Monday, December 27, 2010

ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ՀԱՎԱՏԱԼ

Հարցազրույց քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի համակարգող, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ:

-Ինչպես կգնահատեք անցնող 2010 թվականը, ինչ տվեց այն:
-2010 թվականը բացարձակապես ոչ մի բան չտվեց. քաղաքական ոչ մի զարգացում չեղավ, այլ` միայն նահանջ ու միայն կորուստներ: Չհաջողվեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին. չնայած մի քանի օր ժամանակ կա, սակայն հստակ է, որ իշխանություններն իրենց ստոր խաղը պատրաստվում են շարունակել նաեւ 2011 թվականին: Փուլերով իրականացվող հայ-թուրքական գործընթացը սառեցված վիճակում է, Ղարաբաղի հարցում որեւէ դրական տեղաշարժ չկա:

-Քաղբանտարկյալներից մի քանիսին վերջերս ազատ արձակեցին: Իշխանությունները դա կարող են ներկայացնել որպես դրական գործընթաց:
-Ինչ անենք: Առաջարկում եք բավարարվե՞լ այդ մի քանիսով: Մի քանիսին ազատ արձակելը լուծում չէ: Մարտի 1-ի էջը դեռ փակված չէ, մարտի 1-ի հանցագործները դեռ պատժված չեն, մարտի 1-ի խաղաղ ցուցարարներից մինչեւ հիմա անազատության մեջ են: Այս սա է իրավիճակը, եւ պետք է պայքարել:

-Իսկ ընդդիմության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Բավարա՞ր են արդյոք ընդդիմության իրականացրած քայլերը:
-Ոչ, բավարար չեն: Ընդդիմությունն այս մեկ տարվա ընթացքում ձեւական քայլեր էր անում, իրական պայքար չի եղել:

-Իսկ ինչո՞ւ:
-Չգիտեմ, իրենց հարցրեք:

-Սերժ Սարգսյանի ելույթից ու վերջին կադրային փոփոխություններից հետո փորձ է արվում ներկայացնելու, որ իշխանությունները գնում են բարեփոխումների ճանապարհով: Ինքներդ տեսնո՞ւմ եք բարեփոխումներ:
-Առայժմ որեւէ բարեփոխման նշույլ անգամ չեմ տեսնում: Քաղաքապետը ինչ-որ անախորժության կամ հանցագործության արդյունքում ազատվեց պաշտոնից: Իսկ կառավարության մեջ ուղղակի տեղաշարժեր եղան` ոչինչ չփոխող: Այստեղ ուզում եմ հիշել Կռիլովի հայտնի առակը. А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь.

-Իշխանությունները Սերժ Սարգսյանի վերջին ելույթը փորձում են ներկայացնել որպես աննախադեպ իրադարձություն, երբ երկրի ղեկավարը ոչ միայն բացահայտ խոսեց իշխանության ներսում առկա պրոբլեմների, կոռուպցիայի մասին, այլեւ` հստակ ցույց տվեց այդ խնդիրները լուծելու դեղատոմսեր: Ի՞նչ կարծիք ունեք այդ ելույթի մասին:
-Ես հակված չեմ հավատալ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ կոռուպցիոներին:

-Այդ դեպքում ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում:
-Դե, նա պետք է ելույթ ունենար իրենց կուսակցության 20-ամյակին: Ինչ-որ մարդիկ ինչ-որ ելույթ էին գրել` հիմնականում ցինիկ խոսքեր, որոշ դեպքերում` պարզապես տխմարություններ: Նա էլ կարդաց այդ ելույթը: Այդ տխմարություններից մեկն էլ այն էր, որ երկրի թիվ մեկ կոռուպցիոները կոռուպցիայի դեմ պայքարի հերթական կոչն է անում:

Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments: