Monday, December 20, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՌԵԱՆԻՄԱՑԻԱ

«Լրագիր» 20-12-2010- Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունը վերակենդանացրել է ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության բանաձեւը:
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման երեկ կոչ է արել Իսրայելին եւ Թուրքիային առավելագույն ջանք գործադրել հարաբերության վերականգնման համար: Ընդ որում, դիմելով Անկարային, ամերիկյան նախագահը չի հիշատակել հայերի ցեղասպանության բանաձեւի մասին, որը հերթական անգամ ներառվելու է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ:
Օրերս Թուրքիան Իսրայելի դեսպանին բողոքի նոտա հանձնեց կապված Իսրայելի եւ Կիպրոսի հանրապետության միջեւ Միջերկրական ծովում ազգային տնտեսական գոտիների սահմանների մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունը լարված է արդեն քանի ամիս: Դա ազդել է նաեւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության վրա:

Բարակ Օբաման դիվանագիտական ժեստ արեց, Վաշինգտոնի եւ Անկարայի գործակցությունն անվանելով “ԱՄՆ համար ավելի կարեւոր, քան երբեւէ”: Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ տարաձայնություններ է ունեցել “ոչ միայն Թուրքիայի հետ, այլ նաեւ մերձավոր դաշնակիցների”, փաստացի ընդգծելով, որ Թուրքիան մերձավոր դաշնակից չէ: Օբամայի կարծիքով, Վաշինգտոնի եւ Անկարայի տարաձայնություններն ունեն տակտիկական բնույթ, այն դեպքում, երբ “ռազմավարական նպատակները, այդ թվում Իրանի միջուկային սպառնալիքի չեզոքացումը, երկու երկրների համար եղել են ու կան ընդհանուր”:

Բարակ Օբաման հիշեցրեց իրանական խնդիրը, չնայած այն բանին, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում կտրուկ տարբերվում է ԱՄՆ դիրքորոշումից: Թուրքիան իր միջնորդությունն առաջարկեց իրանական խնդրի լուծման հարցում, բայց ԱՄՆ մերժեց այդ առաջարկը: Եվ այժմ Օբաման, փաստացի, Թուրքիային մղում է այն բանին, որ նա կամ հրապարակավ հրաժարվի “ընդհանուր ռազմավարական նպատակներից”, կամ խոստովանի, որ ԱՄՆ հետ հանդես է գալիս Իրանի դեմ: Իսկ որպես մտրակ, ԱՄՆ կրկին օգտագործում է հայկական բանաձեւը:

252 բանաձեւը, որ դատապարտում է հայերի ցեղասպանությունը, դեկտեմբերի 17-ին չի ներառվել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգ, սակայն հայտարարվել է, որ դա կարող է տեղի ունենալ մոտակա օրերի ընթացքում:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, խնդրելով ձեռնարկել քայլեր եւ թույլ չտալ այդ բանը: Քլինթոնը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել, ինչպես նաեւ հավատացրել է, որ ամեն ինչ կարվի այն բանի համար, որպեսզի արգելափակվի որոշման կայացումը:

No comments: