Tuesday, November 30, 2010

“ՏԵՍՆԵՍ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՍԵ՞Լ Ա”

«Լրագիր» 30-11-2010-Պետք է համաձայնել, որ ԱՄՆ շատ տհաճ վիճակի մեջ է դրել աշխարհը` թե նրանց, ովքեր հիշատակվում են WikiLeaks-ի “գործով”, թե նրանց, ում այդ գործը խնայել է, քանի որ գուցե խնայել է առայժմ: Ով գիտե, թե վաղն էլ ինչ “բացահայտում” կարող է լինել եւ ինչ նոր հերոսներ կարող են լինել այդ “բացահայտումներում”:
Պատկերացնել կարելի է, թե հիմա միջազգային կառույցների, տարբեր երկրների ղեկավարներն ինչ մեծ բարդույթով են շփվելու ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչների հետ: Չէ որ նրանց ամեն մի բառը հետո կարող էWikiLeaks-ում օգտագործվել իրենց դեմ”: Երեւի թե ամերիկյան դիվանագետները սրանից հետո որեւէ մի արտասահմանցի ղեկավարի կամ գործչի հետ շփվելիս անպայման արտաբերելու են հոլիվուդյան ֆիլմերի հայտնի ֆրազներից մեկը` “Դուք ունեք լռելու իրավունք, քանի որ ձեր ամեն մի խոսքը կարող է ձեր դեմ օգտագործվել WikiLeaks-ում”:

Ով է այդ ամենից ավելի շատ տուժելու` աշխարհը, որ բարդույթավորվելու է ամերիկացիների հետ շփումներում, թե ամերիկացիները, որոնց հետ պարզապես կարող են այլեւս չշփվել: Այդ իմաստով ստեղծվում է մի վիճակ, որ կարծես թե տեղի ունեցած բացահայտումները ջուրն են գցում այն փոխադարձ հանդուրժողության եւ գործակցության քաղաքականությունը, որի ջանքը գործադրում էր Բարակ Օբամայի վարչակազմը: Եվ այդ իմաստով թերեւս իրականությանը շատ մոտ է այն տեսակետը, որ տեղի ունեցածն ամերիկյան ներքաղաքական խմորումների արտահայտություն է, որը հարվածում է Բարակ Օբամային: Ավելին, դա գուցե ոչ միայն մոտ է իրականությանը, այլ իրականությունը հենց դա է, որ կա:

Բայց արդյոք չի կարող տեղի ունեցածը ձեռնտու լինել հենց Օբամայի վարչակազմին: Ի վերջո, միայն վերջնականապես անդառնալի հուսահատության ենթարկվածը կամ շատ ուժեղ ու ինքնավստահը կարող են ամեն ինչ ասել դիմացինի երեսին: Դժվար է ասել, որ Օբամայի վարչակազմը վերջնական եւ անդառնալի հուսահատվածի վիճակում է, հետեւաբար եթե ԱՄՆ ինչ որ լրատվական մեխանիզմով ամեն ինչ ասում է աշխարհի երեսին, կամ գրեթե ամեն ինչ, ուրեմն մնում է ենթադրել, որ Օբամայի վարչակազմը ուժեղ է եւ ինքնավստահ: Համենայն դեպս, աշխարհում կարող են հենց այդպես ընկալել, եթե դա նույնիսկ այդպես չէ: Իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցածն ինչքան էլ այդ վարչակազմին դեմ է, այդքան էլ գուցե կարող է աշխարհում հոգեբանական վախ ձեւավորել այդ վարչակազմի ինքնավստահության եւ ուժի հանդեպ, որ իրենց թույլ են տալիս այդպիսի ձեռնոց նետել աշխարհին:

ԱՄՆ կառավարությունն իհարկե արդեն իսկ ափսոսանք է հայտնել կատարվածի համար եւ նշել, որ դա վտանգում է միջազգային անվտանգության գործում իրենց գործընկեր երկրների հետ աշխատանքը: Բայց զարմանալի կլիներ իհարկե, եթե ԱՄՆ կառավարությունն ասեր, թե իրենք արտահոսքի մասին տեղյակ են եղել, կամ տեղյակ չեն եղել, բայց ողջունում են տեղի ունեցածը, եւ կամ այդպիսի մի բան: Բնական է, որ անկախ ամեն ինչից, ԱՄՆ իշխանությունը պետք է բացասական գնահատական տար տեղի ունեցածին: Հետեւաբար այդ պաշտոնական արձագանքը կարելի է վերագրել առավելապես դիվանագիտական արարողակարգային եւ էթիկական հարթությանը:

Փաստն այն է, որ բոլորը խառնվել են իրար եւ ուզում են հասկանալ, թե ինչն է իրական, ինչը մտացածին: Բոլորը հիմա առանձնահատուկ խորաթափանցությամբ են փորձելու նայել իրար աչքերի մեջ, ու կարելի է նույնիսկ պատկերացնել, թե “գաղտնազերծված” փաստաթղթերի երկու հերոսներ ինչ որ միջազգային հավաքի կամ երկկողմ հանդիպման ընթացքում ինչպես են նույնիսկ բարեւը մոռացած անթարթ ու լայն բացված աչքերով իրար նայելու ու մտածելու. “տեսնես իրականում ասել ա՞…”:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: