Tuesday, November 30, 2010

Փորձագետ. Ադրբեջանական բանակը հեշտ կառավարելի է Թուրքիայի համար

News.am. 30-11-2010- Սկսած 90-ականներից եւ առ այսօր Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր ավանդն է ներդնում ադրբեջանական բանակի զարգացման, արդիականացման եւ համալրման մեջ: Այդ մասին նոյեմբերի 30-ին կայացած ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ հավելելով, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանի զինված ուժերին ղարաբաղյան պատերազմի ժամանակներից:
Փորձագետը նշել է նաեւ, որ Թուրքիան լրջորեն զբաղվում է ադրբեջանական բանակի սպայական կազմի պատրաստությամբ: Միայն 2006թ. թուրքական ուսումնական հաստատություններում վերապատրաստություն են անցել 1130 ադրբեջանցի զինվորականներ, իսկ Ադրբեջանի տարածքում թուրք հրահանգիչները պատրաստել են ավելի քան 4000 մարդու:
«Սրանք պաշտոնական տվյալներ են, սակայն իրականում այդ թվերը կարող են ավելի մեծ լինել: Թուրքիան բոլոր միջոցներով փորձում է լուրջ լծակներ ձեռք բերել ադրբեջանական ուժային կառույցի նկատմամբ: Պատահական չէ, որ Ադրբեջանի զինված ուժերում սպաների մի ողջ սերունդ ունի թուրքամետ ազգայնական դիրքորոշում»,- ասել է թուրքագետը:
Դա, ըստ Հովսեփյանի, կարող է հանգեցնել նրան, որ ադրբեջանական բանակը հեշտ կառավարելի լինի Թուրքիայի համար: Իսկ դա լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար:

No comments: