Saturday, January 15, 2011

2010-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳՆ օրակարգում

PanARMENIAN.Net – 15-1-2011- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում է:
2010 թ. մարտին Սիրիա ՀՀ նախագահի պաշտոնական այցելության շրջանակներում, նախագահը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված ծրագրային ելույթով հանդես է եկել Դեյր Զորում։
Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համատեքստում, 2010 թվականի դեկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳՆ Երևանում կազմակերպեց միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին ցեղասպանության հարցերով զբաղվող համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք գիտնականներ, հետազոտողներ և այլ մասնագետներ շուրջ երկու տասնյակ երկրներից:
Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ շուրջ չորս տասնյակ երկրներում անց են կացվել ոգեկոչման և հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, որոնց իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում ՀՀ արտգործնախարարը բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության մասին, մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման և դատարտման կարևորությունը:
2010 թ.ընթացքում արտգործնախարարությունը շարունակել է աջակցել ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերի իրագործմանը: Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները համապատասխան աշխատանք են տարել հայկական համայնքների և կրթօջախների ներկայացուցիչների հետ` ՀՀ կրթության և գիտության 2010-2011 թվականների ուսումնական տարում սփյուռքահայ դիմորդների ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հարցում:

No comments: