Saturday, January 15, 2011

ՍՑԵՆԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

«Լրագիր» 15-1-2011- Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որ հետեւել էր եվրոպական Նաբուկո գազատարի համար ադրբեջանական գազի մատակարարման մասին պայմանագրի ստորագրմանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե մանոել Բարոզոն իմիջիայլոց հայտարարեց, թե Եվրամիությունը հանդես է գալիս երկրների տարածքային ամբողջականության օգտին եւ ցանկանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Բարոզոյի հայտարարությունն ընկալվեց որպես Բաքվի դիվանագիտական հաղթանակ եւ այն բանի վկայություն, որ Բաքուն համաձայնել է գազ մատակարարել Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու Եվրամիության խոստման դիմաց: Սակայն, Բարոզոյի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ալիեւը որեւէ խոստման չի հասել: Բարոզոն ընդամենը դիվանագիտական քայլ է արել, որի տակ նույնիսկ Ալիեւը չի կարող դիտարկել կոնկրետ գործողություններ:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արդեն վաղուց միջազգային հանրության համար այն չէ, ինչ ենթադրում է Ադրբեջանը (1988 թ. սահմաններ): Համաշխարհային հանրությունն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին, որոնց էությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումն է 1988 թ. եւ նույնիսկ 1991 թ. սահմաններով: Խոսքը Լեռնային Ղարաբաղի անջատման մասին է, եւ ներկայում քննարկվում է ոչ թե անջատման փաստը, այլ ընդամենը սահմանները, որոնցում այդ անջատվելը պետք է տեղի ունենա: Հակառակ պարագայում Եվրամիությունը կհայտարարեր, թե չի աջակցում բանակցություններին եւ գտնում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է:
Ավելին, Ադրբեջանն ինքն է իր տարածքային ամբողջականությունն ընկալում որպես բավական ամորֆ եւ վիճելի հասկացություն: Հակառակ դեպքում, Բաքուն կհրաժարվեր բանակցությանը մասնակցելուց, որին քննարկվում է մի տարածքի անջատման հարց, որն Ադրբեջանը տարածքային ամբողջականության “վարկածներից մեկով” համարում է իրենը:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության տարբեր “վարկածների” առկայության, իր տարածքի սահմանների վերաբերյալ Բաքվի դիրքորոշման բացակայության պայմաններում ամբողջականության մասին բոլոր հայտարարությունները կարելի է ընկալել որպես դիվանագիտական ժեստեր:

Բացի այդ, եթե “Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու” ցանկությունն անկեղծ է եւ ունի կոնկրետ պայմանավորվածություն, Բարոզոն պետք է հայտարարի, թե ինչ մեթոդներով է դա “ցանկանալու”: Արդյոք Եվրահանձնաժողովը հավանություն կտա հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ալիեւի մտադրությանը, կամ գուցե Եվրոպան “խաղաղարարնե՞ր” կուղարկի գազի իր մատակարարին օգնության: Կամ էլ, Եվրահանձնաժողովը կոչ կանի Ֆրանսիային հրաժարվե՞լ Մինսկի խմբում համանախագահի մանդատից:

Այս բոլոր մեխանիզմների անիրական լինելը նույնպես խոսում է այն բանի օգտին, որ Բաքվին պարզապես ստիպել են ստորագրել պայմանագիր, խորհուրդ տալով որոնել ոչ թե քաղաքական, այլ կոմերցիոն օգուտ:

Ավելին, պայմանագրի ստորագրումը կարող է հանգեցնել “վրացական” ելքի: Բաքվի փաստացի համաձայնությունը` Ռուսաստանի առաջարկներից հրաժարվելու եւ դեպի Արեւմուտք թեքվելու, նշանակում է Ադրբեջանի աշխարհքաղաքական դիրքորոշման փոփոխություն: Վրաստանը, որը նույնպես մի քանի տարի առաջ Արեւմուտքի օգտին արեց ընտրություն, ստիպված է հնգօրյա պատերազմի ճանապարհով “հրաժարվել” այն բանից, ինչը վաղուց իրեն չէր պատկանում: Վերջերս Սահակաշվիլին ստիպված էր հայտարարել, որ մտադիր չէ Օսիան եւ Աբխազիան վերադարձնել ուժով: Թերեւս, նման սցենար պատրաստվում է Ադրբեջանի համար: Թեեւ, նա հնարավորություն ունի առանց արյունահեղության եւ կամավոր հրաժարվել այն բանից, ինչ իրեն չի պատկանում:

Այդ պատճառով, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, եվրոպացի չինովնիկները պետք է ճշտեն, թե որ թվականի իրականությունն ի նկատի ունեն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: