Saturday, December 25, 2010

Կաթոլիկ քրիստոնյաներն ու բողոքականները նշում են Սուրբ Ծնունդը

Աշխարհի շատ երկրներում այսօր կաթոլիկ քրիստոնյաներն ու բողոքականները տոնում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Գրիգորյան տոմարով դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդ են նշում ոչ միայն կաթոլիկներն ու բողոքականները, այլև Ռումինիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի ուղղափառ քրիստոնյաները։
Բեթղեհեմ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնը նշելու համար դեկտեմբերի 24-ին հավաքվել են տասնյակ հազարավոր կաթոլիկ և բողոքական քրիստոնյաներ։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Սուրբ Հողում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորական առաջնորդ՝ քահանա Ֆուադ Թվալը անցկացրել է Սուրբ Ծննդյան տաճարում կեսգիշերին մատուցված պատարագը։

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ուրբաթ օրը Բեթղեհեմ է ժամանել Ռամալայում գտնվող իր նստավայրից։
Պաղեստինցիների առաջնորդը ելույթ է ունեցել Բեթղեհեմում հավաքված ուխտագնացների առջև՝ հույս հայտնելով, որ գալիք տարին բերելու է անվտանգություն, կայունություն և «անկախություն Պաղեստինի ժողովրդին»։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին:

No comments: