողանում խափանել սրանց գործունեություն դոկ.Վարդգես Նահապետյանը պատասխանում է, թե դա Մաջիդիե թաղամասում դաշնակցություն կուսակցության ունեցած թույլ գործունեություն հետևանքն է, և որ կուսակցությունը մտադիր է այնտեղում հիմնել մի նոր միություն: Եվ իրոք քիչ անց հիմնադրվում է Նայիրի միությունը» : (էջ 495)
«Հրազդան» միությունը հիմնվել էր թաղի ժողովրդի զավակների միջոցով, ուներ 1000-ից ավել անդամներ, մշակութային աշխատանքների միջոցով տարածում էր հայրենասիրական հոգի և մարզական բնագավառում հատկապես ցուցաբերում էր բարձր որակ և ուներ ջերմեռանդ երկրպագուներ: Այն պատկանում էր թաղի ժողովրդին և հասարակական կյանքում թարգմանն էր նրա ձգտումների:
Ահարոնյանի գլխավորած թեմական խորհուրդը իր աշխատանքային առաջին իսկ օրից որդեգրել էր նրանց վերացնելու քաղաքականություն, սակայն ժողովրդի աջակցությամբ ու հովանավորությամբ մի կերպ գոյատևում էին նրանք: Թեմական խորհուրդի և դաշնակցականները հարուցեցին արհեստական խոչընդոտներ, պիտակավորեցին ղեկավարներին, գործադրեցին ճնշում ու շանտաժ, ի վերջո միությունը լուծարվեց:
Փյունիկ շաբաթաթերթի հետ անցկացրած հարցազրույցում , (23նոյ.1981-թ) Ահարոնյանը պատասխանելով «Հրազդան» միության վերաբերյալ մի հարցադրմանը ասում է.«Երբ խնդրո առարկա շենքը վերջացավ, «Հրազդանի» երեխաներին ասացինք,որ դուք մեր աչքի լույսն եք, եկեք, որ նստենք և մի ձև տանք, որ դուք այդ սրահից, այդ բակից օգտվեք:
Տված ձևն էլ միության վերացումն էր, որի վրա խաչ քաշելով, Ահարոնյանը հուշերի 530-րդ էջում գրեց ««Հրազդան» միությունը ամուր հիմքեր չունենալու պատճառով կազմալուծվեց:
Միայն «Հրազդան» միությունը չէր, որ ունեցավ նման վախճան, «Էրեբունի» միությունը դատ ու դատաստանով վռնդվեց «Սահակյան» դպրոցի կից սրահից, «Արմեն» միությունը մահակի ուժով հեռացվեց «Արաքս» դպրոցից:
Վերոհիշյալ հարցազրույցում Ահարոնյանը ասում է «Թեմական կանոնադրության մեջ էլ,եթե դուք վերցնեք և կարդաք, երբեք գրած չի,որ մենք տեղ տանք որևէ միության»:Հապա ինչպե՞ս եք «Սուքերյան» սրահը տրամադրել «Նայիրի» միությանը, «Զարքեշ» թաղամասի «Նայիրի» սրահը՝ «Սիփան» միությանը, «ՀՈՒՍԿ»-ին տեղավորել «Գաբրիելյան» շենքում : (էջ 496)
Կառավարությունից աշխատելու արտոնություն ստանալու համար միությունները կարիք ունեն Թեմ.Խորհրդի կողմից տրված հաստատագրի: Վերոհիշյալ հարցազրույցում այն հարցադրմանը թե արդյոք կա որևէ չափանիշ,որի համաձայն հնարավոր լինի տեսակետ հայտնել միությունների մասին» Թեհրանի թեմի ժամանակի առաջնորդ երջանկահիշատակ Տ.Արտակ Արք.Մանուկյանը պատասխանում է. «Որևէ մի չափանիշ չկա անշուշտ,այլ միմիայն այդ միության և Թեմական Խորհրդի փոխադարձ հարաբերության խնդիրը կա,որ մինչև հիմա արդյո՞ք այդ միությունը հարգանք ունեցած է Թեմական Խորհրդին և Առաջնորդարանին:»
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

15. ԻՐԱՆԱՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի չափազանց կարևոր իրադարձություն, որին դիտավորյալ կամ թյուրիմացաբար չի անդրադարձել Ահարոնյանը դա «Իրանահայ Մարզական Մրցություններ»-ն են:
1981թ.սեպ.10-ից 25-ը 15–օր տևողությամբ, Թեհրանի «Րաֆֆի» մարզադաշտում մեծ հաջողությամբ մեկնարկեց Իրանահայ Մարզական Առաջին Մրցությունները, տարբեր մարզաձևերում՝ 10 միությունների և 900 մարզիկ-ուհիների մասնակցությամբ:
Այս միջոցառումը վերածվեց իսկական մարզական փառատոնի և մեծ խանդավառություն ստեղծեց իրանահայ կյանքում: Այն իրականանում էր առանց ազգային իշխանության օժանդակությամբ, առանց դաշնակցականամետ միությունների մասնակցությամբ ՀՄՄ-Րաֆֆի համալիրում մարզադաշտում: Թեմի հոգևոր առաջնորդը մերժեց 10-միությունների հրավերը՝ հովանավորելու այն, և անգամ զլացավ որևէ մի քահանայի միջոցով բացման արարողությանը բերել եկեղեցու օրհնանքը:
Այս միջոցառման մտահղացումը սկիզբ առավ այնժամ երբ Արարատ մարզամշակութային միությունը մերժեց ընդունելու 10-միությունների համագործակցության առաջարկները,որն էր միատեղ կազմակերպելու ամեն տարի սեպտեմբերին իրականացվող համահայկական մարզական մրցությունները: «Արարատ»-ը իր մենաշնորհն էր համարում համահայկական մրցությունների կազմակերպումն ու իրականացումը, որպեսզի այն ծառայեցնի դաշնակցության քաղաքական քարոզչությանը:
Թեմական Խորհուրդը միությունների միջև համերաշխություն ստեղծելու նպատակով հրավիրում է երկու կողմերին գումարում երեք ժողովներ, որոնք չեն հանգում ցանկացած արդյունքների, որի հետևանքով 10-միությունները կազմակերպում ու իրականացնում են վերոհիշյալ միջոցառումը:
Պարզ էր Թեմական Խորհուրդի նպատակը, պետք էր ամեն գնով շարունակվեր հինը պահպանելով դաշնակցականների մենատիրությունը, սակայն այս անգամ ժողովուրդը չպարեց դաշնակցականների նվագի տակ և փառահեղորեն իրականացրեց վերոհիշյալ փառատոնը, որը կրկնվեց 1982 և 1983 թվականներին:
Հուշերի 530-րդ էջում կարդում ենք.««Սանահին» միությունը միանալով մի քանի ավելի փոքր միությունների հետ, ճնշում բանեցնելով Թեմական Խորհրդի վրա ցանկանում էր օգտվել «Արարատ» միության հնարավորություններից, բայց այդ անհնար էր, «Արարատ» միությունը ուներ իր ամուր կազմակերպությունը և ինչու՞ պետք է տուրք տար սրան ու նրան:»
Պարզ է, թե ինչու չկայացավ համագործակցությունը և չստեղծվեց համերաշխություն: Ազգային բարձրագույն դիրքը զբաղեցրած, ազգային բոլոր հարստությունը, եկեղեցին ու հոգևորականներին իր ափում ունենալով Թեմական Խորհրդի նախագահը տարիներ անց գրում է. «ինչու պետք է «Արարատ» միությունը տուրք տա սրան ու նրան», այսպես էր տրամադրված համերաշխության ժողովներ գումարող ու համագործակցություն աղաղակող թեմական խորհուրդը, միություններին հրավիրում էր, որպեսզի խոստումների, խաբեության ու շանտաժի միջոցով ենթարկի դաշնակցականներին:
Վերոհիշյալ փառատոնի կազմակերպող 10-միություններից 8-ը այսօր ոչ ևս են,հոգնել, հուսախաբվել ու կազմալուծվել են և դրանում մեղավոր են ազգային իշխանությունները, առաջնորդարանը թեմակալ առաջնորդը: Ժողովրդի գրկից ստեղծվել էին միություններ, աշխատում էին համախմբել ու կազմակերպել ժողովրդին, բոլորին մասնակից դարձնել հանրային կյանքին, վերացնել անտարբերությունը ազգային հարցերի նկատմամբ,ծավալել մշակութային ու մարզական աշխատանքներ, իսկ ազգային իշխանությունները, փոխարեն նրանց հովանավորելու անում էին ճիշտ հակառակը ընդհուպ մինչև նրանց կազմալուծումը:
Դեռ մինչև այժմ էլ ժողովուրդը ափսոսանքով է հիշում «Հրազդան», «էրեբունի», «Սանահին», և... միությունների մասին: Նրանք նոր հոգի էին ներշնչել իրանահայության կյանքում,բայց նրանք խեղդամահ եղան ազգային իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքի հետևանքով:
Այդ միությունները ծնունդն էին Իրանի հեղափոխության, բոլորն էլ հանդիսանում էին ոչ դաշնակցական,զրկված թե՝ ներքին և թե՝ արտաքին որևէ կազմակերպության հովանավորությունից: Նրանց միակ հարստությունը, ապավենն ու հովանավորը ժողովուրդն էր: Նրանք աշխատում էին իրարից անջատ և երբեմն էլ իրար դեմ՝ պառակտելով իրար: Ընտրություններին ներկայացնում էին տարբեր թեկնածուներ, հայտարարությամբ հանդես գալիս իրար դեմ, այսպիսով չստեղծվեց ամրակուռ մի կորիզ՝ իրականացնելու համար ժողովրդի իղձերը: Այս միությունները,ներառյալ Սպահանի և Շահինշահրի ԻԱՄՄ-ի մասնաճյուղերի չհաջողեցին հովանավորել և թիկունք հանդիսանալու Իրանի Խորհրդարանի պատգամավոր դոկտ.Հրաչ Խաչատրյանին, նա մնաց մենակ և անօգնական, արդյունքում՝ խոցելի: Անփորձ էին բոլորը,կանգնած միջազգային տարածում ունեցող 80-ամյա մի կուսակցության թիրախի դեմ, որը նրանց համարում էր՝ ախոյաններ ու թշնամիներ: Դրա հետևանքով կազմալուծվեցին միությունները, և ըստ Ահարոնյանի «...մնացին մի քանի անվտանգ միություններ» : (Էջ 1290)
Բարեբախտաբար դեռ գոյատևում է ԻԱՄՄ-ն, այն էլ միության լուսահոգի նախագահ Հրանդ Համբարձումյանի պատկառելի մի գումարի ներդրման շնորհիվ: Նա միության կենտրոնատեղի կառուցելու նպատակով գնեց մի մեծ հողատարածք, որի շնորհիվ էլ իր գոյությունը դեռևս պահպանում է այն:
Ըստ Ահարոնյանի ««Արարատ» միությունը ուներ իր ամուր կազմակերպությունը, ինչո՞ւ պետք է նա տուրք տար սրան ու նրան,» (էջ 530)և ավելացնում ««Արարատ» միության անդամների 80 տոկոսը ոչ կուսակցականներ էին» : (էջ 771)
Այո,«Արարատ» մարզավանը Իրանի մաշստաբով համարվում է լավագույնը «Ազադի» հարյուր հազար տեղանոց համալիրից հետո:Այն գտնվում է քաղաքի լավագույն թաղամասերից մեկում, իր մեջ պարունակում է տարբեր մարզաձևերի դաշտեր ու լիարժեք հնարավորություններ: «Արարատ» մարզական խմբերը, երկրպագուների քանակով հանդիսանում էին երրորդը Իրանում,հայերից բացի ուներ բազմամիլիոն ոչ հայ մարզասեր կողմնակիցներ,ամեն մարզական ելույթի ընթացքում,հարյուր անգամներ վանկարկվում էր «Ա-րա-րատ» անունը,և հոլովում հայ,հայեր բառերը և բնականաբար հիշեցնում Հայաստանը, և ոչ հայ հանդիսատեսը ծանոթանալով հայությանը, ակամայից ծանոթանում էր հայկական ներքին և միջազգային խնդիրներին,հաճախ հակված լինելով պաշտպանելու դրանք: Սակայն հիմա ի՞նչ է մնացել «Արարատից», այն անգամ չունի լիարժեք մարզական խմբեր մասնակցելու համահայկական ներքին մրցություններին:Վերջին համահայկական խաղերին, խմբային մարզաձևերի համարյա բոլոր պատվավոր տեղերը զբաղեցրին «Րաֆֆի համալիրի» և Նոր Ջուղայի «Սևան» միության մարզիկները: Ոչ ևս է «Արարատ» տղամարդկանց ֆուտբոլի խումբը,ոչ մի տեղ չի հոլովում նրա անունը:Իրանի հեռուստատեսության ֆուտբոլային «90» անունը կրող և երկրում ամենաշատ դիտվող ծրագրում անգամներ ցավով ու ափսոսանքով են անդրադարձել այս երևույթին, հրավիրել ու հարցազրույցներ են անցկացրել «Արարատի» պատասխանատուների և հայ հանրահայտ ֆուտբոլիստների հետ, որոնք բոլորն էլ բացի «Արարատի» պատասխանատուներից դատապարտել են ֆուտբոլի խմբի չգոյությունը, մեղադրելով «Արարատի» ղեկավարությանը:Տարբեր ակումբներում փնտրված գործիչներ են հայ մարզիչներն ու ֆուտբոլի վետերանները, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով բացակայում են «Արարատ»ից:«Արարատը» ղեկա-վարում են մարզական ասպարեզից խորթ «գաղափարական մտավորական»ներ, որոնք հարկ եղած ժամանակ կարող են ղեկա-վարել նաև «ազգային» կրթական, համալսարանական, տնտեսական անգամ կրոնական հաստատությունները:Նրանց գաղափարակիցներին է պատկանում գաղափարական հավատաքննությունը «Արարատի»ն անդամակցելու համար, դրանով հանդերձ, որ ըստ Ահարոնյանի «Արարատ միության անդամների 80 տոկոսը ոչ կուսակցականներ էին», էլ ո՞վ մնաց, 20 տոկոսով աշխատելու հետևանքներն են, որ հասցրել են այստեղ, և դեռ Ահարոնյանը գրում է «Արարատը ինչո՞ւ պետք է տուրք տա սարն ու նրան»: Արարատի Բասկետբոլի տղամարդկանց խումբը նվաճած արդյունքների հետևանքով զրկվել է սուպեր լիգայում մասնակցելու իրավունքից,սակայն ի տարբերություն նրանց կանանց բասկետբոլի խումբը իր ճիշտ ու սրտցավ ղեկավարության շնորհիվ ունեցել է փայլուն ձեռքբերումներ ,որը ապացուցում է գոյություն ունի ասպարեզում լինելու և հարատևելու թե ցանկություն, թե հնարավորություն և թե պոտենցիալ:
Ահարոնյանը էջ 1403 գրում է. «Եթե չունենայինք «Արարատը», ի՞նչ էր լինելու մեր վիճակը»: Համաձայնվելով Ահարոնյանի հետ պետք է ասել «Արարատ» մարզավանի արժեքը մարզական ասպարեզում այսօր միայն հանդիսանում է նրա նյութական շուկայական գինը, իսկ աշխատանքային բնագավառում նա չի ծառայում իր իսկական կոչումին, նրա վարչությունների վարած քաղաքականության և գործունեության շնորհիվ այն ունեցել է ավերիչ դեր մարզական բնագավառում: Այն հանդիսանում է միայն ժամանցային հավաքատեղի,այն էլ ոչ կազմակերպված և նպատակային:

16. ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՆՏԵՍՈՒՄ

Ահարոնյանը, որն իր գրքի բազմահարյուր էջերում վերհիշում ու արձանագրում է բազմաթիվ, և հաճախ նույնիսկ աննշան մանրամասներ,հանկարծ հիշողությունը սկսում է դավաճանել նրան, երբ պիտի խոսեր իր ու իր շրջապատի կողմից «ձախ» պատվաբեր տիտղոսին արժանացած մարդկանց ու կազմակերպությունների մեծագործությունների մասին:
Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից հետո, նորանկախ պետության գլխավոր խնդիրներից մեկը աշխարհի և հատկապես հարևան Իրանի հետ դիվանագիտական կապերի հաստատումն էր, և բնական է,որ նորաստեղծ հանրապետությունը այս խնդրում ակն ուներ սփյուռքի հայրենակիցների աջակցության վրա ու, թեև բազմաթիվ երկրներում տեղի հայ համայնքի օժանդակությամբ բացվել էին ՀՀ դեսպանատներ, Թեհրանում գործը անդադար հետաձգվում էր, համապատասխան տարածք չունենալու պատճառով, տարածքը, որը պիտի տրամադրեր «ազգային իշխանությունը» իր տիրապետության տակ ունեցող «ազգապատկան» կալվածքներից, իսկ «ազգային իշխանությունը», այսինքն դաշնակցությունը զբաղված էր քաղաքական սակարկությամբ և այստեղ ևս, հավատարիմ միայն ինքն իրեն և կուսակցությունը վեր դասելով ազգից ու հայրենիքից, ձգձգում էր այնքան կենսական խնդիրը: Իսկ ԻԱՄՄ-ն, իր մի շարք անդամների և հատկապես լուսահոգի Մասիս Մաթյանի լուրջ ներդրումով դեսպանությանը տրամադրեց բնակարանային մի համալիր աշխատակազմի բնակության համար,որը և արժանացավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տ. Պետրոսյանի գնահատագրին:Այս մասին ևս Ահարոնյանը գերադասում է լռել և ՀՀ դեսպանության պատմությունը սկսել Թեմականի կողմից տրամադրած շենքի բացումով,որը տեղի ունեցավ շատ ավելի ուշ, բայց ինչի՞ց է խուսափում Ահարոնյանը,գուցե նրանից,որ հիշում է,թե ինչպես իրենց ազգային հորջորջող իրանահայ երեք թեմերի առաջնորդարաններն ու Թեմական Խորհուրդները սպառնացել էին բոյկոտել բացման հանդիսությունը,եթե այնտեղ ներկայանան նաև ԻԱՄՄ-ն ու Մասիս Մաթյանը: «Ալիք» օրաթերթը Թեհրան Երևան չվերթը իրականացնող օդանավի անկման ողբերգական զոհերի քառասնօրյակին նվիրված հավելվածում Մասիս Մաթյանի կենսագրականում,թեև ուշացումով, անդրադարձել է այդ դրվագին,ինչը, իհարկե,գնահատելի է, բայց միթե՞ պիտի այնքան սպասենք,մինչև մահը գա հարթելու այս ու նման տխուր երևույթները:

17. ՎԵՐՋԱԲԱՆ

Դեռ հնարավոր է շարունակել այս շարանը,բայց ուզում ենք առայժմ բավարարվել սրանով և եզրակացնել, որ այս գիրքը արժեքավոր է միայն որպես հում նյութ,բայց երբեք որպես հավաստի աղբյուր, մանավանդ իր վերլուծումների ու գնահատականների մեջ:


Հրաչ Միրզախանյան
Թեհրան
Email: hrach600@gmail.com


1 comment:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.