Wednesday, January 19, 2011

Ընդդիմադիր գործիչ. ՀՀ իշխանությունները Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները պետք է վերահասցեագրեն նաեւ իրենց

News.am. 19-1-2011- Քանի դեռ Թուրքիան ռեալ քայլեր չի ձեռնարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում, այդ երկիրը պատրաստ չէ որեւէ նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսում հնչած ելույթին։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի համար արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ Թուրքիան մի երկիր է, որը մշտապես առաջնորդվելու է խորամանկության սկզբունքով եւ խուսափելու է կրել թուրք ժողովրդի պատմական մեղքը։
Ըստ Լ. Սարգսյանի, ՍԴՀԿ-ն հայ-թուրքական դիվանագիտության մեկնարկից սկսած տարբեր առիթներով հաճախ էր ազդարարում, որ Թուրքիան շարունակում է վարել խաբեության քաղաքականություն, ինչպես որ դարեր շարունակ։ «Այդ երկիրը անընդհատ պիտի խորամանկի, որպեսզի առավելագույնս կարողանա օգտագործել Հայաստանի թերացումները արտաքին քաղաքականության մեջ եւ օգուտներ քաղել դրանցից։ Հետեւապես՝ այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները առաջին հերթին պետք է ուղղվեին հենց իրենց՝ ՀՀ իշխանություններին։ Քանի որ հենց նրանց անհեռատեսության հետեւանքով է, որ ի սկզբանե տապալված գործընթացը երկու տարի անիմաստ ձգձգվեց եւ այսօր փաստի առաջ կանգնեցրեց Հայաստանի պետությանը»,-հայտարարեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է դաս լինի ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս հաջորդ անգամ նման բախտախնդրության չգնան։
«Պետք է դադարեցնել որեւէ բանակցություն Թուքիայի հետ եւ ավելի խստացնել նախապայմանները»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը։

No comments: