Monday, January 10, 2011

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՔ ՕԵԿ-Ը

Վերջին շրջանում շատերն են արձանագրում, որ իշխանական կոալիցիայում նկատվում է ՕԵԿ դիրքերի առաջխաղացման միտում, որ դրսեւորում է նախագահի նստավայրը: Կա նույնիսկ տեսակետ, թե այդ կուսակցությանը փորձում են ուժեղացնել խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Տեսակետ կա նաեւ, թե դրանով Սերժ Սարգսյանը փորձում է Բարգավաճ Հայաստանին զրկել մանեւրի հնարավորությունից եւ ցույց տալ, որ եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, ապա ոչ մի ողբերգություն էլ չի լինի, քանի որ ՕԵԿ-ը կա ու կա:
Այդ ամենը թերեւս իրականության մի փոքր պարզունակ ընկալում է: Անշուշտ, վերջին ամիսներին նկատելի է, որ իշխանությունը որոշակի քայլեր կատարում է ՕԵԿ դերակատարության բարձրացման ուղղությամբ: Այդ կուսակցության անդամ են դառնում թաղային հեղինակություններ` Խուճուճ Էդոյի կարգի, որը ՀՀԿ հեղինակություններից մեկի` Թոխմախի Մհերի խնամին է, որը Էրեբունիում նոր շենք է բացում ՕԵԿ-ի համար: Այդ կուսակցություն են վերադառնում “ընդդիմություն” դառնալու տարում կուսակցությունը լքած որոշ գործարարներ, նաեւ նոր գործարարներ են անդամագրվում: Իսկ այդպիսի բաներն իհարկե չեն կարող տեղի ունենալ առանց նախագահի նստավայրի հավանության, եթե չասենք, որ տեղի են ունենում հենց նախագահի նստավայրի նախաձեռնությամբ:
Բայց այդ ամենի մեջ ՕԵԿ ուժեղացում տեսնելը թերեւս մի փոքր հարաբերական է: Այդ ամենի մեջ պետք է տեսնել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ դիրքերի ուժեղացում, ինչի համար ՕԵԿ-ը պարզապես ծառայում է որպես “մարմին”, “տարածք”, “պոլիգոն”: Այն, ինչ չի տեղավորվում, կամ դրանից բացի էլ այն, ինչ PR տեսանկյունից ցանկալի չէ տեղավորել ՀՀԿ մեջ, Սերժ Սարգսյանը տեղավորում է ՕԵԿ-ում: Բայց այդ ամենը ծառայելու է ՀՀԿ-ին, ոչ թե ՕԵԿ-ին: Այլ կերպ ասած, պահպանելով ՕԵԿ անունը, ՕԵԿ-ում պահպանելով այդ կուսակցության հետ կապված որոշ անուններ, Սերժ Սարգսյանը իրականում ՕԵԿ-ը դե ֆակտո վերածում է ՀՀԿ-ի, ստեղծելով ՀՀԿ յուրօրինակ “օեկթեւ”:

Դրա վառ վկայությունը այդ կուսակցության նախարարական քվոտաների տնօրինումն է: ՕԵԿ-ին են տրված արտակարգ իրավիճակների, կապի ու տրանսպորտի, գյուղատնտեսության նախարարությունները: Արտակարգ իրավիճակների եւ կապի ու տրանսպորտի զուտ ՕԵԿ-ական նախարարները նախորդ տարի պաշտոնանկ եղան ու նրանց փոխարեն նշանակվեցին նախարարներ, որոնք մինչ այդ ՕԵԿ գործունեության հետ մեղմ ասած առնչություն չէին ունեցել` Արմեն Երիցյան` նախկին փոխոստիկանապետ, եւ Մանուկ Վարդանյան` կադաստրի նախկին պետ: Հիմա էլ գյուղնախարարի պաշտոնը տրվում է Արտաշատի պահածոների գործարանի` Արտֆուդի տնօրենին: Կապ ունի՞ արդյոք նա ՕԵԿ հետ: Ֆորմալ առումով հայտարարվում է, որ նա ՕԵԿ անդամ է, բայց իրականում ով չգիտե, թե որ “կուսակցությունն” է իշխողը Արտաշատում եւ ով է այդ “կուսակցության” ղեկավարը: Շատերը թերեւս իրավացիորեն մտածեցին Հովիկ Աբրահամյանի մասին:

Այդպիսով, ՕԵԿ նախարարական քվոտաներով նախարար են դարձել անձինք, ովքեր դե յուրե ՕԵԿ անդամ են, սակայն դե ֆակտո շատ շատ դժվար է նրանց ՕԵԿ-ական համարելը: Իսկ գուցե արդեն հենց նրանք են ՕԵԿ-ական, ոչ թե ասենք այն մարդիկ, ովքեր մինչ այժմ համարվել են ՕԵԿ-ականներ: Չի բացառվում, որ նախարարական քվոտաներն Օրինաց երկրի համար ընդլայնվեն, եւ դրանցով ՕԵԿ անվան տակ կառավարության անդամ դառնան մարդիկ, որոնք ՕԵԿ-ի հետ կապ ունեն այնքան, ինչքան կապ ունեն ասենք Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:

Ու չի բացառվում, որ հենց նույն սկզբունքը կիրառվի նաեւ խորհրդարանի ընտրությանը, ու ՕԵԿ-ի անվան տակ նոր խորհրդարանում տեղ ունենան բացառապես Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ուղեծրում գործած ու գործող անձինք: Հենց դա է ՕԵԿ նշանակությունը Սերժ Սարգսյանի համար: Սարգսյանը թերեւս շատ լավ գիտե, որ գործնականում որեւէ քաղաքական տեխնոլոգիա անկարող է վերակենդանացնել ՕԵԿ-ն ու այն դարձնել քաղաքական գործիք: Ավելի շուտ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեստավրացիան, քան Օրինաց երկրի: Այդ կուսակցությունը Սերժ Սարգսյանի համար քաղաքական որեւէ նշանակություն այլեւս չունի: Այն ընդամենը ծառայում է որպես “օրգանների” յուրօրինակ բանկ իշխանության համար:

Նախագահի նստավայրը շատ լավ հասկանում է, որ որեւէ մեկին հնարավոր չէ խաբել ՕԵԿ-ով, գրավել ՕԵԿ-ով, համոզել ՕԵԿ-ով: Բայց, եթե այդ առումով ՕԵԿ-ը դարձել է գործնականում գործածության համար ոչ պիտանի ուժ, ապա օրինակ այդպիսի ՕԵԿ-ը մեկ այլ բանի համար կարող է լինել չափազանց պիտանելի: Ասենք խոսքը կարող է լինել խորհրդարանի ընտրությանը իշխանության համար ցանկալի արդյունք ապահովելու գործում սեւագործ աշխատանքի զգալի մասը ՕԵԿ-ի վրա դնելու մասին: Եվ թերեւս հենց այդ է ՕԵԿ հայտնի համալրումների բուն նպատակը:

Սերժ Սարգսյանը թերեւս կձգտի կրակից ինչքան հնարավոր է շատ շագանակներ հանել հենց ՕԵԿ ձեռքով, քանի որ միեւնույն է, այդ ձեռքն այլեւս բռնող չկա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: