Monday, November 8, 2010

ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ

«Լրագիր» 8-11-2010- «Բանակը հասարակության հայելին է»: Դա այն ստանդարտ պատասխաններից մեկն է, որն իշխանության շուրթերից առավել հաճախ է հնչում բանակի խնդիրների, կատարվող հանցագործությունների եւ ողբերգությունների մասին հարցադրումներին ի պատասխան: Ընդ որում, դա ասում է թե իշխանությունը, թե նաեւ նրանք, ովքեր համարվում են ընդդիմություն, բայց ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ իշխանության հետ անցկացրած օրերն ու տարիները: Օրինակ, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանն էլ ասում է, որ բանակի խնդիրները մեկ օրում չեն լուծվի, որովհետեւ բանակը հասարակության հայելին է:
Իսկ քանի օրում են լուծվում «հասարակության հայելիների խնդիրները», կամ այդ որ մի ոլորտը հասարակության հայելին չէ: Բոլոր ոլորտներն էլ հասարակության հայելին են, այնքանով, որքանով կազմվում են հասարակության անդամներից, հասարակության տարբեր շերտեր, խավեր, խմբեր ներկայացնող անձանցից: Բոլոր ոլորտներն են հասարակության հայելին, եւ որեւէ մի ոլորտի մասին այդպես խոսելը բացարձակապես իմաստազուրկ է: Անձրեւի մասին ասել, թե այն թաց է, նշանակում է ոչինչ չասել: Հետեւաբար, երբ որեւէ մեկը ասում է, որ բանակը հասարակության հայելին է, ապա դա նշանակում է բանակի մասին ոչինչ չասել:

Հայելին է, է հետո՞: Ոչ ոք չի ասում հայելին չէ, հասարակության հետ կապ չունի: Ոչ ոք չի մտածում նաեւ, որ բանակում ոչ մի հանցանք չի լինի, ոչ մի պատահար չի լինի: Իհարկե կլինի: Խնդիրը բոլորովին այլ է: Խնդիրն այն է, որ հանցագործությունները պետք է բացահայտվեն, որ պետք է պատասխան տան իրական մեղավորները, ոչ թե զինվորին սպանեն, ու հետո դա համարեն ինքնասպանություն եւ դիակը հանձնեն ծնողներին: Այո, բանակը հասարակության հայելին է, դրա համար էլ պետք է այնտեղ կատարվող հանցագործությունների մասին խոսել, գրել, ահազանգել, որպեսզի դրանք բացահայտվելու ուղղությամբ քայլերը լինեն լիարժեք, այլապես ինչպես հասարակությունն է անպատժելիությունից այլասերվում, այդպես էլ այլասերվում են հասարակության հայելիները:

Բանակի խնդիրները մի օրում չեն լուծվի: Դա իմանալը կամ հասկանալը Ամերիկա հայտնագործել չէ: Բայց բանակի, ինչպես պետական կենսագործունեության մյուս ոլորտների խնդիրները մի օր պետք է սկսեն լուծվել: Ահա այդ օրն է խնդիրը, թե երբ է լինելու այն օրը, որ հասարակությունն անհերքելիորեն տեսնի, որ կատարվեց խնդիրների լուծման ուղղությամբ մի քայլ, որն ամբողջովին դուրս է համակարգային արատավորության, պալատական ինտրիգների, միջգերատեսչական եւ միջանձնային բախումների շրջանակներից եւ բացառապես տեղավորվում է օրենքի եւ Սահմանադրության պահանջների շրջանակի մեջ:

Այդ օրն է խնդիրը, այլապես որեւէ մեկը Հրայր Կարապետյանից եւ իշխանության տարբեր պաշտոնյաներից պակաս խելոք չէ, որ հասկանա, որ բանակի խնդիրները մի օրում չեն լուծվում, եւ գուցե ընդհանրապես երբեք վերջնականապես չեն լուծվում: Խնդիրը լուծման արդյունավետ եւ օրինական մեխանիզմի աշխատանքը սկսելու օրն է:

No comments: