Wednesday, November 17, 2010

ԱԼԻԵՎԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ» ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 17-11-2010 - Սովորաբար ի՞նչ են ասում մի մարդու մասին, որը, ասենք, ունենալով մեծ հարստություն, սեփական արկածախնդրության պատճառով վատնում է այն: Իսկ ի՞նչ անուն են տալիս մեկին, որը, օրինակ, ստորագրում է մի բան, սակայն սենյակից անմիջապես դուրս գալով անում սեփական ստորագրությանն իսկ հակասող հայտարարություններ: Այս երկու անուններն էլ, վստահաբար, վերաբերում են կամ կարող են վերաբերել հարեւան «ժողովրդի հայր» Հեյդարի Ալիեւի որդուն: Իլհամ Ալիեւի անձնական հարստության մասին շատ է խոսվել, խոսվել է նաեւ Ադրբեջանում մի շարք համաշխարհային նավթարդյունաբերական ընկերությունների ներկայության մասին, եւ որ հենց այս հանգամանքը միայն բավական է հասկանալու, որ Բաքուն պատերազմ չի սկսի: Խոսել ենք նաեւ այն մասին, որ Ալիեւ կրտսերը հաճախ ստորագրում է պայմանագրեր կամ պայմանավորվածություններ, որոնք անմիջապես մոռանում է: Այդպես պատահեց, օրինակ, երբ նա դուրս եկավ մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցի` երեք նախագահների հանդիպման համար նախատեսված սենյակից: Ի դեպ, Ադրբեջանի նախագահի յուրահատկությունների մեջ վերջերս մտավ նաեւ մեկ այլ տարօրինակություն. Իլհամ Ալիեւը կարող է, ասենք, մեկնել հանդիպման, ընդ որում այնպիսի, որտեղ, իր իսկ խոսքերով որոշվում է «Ադրբեջանի առաջին հարցը` ղարաբաղյանը», եւ հանկարծ որոշել կիսատ թողնել ու վերադառնալ հայրենի Բաքու, իսկ միջազգային դիվանագիտական նորմերի վրա Ալիեւը «թքած է ունեցել» դեռեւս Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում սովորելու տարիներից:
Այսպես պատահեց, հիշեցնենք` այս տարվա ամռանը Պետերբուրգում: Այսքանից հետո, «արդարության համար», որպես Իլհամ Ալիեւի դրական կողմ, նշենք, որ Ադրբեջանի նախագահը թերեւս այն բացառիկ արեւելյանՙ ավելի կոնկրետ մահմեդական երկրի առաջնորդներից է, որը թույլ է տալիս իր կնոջը ոչ միայն երեւալ, այլեւ «երեւալ հաճախ ու շատ տեղերում»: Ի դեպ մահմեդականության վերաբերյալ. հետաքրքական կլինի պարզել, ինչո՞ւ մեծահարուստ ալիեւները այդպես էլ ժամանակ չեն գտնում հաջի համար, «ձեռքի հետ էլ» միգուցե Սաուդյան Արաբիայի թագավորին կամ Մեքքայի քաղաքապետին համոզե՞ն, որ նրանք կրկին խոսեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից»: Այդպիսի հավանականություն` ուրիշ երկրներից «հաճելի» հայտարարություններ կորզելու, սակայն ոչ Սաուդյան Արաբիայի հարցով, այս օրերին կա: Նոյեմբերի 18-ին, ինչպես «Ազգը» արդեն տեղեկացրել է, Բաքվում, բացի Իլհամ Ալիեւից, կլինեն նաեւ 4 այլ նախագահներ: Ադրբեջանի մայրաքաղաքում` Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կանցկացվի կասպյան երկրների ղեկավարների խորհրդակցություն: Չնայած խորհրդակցությանը դեռ մեկ օր կա, սակայն արդեն իսկ պարզ է դարձել, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի դրա շրջանակներում: Իսկ փաստաթուղթը առավել քան հետաքրքական է: Ըստ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի խոսքերի, որոնք մեջբերել է «Ինտերֆաքսը», «Բաքվում հինգ նախագահները կստորագրեն տարածաշրջանում անվտանգության պահպանման եւ գործակցության պայմանագիր»: Այստեղ, կրկին անդրադառնալով պարոն Ալիեւի յուրահատկություններին, «հետաքրքվենք»` գիտի՞ արդյոք նա, թե ինչ է նշանակում «տարածաշրջանում անվտանգություն», կամ թե ինչպե՞ս են այն պահպանում: Եթե գիտի, ուրեմն շատ լավ, բայց այդ պարագայում, փաստորեն Ալիեւ կրտսերը լավ չի պատկերացնում պատերազմ ասվածը: Ասենք, ի՞նչ պետք է ասի նա իր կասպյան հարեւաններին, երբ պատերազմ սկսի Ղարաբաղի ու Հայաստանի դեմ: Բացի այդ` ինչպե՞ս պետք է, համաձայն, փաստորեն, 5 ազդեցիկ նախագահների ստորագրության, պահպանվի անվտանգությունը տարածաշրջանում, եթե Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում Հայաստանի նկատմամբ ունեցած իրենց դաշնագրային պարտավորությունները «հանկարծ» որոշեն կատարել Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Հնարավոր է, անշուշտ, որ Իլհամ Ալիեւը նաեւ այս ամենը շատ լավ է հասկանում ու պատկերացնում, սակայն այդ դեպքում էլ, ստացվում է, որ նա պարզապես խաբում է սեփական ժողովրդին առաջին հերթին:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: