Wednesday, January 19, 2011

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ

«Լրագիր» 19-1-2011- Կարծես թե արդեն պարզ է, թե առաջիկա ընտրական փուլում իշխանությունն ինչ “ճաշացանկ” է մատուցելու հանրությանը: Ավելի ճիշտ, կարելի է ասել, որ մատուցվելու է մի ճաշ, որի մեջ սակայն ինչ ասես չի լինելու` աջափ-սանդալ: Ընդ որում, խոսքը թե ընտրության ընթացքում հրապարակ իջած կամ իջեցվելիք դերակատարների, թե հնարավոր սցենարների բազմության մասին է: Այդ բազմությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա հնարավորինս արդյունավետ եւ ամբողջական վերահսկել իրադարձությունները, հանրային ու քաղաքական տրամադրությունները: Ահա այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, նախագահի նստավայրն առաջիկա ընտրություններին ընդառաջ հրապարակ կհանի բազմաթիվ դեմքերի` մոռացված, գուցե նույնիսկ կորած, ու բազմաթիվ սցենարներ:
Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ իքս անձին հրավիրեն նախագահի նստավայր, տան հանձնարարությունը, տան այն կատարելու փողը եւ ասեն` գնա ու կատարիր: Ամեն ինչ իհարկե այդ աստիճան պարզունակ չէ: Ի վերջո, Հայաստանի հասարակական-քաղաքական հոգեբանությունը կարծես թե բավական ուսումնասիրված է տարիներ շարունակ առանցքային պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանի եւ նրա շրջապատի համար: Այդ հոգեբանությունը ենթադրում է, որ էֆեկտը կարող է շատ ավելի մեծ լինել անուղղակի գործողությունների, քան ուղղակի ցուցումների ու հրահանգների դեպքում:

Ասենք, ոչ թե կանչում են իքս անձին նախագահի նստավայր կամ որեւէ այլ տեղ եւ ցուցում տալիս, այլ այդ իքս անձի մոտ ուղարկում են մի ինչ որ սուբյեկտի, ով ինչ որ այլ խոսակցության ընթացքում, սուրճի սեղանի շուրջ, իմիջիայլոց, ասում է, թե ասենք նախագահի նստավայրում մտածում են իքս անձին խորհրդարանի մուտքի թույլտվություն տալու մասին, եթե նա հանկարծ չմիանա իգրեկ անձին կամ ուժին: Վերջ, այդ իքս անձն արդեն գտնվում է նախագահի նստավայրի լիակատար տիրապետության տակ եւ երբեք չի միանա որեւէ մեկին, մինչեւ որ ընտրությունից հետո կտեսնի, որ իրեն պարզապես խաբել են, ընդ որում, շատերին հերթական անգամ:

Դա Հայաստանում գերիշխող հասարակական-քաղաքական հոգեբանության շահարկման հնարավորությունների մի օրինակ էր: Մինչդեռ իշխանությունը տիրապետում է բազմաթիվ այլ օրինակների, որոնց խաղարկման հարցում կարելի է թերեւս չկասկածել: Այդպես հրապարակում կհայտնվեն օրինակ մեկը մեկից ուժգին ներիշխանական դավադրության վարկածներ, մեկը մեկից անհավանական առուծախի մասին տեղեկություններ, կադրային աներեւակայելի նշանակումների մտադրությունների վերաբերյալ խոսակցություններ, գալիք խորհրդարանի հիմնական ու պահեստային տարատեսակ կազմեր:

Այդ ամենը Սերժ Սարգսյանին պետք է իրավիճակի “սեւ-սպիտակացում” թույլ չտալու, դրա հավանականությունը հնարավորինս նվազեցնելու համար: Ինչքան շատ լինեն սուբյեկտներն ու սցենարները եւ դրանցով զբաղվողները, այնքան ընդհանուր հասարակական-քաղաքական դաշտի դիմադրունակությունը թուլանալու է: Իսկ իշխանությանն էլ պետք է հենց դա: Ու այդ գործում իշխանության հաջողության հավանականությունը բավական մեծ է, որովհետեւ Հայաստանում այժմ կարծես թե օրակարգային վակուում է, երբ բոլորը խոսում են նույն խնդրի մասին, բայց մեծամասնությունը մտածում է բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ: Դա հատկապես վերաբերում է քաղաքական ուժերին: Նրանց զգալի մեծամասնության շուրթերը հանրային շահին են, իսկ հայացքը` իշխանության շուրթերին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: