Monday, December 20, 2010

Դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից. կրթության նախարարն ամփոփեց տարին

Tert.am. 20-12-2010- «Անցնող տարին դինամիկ փոփոխությունների, ակտիվ աշխատանքի և զարգացման տարի էր»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով անցնող տարում իր ղեկավարած նախարարության կատարած աշխատանքները։ Նախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքների վրա, որ անցնող տարում կրթության և գիտության ոլորտը ոչ միայն իշխանության, այլև հասարակության ուշադրության կենտրոնում է եղել, ամուր է եղել հասարակություն–նախարարություն կապն այն իմաստով, որ կրթության ոլորտին առնչվող գրեթե բոլոր ահազանգերին իրենք արձագանքել են։
Անդրադառնալով կատարված աշխատանքներին ՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ անցնող տարում Արարատի և Արագածոտնի մարզերում բացվել են 41 նախակրթարաններ։ Հանրակրթության ոլորտում հաստատվել է տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, ինչը նախարարի բնորոշմամբ՝ կադրայի դաշտում հեղափոխություն էր։ Հանրակրթության ոլորտում արված աշխատանքներից նա կարևորեց նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացի հաստատումը, որը թույլ կտա տարբերակել լավ և վատ աշխատող ուսուցիչներին։
Ընթացիկ տարում, Արմեն Աշոտյանի ներկայացմամբ, ավագ դպրոցների թիվն ընդլայնվեց 43–ով, միջազգային աշակերտական 7 օլիմպիադաներում Հայաստանը նվաճեց 7 մեդալ, հատուկ դպրոցներում մի շարք խնդիրներ լուծվեցին՝ այդ թվում կադրային փոփոխությունների առումով։ Ընթացիկ տարում ինտերնետը հասանելի դարձավ ևս 300 դպրոցների. արդյունքում հնարապետությունում արդեն կան ինտերնետի հասանելիությամբ 944 դպրոցներ։
«2011թ. բոլոր բուհերն՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ընդունելություն կազմակերպեն միասնական քննական կարգով»,– ասաց նախարարը։ Նա տեղեկացրեց նաև, որ կրթական համակարգում այս տարի «իրենց հնարավորություններն ընդլայնելու հնարավորություն է ստացել» 27 հազար մարդ. նրանցից 20 հազարը կսովորի՝ բակալավրիատում, 6700–ը՝ մագիստրատուրայում, իսկ 300–ը՝ ասպիրանտուրայում։
Միջպետական պայմանագրերի հիման վրա ընթացիկ տարում արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն է ստացել 220 ուսանող, նախարարությունն ընդունելություն է կազմակերպել նաև օտարերկրացիների համար, որի արդյունքում Հայաստանում սովորում է ևսս 420 արտասահմանցի ուսանող։
«Տպագրվել է 50 հազար դասագիրք Սփյուռքի համար և այդ դասագրքերն ամբողջությամբ առաքվել են։ Ասեմ ավելին, այս տարի մեզ հաջողվեց լուծել մոտակա ժամանակահատվածի համար Ջավախքի հայկական դպրոցների դասագրքերի ապահովման խնդիրը»,– նշեց Արմեն Աշոտյանը։
Նախարարը հիշեցրեց, որ խիստ ուշադրություն է հատկացվել նաև լիցենզավորման գործընթացին և ընթացիկ տարում մասնակի կամ ամբողջությամբ կասեցվել են 25 ուսումնական հաստատությունների լիցենզիաներ։ «Այս գործընթացը շարունակական է և 2011թ. նույնպես նախարարությունն ուշիուշով իրեն վերապահված լիազորությունների ամբողջ ծավալով հետևելու է ուսումնական գործընթացի նվազագույն որակի ապահովման սկզբունքներին»,– հավաստիացրեց նախարարը։
Արմեն Աշոտյանը չժխտեց, որ ոլորտում բացթողումներ էլ են եղել։ «Ինձ թվում է, որ մենք կարող էին անել ավելին»,– ասաց Արմեն Աշոտյանը՝ որպես օրինակ նշելով. «Ես դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից»։ Միևնույն ժամանակ նախարարը հավաստիացրեց, որ բոլոր բացթողումներն ու գալիք տարվա նոր խնդիրները կկազմեն իրենց առաջիկա ծրագրերի օրակարգը։

No comments: