Tuesday, December 21, 2010

ԱՄՆ դեսպանը հույս ունի, 2011 թվականին հայ-թուրքական հարաբերություններն առաջընթաց կգրանցեն

HayNews.am. 21-12-2010- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին` որքանո՞վ եք հնարավոր համարում ներկայումս փաստացիորեն կասեցված հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերսկսումը 2011 թվականին, Մարի Յովանովիչը ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ կանխատեսելուց, այդուամենայնիվ նշելով, թե դժվար է պատկերացնել, որ երկու երկրների հարաբերությունները չկարգավորված կմնան եւս հարյուր տարի:
«Իմ կարծիքով, այս հարցի լուծման ուղղությամբ միակ իրատեսական ուղին ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, դա արդեն իսկ սկսված մերձեցման գործընթացի շարունակումն է: Դա կարեւոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Հայերն ու թուրքերը դարերով ապրել են միասին, եւ կարծում եմ, որ կգա օրը, երբ նրանք դարձյալ խաղաղությամբ կապրեն կողք կողքի», – ասաց դեսպանը:
Գնահատելով անցնող 2010 թվականը, Մարի Յովանովիչը, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ, 2010-ը հիանալի տարի էր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների բարելավման առումով»:
Դեսպան Յովանովիչը հիշեցրեց, որ տարին նշանավորվեց նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ այցով, որտեղ նա միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ ունեցավ իր գործընկերների հետ, առանձնազրույց ունեցավ նաեւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հետ, իսկ հուլիսին Հայաստան այցելեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Նշածս երկու իրադարձությունները, կարծում եմ իրապես դրական եւ օգտակար էին երկու երկրների հարաբերությունների համար, եւ ես հուսով եմ, որ գալիք 2011 թվականն այս առումով ավելի արդյունավետ կլինի», – եզրափակեց Միացյալ Նահանգների դեսպանը:

No comments: