Friday, December 24, 2010

Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կասեցրեց «Բրոնզե մարդը». Hurriyet

Tert.am. 23-12-2010- Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ներառումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում կասեցվել է հանրապետական Ջոն Բոհների ջանքերով, որը հայտնի է «Բրոնզե մարդ» մականունով։ Այս մասին է գրում թուրքական Hurriyet պարբերականը։
«Ցեղասպանության բանաձևի ընդունումը կասեցնելու հարցում ուղղակի անսպասելի էր հանրապետականների կողմից Թուրքիային ցուցաբերված աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը «դեմ» քվեարկելու և Իսրայելի հետ հարաբերություններում նկատվող լարվածության պատճառով ԱՄՆ Կոնգրեսում այնքան էլ լավ տրամադրված չեն Թուրքիայի նկատմամբ։ Հանրապետականների առաջնորդ «Բրոնզե մարդ» մականունով հայտնի Ջոն Բոհները, ով հունվարի 3-ից 112–րդ գումարման Կոնգրեսում գլխավորելու է Ներկայացուցիչները պալատը, իր ողջ հնարավորություններով աջակցեց Թուրքիային Ցեղասպանության բանաձևի տապալման հարցում»,– գրում է Hurriyet-ը։
Թուրքական պարբերականի հետ հարցազրույցում Բոհների խորհրդականներից մեկը, որի անունը չի նշվում, հաստատել է, որ հանրապետականները արել են հնարավորինը Ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու համար։ Նրա խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի երեկվա լիագումար նիստի ժամանակ բոլոր հանրապետականներին Ցեղասպանության բանաձևի առնչությամբ մեսիջ էր ուղարկվել։
Իր հերթին Hurriyet-ը նշում է երկու հիմնական պատճառ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Հայոց ցեղասպանության բանաձևի տապալման հարցում.
1. Նախ՝ Թուրքիայի վարչապետի, իսկ հետո՝ նախագահի կողմից Սպիտակ տան ղեկավարին ուղարկված նախազգուշական ուղերձները վճռորոշ եղան բանաձևի տապալման հարցում։ Դրանից բացի, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի ակտիվ գործունեությունը, ով հասցրեց մի քանի օրվա ընթացքում բանակցել մոտ 80 կոնգրեսականների հետ։
2. Բանաձևի տապալման հարցում վճռորոշ դերակատարություն ունեցավ նաև Միացյալ Նահանգների թուրք հանրությունը, որը կարողացավ շատ արագ կերպով համախմբվել, ինչի մասին նախկինում նույնիսկ չէր էլ կարելի երազել։

No comments: