Tert.am. 20-12-2010- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել թուրքական Hurriyet օրաթերթին, որի ընթացքում խոսել է թուրք–ամերիկյան հարաբերությունների, Իրանի միջուկային ծրագրի, Wikileaks–ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի, Թուրքիայում կրոնի ազատության, թուրք–իսրայելական հարաբերությունների, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության և այլ հարցերի մասին։«Վստահ եմ, որ թուրք–ամերիկյան համագործակցությունն այսօրվա աշխարհում առկա դժվարությունների տեսանկյունից կարևոր է ավելի, քան երբևէ։ Մեր ընդահուր շահերը, ընդհանուր արժեքներն ուժեղացնում են մեր հարաբերություններն անգամ այն ժամանակ, երբ մենք ունենում ենք որոշ անհամաձայնություններ»,– ասել է Բարաք Օբաման՝ ավելացնելով.
«2009թ. ապրիլին այցելել էի Թուրքիա, որտեղ ես ընդգծեցի թուրք–ամերիկյան հարաբերությունների կարևորությունը և հայտարարեցի, որ դարաշրջանի դժվարությունները հաղթահարելու համար Միացյալ Նահանգներն ու Թուրքիան պետք է աշխատեն կողք–կողքի»։
Անդրադառնալով Wikileaks–ի կողմից հրապարակված փաստաթղթերին, որոնցում շրջանառվում են նաև միշարք թուրք բարձրաստաիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ փաստաթղթերը չեն կարող որևէ կերպ ազդել թուրք–ամերիկյան հարաբերությունների վրա։
Խոսելով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին՝ Բարաք Օբաման վերահաստատել է այդ հարցում Վաշինգտոնի կողմից Անկարային տրվող աջակցությունը։
«Չնայած այստեղ որոշողը մենք չենք, սակայն, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Թուրքիային ԵՄ անդամակվցության հարցում և կոչ անում Թուրքիային շարունակել անդամակցության համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումենրը»,– ասել է Օբաման։
Հարցազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը Անկարային և Թել Ավիվին կոչ է արել ուղիներ փնտրել՝ երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար։
«Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցներն են և նրանց միջև առկա հարաբերությունները կարևոր են տարածաշրջանային կայունության տեսանկյունից։ Ես հարաբերությունների վերականգնման համար ողջամիտ ուղի գտնելու հարցում աջակցում եմ Իսրայելին և Թուրքիային և կոչ անում անել հնարավորինը երկկողմ հարաբերությունները վերականգնելուը համար»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment