Monday, December 20, 2010

Milliyet. Թուրքերը զրկվել են հրեական լոբբիի ծանրակշիռ աջակցությունից

Panorama.am. 20-12-2010- Թուրքական մամուլում աղմուկ հանած Հայոց ցեղասպանության բանաձևի թեման շարունակում է մնալ հրապարակումների առաջին գծում: Հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատրաստվում է մինչև դեկտեմբերի 21-ը ԱՄՆ կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ բերել Ցեղասպանության բանաձևը:
Թուրքական «Milliyet» պարբերականը տեղեկացնում է, որ հայկական բանաձևի դեմ ուղղված արշավին միացել են նաև ամերիկաբնակ ազերիները: «ԱՄՆ ադրբեջանցիների ցանց» միությունը այդ մասին արդեն հաղորդագրություն է տարածել:
Միևնույն ժամանակ պարբերականը նկատել է տալիս, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամի պատճառով թուրքերը զրկվել են հրեական լոբբիի ծանրակշիռ աջակցությունից: Թուրքական շրջանակներում հակված են կարծելու, որ հայերն իրենց բանաձևի հաջողության հավանականությունը մեծապես կապում են հենց այդ իրողության հետ:

No comments: