Aysor.am. 24-12-2010- «ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում լավ կաներ նշեր, թե հատկապես ո՞ւմ դեմ է ուղղված Ադրբեջանի տարեց տարի աճող ռազմական բյուջեն, և ո՞ր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն է այն սպառնալու: Մուսաևը, իհարկե, մոռացել է այն մասին, որ նույն ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների 2009 թվականի ռեգիստրի տվյալներով` Ադրբեջանը տարբեր երկրներից ձեռք է բերել զենիթա-հրթիռային և ռազմաօդային միավորներ և նույնիսկ չի թաքցնում, որ դրանք կիրառելու է ԼՂՀ բնակչության նկատմամբ նոր ռազմական ագրեսիա սկսելու համար»,- անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև` ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարին ուղղված նամակին՝ Aysor-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցչի նամակում անդրադարձ էր կատարվել հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին և մի շարք այլ՝ «իրենց» համար մտահոգիչ հարցերի:
Պատգամավորի խոսքերով՝ Մուսաևը նաև մոռացել է գրել Հայաստանի և ԼՂՀ-ի սահմաններում իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիաների կազմակերպման բազմաթիվ դեպքերի մասին:
«Ի գիտություն իրենց, ևս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն բազմիցս է հայտարարել, որ հանդիսանում է Արցախի բնակչության անկախության երաշխավորը և սրա մասին գիտեն նաև ՄԱԿ-ում: Իսկ եթե շատ է մտահոգված ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցով, ապա միջազգային հանրությունը և ԵԱՀԿ միջնորդական ջանքերն ունեն դրա համար նախատեսված հատուկ սկզբունքներ և նորմեր, այդ թվում՝ ուժի կիրառման ու դրա սպառնալիքի բացառման և ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի տեսքով, և թող բարի լինեն առաջին հերթին դրա մասին խոսել»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment